Ասիա (հին հունարեն՝ Ἀσία (Asía)), Երկրագնդի վեց աշխարհամասերից մեկը[Ն 1][3][4]: Թե տարածքով, և թե բնակչությամբ աշխարհի ամենամեծ աշխարհամասն է[4]։ Ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 44 միլիոն քառակուսի կիլոմետր[Ն 2], ինչը կազմում է Երկրագնդի ցամաքային տարածքի մոտ 30%-ը ու Երկիր մոլորակի ընդհանուր տարածքի 8%-ը։ Աշխարհամասը, որտեղ դարեր շարունակ ապրել է Երկրագնդի բնակչության մեծ մասը[5], եղել է առաջին քաղաքակրթությունների բնօրրանը։ Երկրագնդի բնակչության շուրջ 60%-ը՝ մոտ 4,7 միլիարդ մարդ, ապրում է հենց այս աշխարհամասում[6][7]։
Քանի որ պատմականորեն Ասիա տեղանունը տրվել է այն տարածքին, որը գտնվել է Եվրոպայից դեպի արևելք, ապա ստացվում է, որ Ասիան Եվրասիայի մնացած հսկայական տարածքն է՝ հանած Եվրոպան։ Այդ իսկ պատճառով, հենց Ասիան է դարձել աշխարհագրական այն տարածքը, որը եղել է տարբեր քաղաքակրթությունների և մշակույթների բնօրրան, որոնք էականորեն տարբերվում են միմյանցից։ Իսկ Եվրոպայի հետ սահմանն ինչ-որ չափով պայմանական է և փոփոխվել է անտիկ ժամանակներից ի վեր։ Եվրասիա մայրցամաքի բաժանումը երկու աշխարհամասերի արտացոլում է արևելք-արևմուտք մշակութային տարբերությունները, իսկ դրանց առնչվող քաղաքակրթություններից մի քանիսը տարբերվում են ամբողջությամբ:
Ասիայի և Եվրոպայի միջև անցնող սահմանի իրենց պատմական սահմանումներն են տվել նաև եվրոպացի գիտնականները[22]։
1730 թվականին Շվեդիայում, Պետրոս I-ի մահվանից 5 տարի անց, Ֆիլիպ Յոհան ֆոն Ստրալենբերգը հրատարակեց նոր ատլաս, որով Եվրոպայի և Ասիայի միջև սահմանն անցնում էր Ուրալյան լեռներով։ Վասիլի Տատիշչևը հայտարարեց, որ ինքն է այդ գաղափարը տվել ֆոն Ստրալենբերգին։ Վերջինս ի սկզբանե առաջարկել էր որպես ստորին սահմանագիծ դիտարկել Էմբա գետը։ Հաջորդ դարի ընթացքում ի հայտ եկան սահմանագծի վերաբերյալ նոր առաջարկներ. մինչև 19-րդ դարի կեսերը գերակշիռ դարձավ սահմանն Ուրալ գետով անցկացնելու մոտեցումը։ Սահմանը կամա թե ակամա Սև ծովից տեղափոխվեց Կասպից ծով, որտեղ թափվում է Ուրալ գետը[23]։ Սև և Կասպից ծովերի միջև ընկած տարածքում Եվրոպայի և Ասիայի միջև սահմանը սովորաբար անցնում է Կովկասյան լեռներով՝ չնայած երբեմն այն դիտարկվում է նաև ավելի հյուսիս[22]։
Ասիայի և Օվկիանիայի սահման
Ասիայի և Օվկիանիայի միջև սահմանագիծը սովորաբար մատնանշվում է ինչ-որ մի տեղ Ինդոնեզիայի արշիպելագում, մասնավորապես՝ Արևելյան Ինդոնեզիայում։ Ուոլեսի գիծը Ասիան բաժանում է Ուոլեսիա կենսաաշխարհագրական շրջանից։ Վերջինս Ասիայի և Ավստրալիայի մայրցամաքային ծանծաղուտների միջև խորը ջրային նեղուցներով անցման գոտի է։ Վեբերի գիծն էլ տարածաշրջանը բաժանել է երկու մասի՝ ասիական կամ ավստրալապապուական ծագման կենդանական աշխարհների միջև հավասարակշռության համար[24]։ Սահուլի հետ Ուոլեսիայի արևելյան սահմանագիծն անցնում է Լիդեքերի գծով[25][26]։ Հաճախ ենթադրվում է, որ Մոլուքյան կղզիները՝ բացառությամբ Արու կղզիների, գտնվում են Հարավարևելյան Ասիայի սահմանին, իսկ Արու կղզիները և Արևմտյան Նոր Գվինեան, որոնք գտնվում են Լիդեքերի գծից դեպի արևելք, ամբողջությամբ գտնվում են Օվկիանիայի կազմում, քանի որ երկուսն էլ ընկած են Ավստրալական մայրցամաքային սալի վրա[24]։ Մշակութային տեսանկյունից Ուոլեսիայի տարածաշրջանը ներկայացնում էր ավստրոնեզիացիների և մելանեզիացիների միջև անցման շրջան՝ երկուսի միջև միախառնման տարբեր աստիճաններով։ Ընդհանուր առմամբ, ինչքան դեպի արևմուտք ու ափամերձ է կոնկրետ տարածաշրջանը, այնքան ավելի ուժեղ է ավստրոնեզիական ազդեցությունը, և որքան արևելք ու դեպի խորքերն է կոնկրետ տարածաշրջանը, ապա այնքան ավելի ուժեղ է մելանեզիական ազդեցությունը[27]։ «Հարավարևելյան Ասիա» և «Օվկիանիա» տերմինները ծագել են 19-րդ դարում ու կիրառումից ի վեր ունեցել աշխարհագրական տարբեր իմաստներ։ Հիմնական գործոնը հասկանալու համար, թե Ինդոնեզիական արշիպելագի որ կղզիներն են համարվում ասիական, եղել է այնտեղ տարբեր կայսրությունների գաղութային տարածքները (ընդ որում, ոչ բոլորն են եղել եվրոպական): Լյուիսը և Ուիգենը պնդում են, որ Հարավարևելյան Ասիայի սահմանների նեղացումը մինչև իր ներկայիս սահմաններ եղել է աստիճանական գործընթաց[28]։
Բերինգի նեղուցը և Բերինգի ծովը բաժանում են Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի ցամաքային տարածքները, ինչպես նաև ձևավորում Ռուսաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային սահմանները։ Ազգային և մայրցամաքային այս սահմանագիծը բաժանում է Բերինգի նեղուցում գտնվող Դիոմիդի կղզիները, ինչի արդյունքում Մեծ Դիոմիդի կղզին (Ռատմանովի կղզի) պատկանում է Ռուսաստանին, իսկ Փոքր Դիոմիդի կղզին (Կրուզենշտերնի կղզի)՝ ԱՄՆ-ին։ Ալեուտյան կղզիները կղզեխումբ են, որոնք Ալյասկա թերակղզուց ձգվում են դեպի արևմուտք՝ Ռուսաստանին պատկանող Կոմանդորյան կղզիներ և Կամչատկա թերակղզի։ Դրանց մեծ մասը մշտապես ասոցացվում են Հյուսիսային Ամերիկայի հետ՝ բացառությամբ ամենաարևմտյան մասում գտնվող Մերձակա կղզիների, որոնք գտնվում են Ասիայի մայրցամաքային սալի վրա՝ Հյուսիսային Ալեուտյան ավազանից դուրս ու հազվադեպ դեպքերում կարող են ասոցացվել Ասիայի հետ, ինչի պատճառով ամերիկյան Ալյասկա նահանգը, ինչպես նաև ողջ Միացյալ Նահանգներն ինքնին, կարող է դիտարկվել որպես միջաշխարհամասային կամ միջմայրցամաքային երկիր։ Ալեուտյան կղզիները երբեմն ասոցացվում են նաև Օվկիանիայի հետ։ Պատճառն այն է, որ դրանք մեծ հաշվով գտնվում են Խաղաղ օվկիանոսին հարող ավազանում, ինչպես նաև մոտ են Խաղաղօվկիանոսյան սալին[29][30][31]։ Սակայն սա խիստ հազվադեպ հանդիպող տեսակետ է, քանի որ Ալեուտյան կղզիներն ունեն ոչ արևադարձային կենսաաշխարհագրություն, իսկ կղզեխմբի բնակիչները պատմականորեն առնչվում են բնիկ ամերիկացիներին[32][33]։
Բերինգի ծովի հյուսիսային հատվածում գտնվող Սուրբ Լավրենտիոսի կղզին պատկանում է Ալյասկային ու կարող է ասոցացվել նաև Ասիա աշխարհամասի հետ, սակայն մշտապես համարվում է որպես Հյուսիսային Ամերիկայի մաս, ինչպես օրինակ Առնետի կղզիները, որոնք գտնվում են Ալեուտյան կղզեխմբում։ Ամենամոտ կետերում Ալյասկան ու Ռուսաստանը միմյանցից հեռու են ընդամենը 4 կիլոմետրով։
Գործող սահմանում
Աշխարհագրական Ասիան աշխարհի մասին եվրոպական գաղափարների մշակութային արդյունքն է՝ սկսած հին հույներից, որն ավելի ուշ փոխանցվեց նաև մյուս ժողովուրդներին ու մշակույթներին։ Սա ոչ ճշգրիտ հասկացություն է, որն առաջացնում է համատարած բանավեճ այն մասին, թե ինչ է դա նշանակում։ Ասիան այդքան էլ չի համապատասխանում իր տարբեր բաղադրիչների մշակութային սահմաններին[34]։
Հերոդոտոսի ժամանակներից ի վեր աշխարհագրագետների փոքրամասնությունը հերքել է երեք աշխարհամասերի (Եվրոպա, Աֆրիկա, Ասիա) համակարգն այն պատճառով, որ դրանց միջև չկա էական ֆիզիկական բաժանում[35]։ Օրինակ՝ Օքսֆորդի համալսարանի եվրոպական հնագիտության վաստակաշատ պրոֆեսոր, սըր Բարրի Քանլիֆը պնդում է, որ աշխարհագրական և մշակութային տեսանկյունից Եվրոպան ուղղակի «ասիական աշխարհամասի արևմտյան ելուստն է»[36]։
Աշխարհագրական տեսանկյունից Ասիան Եվրասիա մայրցամաքի արևելյան խոշոր մասն է, մինչդեռ Եվրոպան մայրցամաքի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող թերակղզի է։ Հատկապես արևմտյան մասնագիտական գրականության մեջ Ասիան, Եվրոպան ու Աֆրիկան միասին ձևավորում են մեկ միասնական ցամաքային տարածք՝ Աֆրոեվրասիան ու կիսում ընդհանուր մայրցամաքային ծանծաղուտը։ Եվրոպայի գրեթե ողջ տարածքը և Ասիայի մեծ մասն ընկած են Եվրասիական սալի վրա, որը հարավից սահմանակից է Արաբական և Հնդկական սալերին, իսկ Սիբիրի ծայր արևելյան հատվածը (Չերսկու լեռնաշղթայից արևելք) գտնվում է Հյուսիսամերիկյան սալի վրա։
Ստուգաբանություն
«Ասիա» տերմինի ծագումը վերագրվում է բրոնզե դարաշրջանի«Ասուվա» տեղանվանը (խեթերեն՝ 𒀸𒋗𒉿, ռոմանականացված՝ aš-šu-wa)։ Սկզբնապես այն վերաբերել է միայն հյուսիսարևմտյան Անատոլիայի մի հատվածին։ Խեթական արձանագրություններում հանդիպող այս տերմինը պատմում է, թե ինչպես է Ասուվայի պետությունների համադաշնությունը, այդ թվում՝ Տրոյան, մոտավորապես մ.թ.ա. 1400 թվականին անհաջող ապստամբել խեթական թագավոր Թուդխալիա I-ի դեմ[37][38][39]։ Գրեթե ժամանակակից գծային B գրով փաստաթղթերում հանդիպում է «aswia» տերմինը (միկենյան հունարեն՝ «𐀀𐀯𐀹𐀊», ռոմանականացված՝ «a-si-wi-ja»)։ Այս բառը, ըստ երևույթին, վերաբերում է Ասուվայում գերեվարված անձանց[40][41]։
Հերոդոտոսը «Ասիա» տերմինն օգտագործել է Անատոլիայի և Աքեմենյան կայսրության տարածքները բնորոշելու և դրանք Հունաստանից ու Եգիպտոսից տարբերակելու համար։ Նա նշել է, որ ըստ հույների՝ այն կոչվել է Պրոմեթևսի կնոջ անունով։ Լիդիացիները, սակայն, պնդում են, որ անվանումն առաջացել է Կոտիսի որդի Ասիեսի անունից, որի պատվին հետագայում կոչվել է Սարդիսում բնակվող ցեղերից մեկը[42]։ Հունական դիցաբանության մեջ «Ասիա»-ն (Ἀσία կամ Ἀσίη) Լիդիա աստվածուհու նիմփաներից կամ տիտաններից մեկի անունն էր[43]։ Հոմերոսին վերագրվող «Իլիական»-ում հիշատակվում են երկու փռյուգիացիներ՝ Ասիոս անունով, որը նշանակում է «ասիական»[44]։ Նույն ստեղծագործության մեջ «ասիոս» (ασιος) է կոչվում նաև Լիդիայում գտնվող մի ճահճոտ ցածրավայր[45]։
Հետագայում «Ասիա» տերմինը սկսեց օգտագործվել հռոմեացիների կողմից, որոնք այդպես կոչեցին արևմտյան Անատոլիայում գտնվող նահանգներից մեկը[46]։ Պլինիոս Ավագն առաջիններից մեկն էր, որ այս անվանումը կիրառեց ամբողջ մայրցամաքը բնորոշելու համար[47]։
Ասիայի պատմությունը բաղկացած է աշխարհամասի առանձին հատվածների՝ Արևելյան, Հարավային, Հարավարևելյան, Կենտրոնական և Արևմտյան Ասիաների պատմություններից։ Ասիայի այս առանձին տարածաշրջանները դարձել են մարդկությանը հայտնի աշխարհի հնագույն քաղաքակրթությունների օրրան։ Միջագետքի, Ինդոս գետի հովտի և Հուանհե գետի քաղաքակրթությունները շատ նմանություններ ունեն։ Յուրաքանչյուր քաղաքակրթություն ձևավորվել է բերրի գետահովիտների շուրջ։ Միջագետքի, Ինդոս գետի հովտի և Հուանհե գետի քաղաքակրթությունները, միմյանց հետ առևտրի և փոխգործակցության արդյունքում, փոխանակել են մի շարք կարևոր տեխնոլոգիաներ և գաղափարներ, ինչպիսիք են մաթեմատիկան և անիվը։ Սակայն որոշ նորարարություններ, օրինակ՝ գրերը, ըստ երևույթին, յուրաքանչյուր տարածքում զարգացել են առանձին-առանձին։ Այս բերրի ցածրավայրերում աստիճանաբար ձևավորվել և զարգացել են քաղաքներ, պետություններ և կայսրություններ։
Ասիայի կենտրոնական տափաստանային շրջանը դարեր շարունակ եղել է ձիավոր քոչվորների բնակավայրը։ Այս քոչվորները կարողացել են հասնել Ասիայի գրեթե բոլոր անկյունները։ Հնդեվրոպացիները համարվում են տափաստաններից դուրս եկած առաջին խոշոր խումբը։ Նրանք իրենց լեզուները տարածեցին Արևմտյան և Հարավային Ասիայում՝ նույնիսկ հասնելով մինչև Չինաստանի սահմանները, որտեղ բնակվում էին թոխարները։ Սակայն Ասիայի ամենահյուսիսային մասը՝ ներառյալ Սիբիրի մեծ հատվածը, մնաց գրեթե անհասանելի տափաստանային քոչվորների համար։ Խիտ անտառները, խիստ կլիման և տունդրան անանցանելի խոչընդոտներ էին նրանց համար։ Արդյունքում, այս հսկայական տարածքները երկար ժամանակ շատ նոսր էին բնակեցված։
Կենտրոնական շրջանները և ծայրամասերը հիմնականում բաժանված էին լեռներով և անապատներով: Կովկասյան ու Հիմալայան լեռնաշղթաները, ինչպես նաև Կարակումի և Գոբի անապատները լուրջ խոչընդոտներ էին, որոնք տափաստանային ձիավորները միայն մեծ դժվարությամբ էին կարողանում հաղթահարել: Թեև քաղաքաբնակները տեխնոլոգիապես և սոցիալապես ավելի զարգացած էին, հաճախ նրանք ռազմական առումով անզոր էին տափաստանների հեծյալ հորդաների դեմ: Սակայն ցածրավայրերում բավարար խոտհարքներ չկային մեծ հեծյալ ուժեր պահելու համար: Այս և այլ պատճառներով քոչվորները, որոնք Չինաստանում, Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում նվաճում էին պետական տարբեր կազմավորումներ, հաճախ իրենք էին մնում և հարմարվում տեղի՝ ավելի բարեկեցիկ հասարակությունների կյանքին:
Մարդկության պատմության մեջ ամենաավերիչ համավարակներից մեկը՝ սև մահը, ենթադրաբար առաջացել է Կենտրոնական Ասիայի չոր հարթավայրերում, որտեղից այն հետո տարածվեց Մետաքսի ճանապարհով[52]:
Նոր դարաշրջան
16-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրությունը վերահսկողություն հաստատեց Անատոլիայի, Մերձավոր Արևելքի մեծ մասի, Հյուսիսային Աֆրիկայի և Բալկանների նկատմամբ: Նույն ժամանակաշրջանում՝ 16-րդ դարում, իսլամադավան Մեծ մողոլների կայսրությունը (որին նախորդել էր Դելիի սուլթանությունը՝ 13-րդից մինչև 16-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում) գերիշխանություն ուներ Հնդկաստանի մեծ մասի նկատմամբ[53]: 17-րդ դարում տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ. մանջուրները նվաճեցին Չինաստանը և հիմնեցին Ցին դինաստիան, իսկ Ռուսական կայսրությունը սկսեց ընդլայնվել դեպի Ասիա: Ռուսական այս ընդլայնումը շարունակվեց մինչև 19-րդ դարի վերջը, երբ այն վերջնականապես վերահսկողություն հաստատեց ամբողջ Սիբիրի և Կենտրոնական Ասիայի մեծ մասի նկատմամբ: 18-րդ դարում Մարատհական կայսրությունն էլ իր հերթին վերահսկողություն հաստատեց Հնդկաստանի զգալի հատվածի նկատմամբ[54]:
1757 թվականի Փլեսիի ճակատամարտի հետևանքները, որոնք ի վերջո հանգեցրին Բրիտանական Հնդկաստանի ձևավորմանը:
Արևմտյան տերությունները բաժանում են Չինաստանը, 1898 թվական։
18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Արևմուտքում տեղի ունեցող Արդյունաբերական հեղափոխությունը զուգադիպեց Ասիայում արևմտյան իմպերիալիզմի ծավալման հետ: Այս գործընթացը հանգեցրեց Հնդկաստանի և Չինաստանի՝ որպես աշխարհի առաջատար տնտեսությունների իրենց տեղը զիջելուն[55]: Բրիտանական կայսրությունն առաջինն էր, որ գերիշխող դիրք գրավեց Հարավային Ասիայում: Սկզբում բրիտանացի առևտրականները նվաճեցին տարածաշրջանի մեծ մասը, իսկ 1857 թվականի ապստամբության ձախողումից հետո Հարավային Ասիան անցավ բրիտանական ուղիղ կառավարման տակ: Եվրոպական ազդեցությունն Ասիայում էլ ավելի ուժեղացավ 1869 թվականին Սուեզի ջրանցքի կառուցման ավարտից հետո, ինչը զգալիորեն հեշտացրեց բրիտանացիների մուտքը դեպի Հնդկաստան[56]: Նույն ժամանակահատվածում արևմտյան տերությունները սկսեցին գերիշխել նաև Չինաստանում: Այս շրջանը հետագայում հայտնի դարձավ որպես «նվաստացման դար»: Բրիտանիայի կողմից հովանավորվող ափիոնի առևտուրը և դրան հաջորդած Ափիոնային պատերազմները Չինաստանը դրեցին տնտեսական աննախադեպ իրավիճակի մեջ, երբ երկիրն ավելի շատ ներմուծում էր, քան արտահանում[57][58]:
19-րդ դարի վերջին՝ Մեյձիի դարաշրջանում, Ճապոնիան արագ վերելք ապրեց: Այս ժամանակահատվածում Ճապոնիան կիրառեց Արևմուտքից սովորած արդյունաբերական գիտելիքները՝ այդպիսով գերազանցելով Ասիայի մնացած մասին[59][60]: Այս զարգացումը հիմք դրեց Ճապոնական գաղութային կայսրության ձևավորմանը: Ճապոնիան սկսեց վերահսկել Արևելյան Ասիայի որոշ մասեր և կարճ ժամանակով՝ Հարավարևելյան Ասիայի մեծ մասը (որը նախկինում՝ 19-րդ դարի վերջին, անցել էր բրիտանացիների, հոլանդացիների և ֆրանսիացիների վերահսկողության տակ)[61], Նոր Գվինեան և Խաղաղօվկիանոսյան կղզիները: Ճապոնիայի այս ընդլայնումն էլ ավելի ուժեղացրեց օտարերկրյա գերիշխանությունը Չինաստանի նկատմամբ: Ճապոնիայի վրա նշանակալի ազդեցություն էր ունեցել Միացյալ Նահանգները, որը 19-րդ դարի սկզբից մինչև կեսերն ընկած ժամանակահատվածում՝ դեպի արևմուտք ընդլայնվելուց հետո, սկսել էր իր ազդեցությունը տարածել Խաղաղ օվկիանոսում[62]: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության անկումը հանգեցրեց նրան, որ Մերձավոր Արևելքը նույնպես դարձավ մրցակցության թիրախ և բաժանվեց բրիտանացիների ու ֆրանսիացիների միջև[63]:
Մերձավոր Արևելքում արաբական որոշ երկրներ տնտեսական առավելություն ստացան իրենց տարածքում հայտնաբերված նավթի հսկայական պաշարների շնորհիվ՝ դառնալով համաշխարհային ազդեցություն ունեցող պետություններ[68]: Սակայն տարածաշրջանի կայունությունը 1948 թվականից ի վեր խաթարվեց արաբա-իսրայելական հակամարտության և ամերիկյան միջամտությունների պատճառով[69][70]: Արևելյան Ասիայի երկրները՝ ներառյալ Հարավարևելյան Ասիայում գտնվող Սինգապուրը, տնտեսապես բարգավաճեցին՝ վագրային աճ գրանցած իրենց տնտեսությունների շնորհիվ[71]: Չինաստանը, Դեն Սյաոպինի ղեկավարությամբ իրականացնելով կապիտալիստական բարեփոխումներ[72], 21-րդ դարում դարձավ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը[73]: 1990-ականներին սկսված տնտեսական ազատականացման շնորհիվ` Հնդկաստանը ևս զգալի առաջընթաց արձանագրեց[74], ինչի արդյունքում ծայրահեղ աղքատությունը նվազեց՝ հասնելով 20%-ից ցածր մակարդակի[75]: Սակայն Հնդկաստանի և Չինաստանի միաժամանակյա վերելքը հանգեցրեց երկու երկրների միջև լարվածության աճի, ինչի հետևանքով Չինաստանի և հակակշռող ուժերի միջև Հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը վերածվեց ակտիվորեն վիճարկվող տարածքի[76][77]:
Ասիան Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է։ Այն զբաղեցնում է Երկրի ընդհանուր տարածքի 8%-ը և ցամաքային տարածքի 30%-ը։ Ասիան ունի աշխարհում ամենաերկար ափագիծը՝ 62 800 կիլոմետր։ Ընդունված է ասել, որ Ասիան զբաղեցնում է Եվրասիա մայրցամաքի չորս հինգերորդ մասը։ Այն ընկած է Սուեզի ջրանցքից և Ուրալյան լեռներից դեպի արևելք, Կովկասյան լեռներից, Կումա-Մանիչի իջվածքից, Սև և Կասպից ծովերից դեպի հարավ[8][79]։ Արևելքից Ասիայի ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի, հարավից՝ Հնդկական օվկիանոսի, իսկ հյուսիսից՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերը։ Ասիան բաժանված է 49 երկրների միջև, որոնցից 5-ը միջաշխարհամասային երկրներ են և մասամբ գտնվում են նաև Եվրոպայի տարածքում։ Այդ երկրների թվում են Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ղազախստանը և Թուրքիան։ Հայաստանը միայն աշխարհագրորեն է գտնվում Ասիայի տարածքում, սակայն քաղաքական և մշակութային տեսանկյուններից կապված է Եվրոպայի հետ ու անդամակցում է համաեվրոպական մի շարք կառույցների։ Նույնը վերաբերում է նաև Վրաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին և Թուրքիային։
Մոնղոլիայի և Չինաստանի տարածքներում է գտնվում աշխարհի մեծությամբ չորրորդ՝ Գոբի անապատը։ Իսկ մեծությամբ երկրորդ՝ Արաբական անապատը ձգվում է Միջին Արևելքի գրեթե ողջ տարածքով։ Աշխարհամասի ամենաերկար գետը միայն Չինաստանի տարածքով հոսող Յանցզի գետն է։ Նեպալի և Չինաստանի միջև ընկած Հիմալայներն աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է։ Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը կամ Ջոմոլունգման։ Հարավային Ասիայի մեծ մասում տարածված են խոնավ արևադարձային անտառները, իսկ ավելի հյուսիսում՝ փշատերև և սաղարթախիտ անտառները։
Ասիայի տարածաշրջանային (ռեգիոնալ) բաժանման վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ։ Ասիայի ստորև ներկայացված բաժանումը, ի թիվս այլոց, կիրառվում է նաև Միավորված ազգերի կազմակերպությանվիճակագրության բաժնի կողմից (UNSD)։ ՄԱԿ-ի կողմից Ասիայի բաժանումը տարածաշրջանների արվել է բացառապես վիճակագրական նպատակներով ու չի արտահայտում որևէ ենթադրություն երկրների և տարածքների քաղաքական կամ այլ պատկանելության մասին[80]։
Ասիան ունի կլիմայական խիստ տարբեր առանձնահատկություններ` Սիբիրում բևեռային և մերձարկտիկական կլիմաներից մինչև Հարավային Հնդկաստանում ու Հարավարևելյան Ասիայում արևադարձային կլիմայի։ Հարավարևելյան հատվածներում կլիման խոնավ է, իսկ ներքին տարածքների մեծ մասում՝ չոր։ Երկրագնդի վրա օրական ամենաբարձր ջերմաստիճանների գրանցման դեպքերից մի քանիսը եղել են Ասիայի արևմտյան հատվածներում։ Հիմալայների առկայության շնորհիվ մուսոնային շրջանառությունը գերակշռում է աշխարհամասի հարավային և արևելյան հատվածներում։ Այս լեռնազանգվածը նպաստում է ցածր ջերմաստիճանի ձևավորմանը, ինչը հանգեցնում է ամռան ընթացքում խոնավության կուտակմանը: Ասիայի հարավարևմտյան հատվածում գերակշռում են եղանակային խիստ շոգ պայմանները։ Սիբիրը Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրերից մեկն է ու Հյուսիսային Ամերիկայի համար ծառայում է որպես արկտիկական օդային զանգվածների աղբյուր։ Երկրագնդի վրա արևադարձային ցիկլոնների ամենաակտիվ հատվածն ընկած է Ֆիլիպիններից դեպի հյուսիս-արևելք ու Ճապոնիայից հարավ։
Կլիմայի փոփոխություն
Կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում ողջ աշխարհում ու հատկապես կարևոր է Ասիայի պարագայում, քանի որ հենց այս աշխարհամասում է բնակվում Երկրագնդի բնակչության մեծ մասը։ 20-րդ դարից սկսած գլոբալ տաքացումը ողջ աշխարհամասում մեծացրել է անոմալ շոգի վտանգը[84]։ Անոմալ շոգ եղանակային պայմանները հանգեցնում են մահացության ցուցանիշների բարձրացմանը, ինչի հետևանքով էապես մեծանում է օդափոխման պահանջարկը։ Ակնկալվում է, որ մինչև 2080 թվականը Հարավային և Հարավարևելյան Ասիայի քաղաքներում շուրջ 1 միլիարդ մարդ ամեն տարի մոտ մեկ ամիս տառապելու է անոմալ շոգ եղանակային պայմաններից[84]։ Ջրի շրջապտույտի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունն առավել բարդ է։ Արևմտյան և Կենտրոնական Ասիաների արդեն իսկ չոր շրջաններն ավելի կբախվեն երաշտի խնդրի հետ, մինչդեռ Արևելյան, Հարավարևելյան և Հարավային Ասիաները, որոնք մուսոնային քամիների պատճառով արդեն իսկ խոնավ են, էլ ավելի կբախվեն ջրհեղեղների խնդրին[84]։
Ասիայի ափերը ողողող ջրերը ենթարկվում են նույն ազդեցություններին, ինչ մյուս աշխարհամասերի պարագայում։ Դրանց թվում են ջրերի տաքացումը և օվկիանոսի թթվայնացումը[84]։ Տարածաշրջանում կան բազմաթիվ կորալային խութեր ու դրանք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ այնքանով[84], որ եթե տաքացումը գերազանցի 1.5 °C (2.7 °F)-ը, ապա դրանք գործնականում կվերանան[85][86]։ Ասիային բնորոշ մանգրային էկոհամակարգերը նույնպես շատ խոցելի են ծովի մակարդակի բարձրացման նկատմամբ[84]։ Ասիան, առավել քան ցանկացած այլ աշխարհամաս, ունի նաև ամենաշատ թվով երկրները, որոնք ունեն ափամերձ հոծ բնակչություն, ինչը, ծովի մակարդակի բարձրացման պարագայում, կարող է հանգեցնել տնտեսական լուրջ հետևանքների[84]։ Հինդուկուշ շրջան ջրի մատակարարումը կդառնա առավել անկայուն, քանի որ խոշոր սառցադաշտերը, որոնք հայտնի են որպես «Ասիայի ջրամբարներ», արագորեն հալչում են[84]։ Ջրի շրջապտույտի այս փոփոխություններն ազդում են նաև փոխանցվող հիվանդությունների տարածման վրա, և ակնկալվում է, որ մալարիան և մլակային տենդն ավելի տարածված կլինեն արևադարձային և մերձարևադարձային շրջաններում[84]։ Պարենային անվտանգությունը կդառնա առավել անհավասար, իսկ Հարավային Ասիայի երկրները կարող են բախվել պարենի համաշխարհային գների անկայունության էական հետևանքների հետ[84]։
Ասիայում արտանետումների պատմական ցուցանիշներն ավելի ցածր են, քան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Այդուհանդերձ, Չինաստանը 21-րդ դարում ջերմոցային գազերի արտանետմամբ առաջատար պետությունն է, մինչդեռ Հնդկաստանն այս վարկանիշում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ, Ասիային ներկայումս բաժին է ընկնում աշխարհի առաջնային էներգիայի սպառման 36%-ը, որը մինչև 2050 թվականը նախատեսվում է հասցնել 48%-ի: Ակնկալվում է նաև, որ մինչև 2040 թվականն Ասիային բաժին կհասնի ածխի համաշխարհային սպառման մինչև 80%-ը և բնական գազի՝ 26%-ը[84]։ Չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է մնալ նավթի ամենախոշոր սպառողն աշխարհում՝ մինչև 2050 թվականը կանխատեսվում է, որ ԱՄՆ-ն կիջնի երրորդ տեղ՝ զիջելով Չինաստանին և Հնդկաստանին[84]։ Մինչ Ասիայում կառուցվում է նոր վերականգնվող էներգիայի արտադրության համաշխարհային հզորությունների գրեթե կեսը[84], սա դեռևս բավարար չէ Փարիզի համաձայնագրի նպատակները բավարարելու համար։ Ենթադրվում է, որ մինչև 2030 թվականը վերականգնվող էներգիայի աղբյուրները կկազմեն Ասիայում էներգիայի ընդհանուր սպառման 35%-ը[84]։
Ասիական շատ երկրների համար կլիմայի փոփոխությանը հարմարվողականությունը դարձել է իրականություն, իսկ աշխարհամասի ողջ տարածքում ձեռնարկվում են դրա լուծման տարբեր ռազմավարություններ[84]։ Կարևոր օրինակների թվում են որոշ երկրներում կլիմայական պայմանները հաշվի առնող գյուղատնտեսության աճող կիրառումը կամ Չինաստանում «սպունգ քաղաքների» պլանավորման նախագծերը[84]։ Մինչ որոշ երկրներ մշակել են լայնամասշտաբ գործողություններ, ինչպես օրինակ Բանգլադեշի դելտայի պլանը կամ Ճապոնիայում կլիմայի փոփոխության հարմարվողականության մասին օրենքը[84], մյուսները դեռ ապավինում են լոկալ բնույթի գործողություններին, որոնք արդյունավետության մեծ մասշտաբներ չունեն[84]։
Ինչպես անվանական ՀՆԱ-ի, այնպես էլ գնողունակության համարժեքության առումով, Ասիան ունի աշխարհի ամենամեծ աշխարհամասային (անգլալեզու գրականության մեջ հանդիպում է մայրցամաքային եզրույթը) տնտեսությունը։ Բացի այդ, Ասիան նաև ամենաարագ զարգացող տնտեսական տարածաշրջանն է[88]։ 2023 թվականի դրությամբ՝ Չինաստանն աշխարհամասի ամենախոշոր տնտեսությունն է, որը կարողանում է ապահովել աշխարհամասի անվանական ՀՆԱ-ի գրեթե կեսը։ Չինաստանին հաջորդում են Ճապոնիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան և Թուրքիան, որոնք բոլորն էլ, թե՛ անվանական ՀՆԱ-ի և թե՛ գնողունակության համարժեքության տեսանկյունից դասվում են աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների շարքում[89]։ «Համաշխարհային գրասենյակների տեղակայում 2011» զեկույցի համաձայն՝ ամենաշատ գրասենյակներ ունեցող քաղաքների թոփ 5-ից 4-ն ասիական քաղաքներ են, որոնց թվում են Հոնկոնգը, Սինգապուրը, Տոկիոն և Սեուլը։ Միջազգային ընկերությունների մոտ 68%-ը գրասենյակ ունի Հոնկոնգում[90]։
1990-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբին Չինաստանի տնտեսության միջին տարեկան աճի տեմպը կազմում էր ավելի քան 8%[91]։ Ըստ տնտեսական պատմաբանԱնգուս Մեդիսոնի՝ մ.թ. ա. 1000 թվականից մինչև մ. թ. 1 թվականը Հնդկաստանն ուներ աշխարհի ամենամեծ տնտեսությունը։ Հնդկաստանը երկու հազարամյակների մեծ մասում՝ 1-19-րդ դարերում, աշխարհի ամենամեծ տնտեսությունն ուներ՝ ապահովելով համաշխարհային արդյունաբերական արտադրանքի շուրջ 25%-ը[92][93][94][95]։ Չինաստանն էլ մարդկության պատմության մեծ մասում ունեցել է Երկրագնդի ամենամեծ և ամենազարգացած տնտեսությունը ու այդ հորիզոնականը կիսել է Հնդկաստանի հետ[96][12][97]։ Քսաներորդ դարի վերջին՝ մի քանի տասնամյակ շարունակ, Ճապոնիան Ասիայի ամենամեծ տնտեսությունն ուներ և աշխարհի երկրորդ ամենամեծը՝ 1990 թվականին գերազանցելով Խորհրդային Միությանը (զուտ նյութական արտադրանքի առումով), իսկ 1968 թվականին՝ Գերմանիային (վերազգային մի շարք տնտեսություններ առավել մեծ են, ինչպես օրինակ՝ Եվրամիությունը (ԵՄ), Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտին (NAFTA) կամ Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդը): Սա ավարտվեց 2010 թվականին, երբ Չինաստանը շրջանցեց Ճապոնիային ու դարձավ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին։ Կանխատեսվում է, որ մինչև 2027 թվականը Հնդկաստանը, անվանական ՀՆԱ-ի ցուցանիշներով, ևս կշրջանցի Ճապոնիային[88]։
1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին Ճապոնիայի ՀՆԱ-ն տվյալ պահի փոխարժեքով գրեթե նույնքան նշանակալի էր, որքան մնացած Ասիան միասին վերցրած[88]։ 1995 թվականին Ճապոնիայի տնտեսությունը մեկ օրով գրեթե հավասարվեց ԱՄՆ տնտեսությանը՝ դառնալով աշխարհում ամենամեծը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ճապոնական արժույթը հասավ ռեկորդային մակարդակի՝ 79 իեն 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև 1990-ական թվականներն Ասիայի տնտեսական աճը կենտրոնացած էր Ճապոնիայում, ինչպես նաև չորս այլ երկրներում՝ Հարավային Կորեայում, Թայվանում, Հոնկոնգում և Սինգապուրում, որոնք գտնվում են Խաղաղօվկիանոսյան մի տարածաշրջանում, որը հայտնի է «Ասիական վագրեր» անվամբ։ Այս երկրները ներկայումս համարվում են զարգացած տնտեսություններ և ունեն մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշներից մեկն Ասիայում[98][88]։
Ասիան նշանակալի առավելությամբ աշխարհի ամենախոշոր աշխարհամասն է ու հարուստ է բնական ռեսուրսներով, այդ թվում՝ նավթով, անտառներով, ձկներով, բրնձով, ջրով, պղնձով և արծաթով։ Ասիայում արտադրությունն ավանդաբար առավել զարգացած է Արևելյան և Հարավարևելյան հատվածում, հատկապես՝ Չինաստանում, Թայվանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Ֆիլիպիններում և Սինգապուրում: Ճապոնիան և Հարավային Կորեան շարունակում են գերակշռել բազմազգ կորպորացիաների ոլորտում, բայց ՉԺՀ-ն և Հնդկաստանն ավելի ու ավելի են հասնում զգալի հաջողությունների: Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից շատ ընկերություններ իրենց գործունեությունն իրականացնում են Ասիայի զարգացող երկրներում՝ օգտվելով էժան աշխատուժի առատությունից և համեմատաբար զարգացած ենթակառուցվածքներից[99][100]։
«Citigroup»-ի 2011 թվականի տվյալներով՝ գլոբալ աճը խթանող 11 երկրներից 9-ը Ասիայից են, ինչը պայմանավորված է բնակչության աճով և եկամուտներով։ Այդ երկրներն են Բանգլադեշը, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրաքը, Մոնղոլիան, Ֆիլիպինները, Շրի Լանկան և Վիետնամը[101]։ Ասիան ունի երեք հիմնական ֆինանսական կենտրոն՝ Հոնկոնգը, Տոկիոն և Սինգապուրը: Զանգերի կենտրոնները և բիզնես գործընթացների աութսորսը (BPO) Հնդկաստանում և Ֆիլիպիններում դառնում են խոշոր գործատուներ՝ մեծ թվով բարձր որակավորում ունեցող անգլախոս աշխատողների առկայության պատճառով: Աութսորսի ավելի մեծ օգտագործումն օգնեց Հնդկաստանին ու Չինաստանին դառնալ ֆինանսական կենտրոններ: Իր մեծ և չափազանց մրցունակ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության շնորհիվ Հնդկաստանը դարձել է աութսորսի խոշոր կենտրոն[102]։
Ասիական երկրների և այլ մայրցամաքների երկրների միջև առևտուրը հիմնականում իրականացվում է ծովային ուղիներով, որոնք կարևոր են Ասիայի համար: Դրա արդյունքում ստեղծվել են առանձին հիմնական երթուղիներ։ Գլխավոր երթուղին սկսվում է չինական ափից դեպի հարավ, Հանոյով դեպի Ջակարտա, Սինգապուր և Կուալա Լումպուր, Մալակկայի նեղուցով դեպի Շրի Լանկայի Կոլոմբո քաղաք, այնուհետ Հնդկաստանի հարավային հատված, դրանից հետո Մալեով դեպի Արևելյան ԱֆրիկայիՄոմբասա նավահանգիստ, այնտեղից Ջիբութի, որից հետո Կարմիր ծովով և Սուեզի ջրանցքով դեպի Միջերկրական ծով, այնտեղից Հայֆայով, Ստամբուլով և Աթենքով դեպի Ադրիատիկ ծովի ստորին հատված, այնտեղից էլ Իտալիայի հյուսիս, որտեղից Տրիեստ նավահանգիստը երկաթուղային հաղորդակցություններով կապված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կամ էլ դեպի Բարսելոնա, Իսպանիայի մյուս քաղաքներ ու Ֆրանսիա, որտեղից էլ Հյուսիսային Եվրոպայի նավահանգիստներ։ Ապրանքաշրջանառության շատ ավելի փոքր մասն անցնում է Հարավային Աֆրիկայով դեպի Եվրոպա։ Ասիական ապրանքաշրջանառության զգալի մասն իրականացվում է Խաղաղ օվկիանոսով՝ դեպի Լոս Անջելես և Լոնգ Բիչ։ Ի տարբերություն ծովային ուղիների՝ ցամաքային ճանապարհով դեպի Եվրոպա Մետաքսի ճանապարհը մի կողմից դեռ կառուցման փուլում է, իսկ մյուս կողմից՝ մասշտաբներով զգալիորեն փոքր է: Ներասիական առևտուրը՝ ներառյալ ծովային առևտուրը, արագորեն աճում է[103][104][105][106][107][108][109][110]:
2010 թվականին Ասիայում կար 3,3 միլիոն միլիոնատեր (մարդիկ, ովքեր ունեն ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար զուտ կարողություն՝ բացառությամբ իրենց տների), ինչն ավելի ցածր է, քան Հյուսիսային Ամերիկայում (3,4 միլիոն միլիոնատեր): 2011 թվականին Ասիան միլիոնատերերի թվով առաջ է անցել Եվրոպայից[111]։ «Citigroup»-ը «Հարստության զեկույց 2012»-ում նշել է, որ ասիական սենտա միլիոնատերերը (մարդիկ, որոնք ունեն 100 միլիոն ԱՄՆ դոլար և ավելին) առաջին անգամ իրենց հարստության ծավալներով առաջ են անցել Հյուսիսային Ամերիկայից, քանի որ «ձգողության համաշխարհային տնտեսական կենտրոնը» շարունակում է տեղափոխվել դեպի արևելք։ 2011 թվականի վերջին կար 18000 ասիացի՝ հիմնականում Հարավարևելյան Ասիայում, Չինաստանում և Ճապոնիայում, որոնք ունեին առնվազն 100 միլիոն ԱՄՆ դոլարի ակտիվներ, մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում նույն կարողության տեր էր մոտ 17000 մարդ, իսկ Արևմտյան Եվրոպայում՝ 14000[112]:
Ըստ «MasterCard»-ի «Նպատակակետ քաղաքների համաշխարհային ինդեքս 2019»-ի՝ 20 ամենաշատ այցելվող քաղաքներից 14-ը գտնվում են Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում[117]։ Բացի այդ, Բանգկոկը 2019 թվականին դարձել է աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքը, ուր ժամանել է 22,78 միլիոն մարդ: Նույն Բանգկոկը այդ ցանկում հայտնվել էր նաև 2013 թվականին[118]։
Վերջին 40 տարիների ընթացքում Արևելյան Ասիան Մարդկային ներուժի զարգացման ինդեքսում (ՄՆԶԻ) գրանցել է աշխարհում ամենամեծ առաջընթացը: Ըստ առողջապահության, կրթության և եկամտի տվյալների վերլուծության զեկույցի՝ տարածաշրջանը գրեթե կրկնապատկել է իր ՄՆԶԻ-ի միջին ցուցանիշը: 1970 թվականից ի վեր Չինաստանը ՄՆԶԻ-ի բարելավման առումով աշխարհում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկիրն է: Վերջին չորս տասնամյակների ընթացքում Չինաստանի մեկ շնչի հաշվով եկամուտն աճել է ապշեցուցիչ՝ 21 անգամ՝ հարյուր միլիոնավոր մարդկանց հանելով աղքատությունից: Սա Չինաստանին դարձրել է «10 լավագույն առաջատարների» ցանկում միակ երկիրը, որը հայտնվել է այնտեղ եկամտի, այլ ոչ թե առողջապահության կամ կրթության ոլորտներում ձեռքբերումների շնորհիվ: Այդուհանդերձ, Չինաստանը չի եղել տարածաշրջանի առաջատարների շարքում՝ երեխաների՝ դպրոց հաճախելու և կյանքի տևողության բարելավման առումով[119]:
1970 թվականից ի վեր Նեպալը դարձել է աշխարհի ամենաարագ առաջընթաց ունեցող երկրներից մեկը: Հարավասիական այս երկրի նշանակալի առաջխաղացումը հիմնականում պայմանավորված է առողջապահության և կրթության ոլորտներում գրանցված ձեռքբերումներով: Ներկայումս կյանքի միջին տևողությունն այնտեղ 25 տարով ավելի է, քան 1970-ական թվականներին: Եթե 40 տարի առաջ դպրոցական տարիքի հինգ երեխայից միայն մեկն էր հաճախում տարրական դպրոց, ապա այժմ հինգից ավելի քան չորսն են կրթություն ստանում[119]:
ՄՆԶԻ-ի ցուցանիշներով Հոնկոնգն Ասիայում զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականը (աշխարհում 7-րդ տեղը, որը գտնվում է «շատ բարձր մարդկային ներուժի զարգացման» կատեգորիայում)։ Նրան հաջորդում են Սինգապուրը (9), Ճապոնիան (19) և Հարավային Կորեան (22): Ասիական երկրների շարքում Աֆղանստանը զբաղեցրել է ամենացածր հորիզոնականը՝ 169 երկրների մեջ գրավելով 155-րդ տեղը[119]:
Լեզուներ
Ասիան մի շարք լեզվաընտանիքների և բազմաթիվ մեկուսացած լեզուների հայրենիքն է: Ասիական երկրների մեծ մասում, որպես մայրենի լեզու, գործածվում են մեկից ավելի լեզուներ: Ըստ «Էթնոլոգ» տեղեկատուի՝ Ինդոնեզիայում խոսում են ավելի քան 700, Հնդկաստանում՝ ավելի քան 400, իսկ Ֆիլիպիններում՝ ավելի քան 100 լեզուներով: Չինաստանի տարբեր նահանգներում ևս կան բազմաթիվ լեզուներ և բարբառներ:
Աշխարհի խոշոր կրոնների մեծ մասը ծագել է Ասիայում, այդ թվում՝ աշխարհում հինգ ամենատարածված կրոնները (բացառությամբ անկրոնության)՝ քրիստոնեությունը, իսլամը, հինդուիզմը, չինական ժողովրդական կրոնը (դասակարգված որպես կոնֆուցիականություն և դաոսականություն) և բուդդայականությունը: Ասիական դիցաբանությունը բարդ է և բազմազան: Այս բազմազանության վառ օրինակ է Մեծ ջրհեղեղի պատմությունը, որը հանդիպում է տարբեր մշակույթներում: Այն առաջին անգամ հայտնվել է Միջագետքի դիցաբանության մեջ՝ «Էնումա Էլիշ» առասպելում և «Գիլգամեշ» էպոսում: Հետագայում այս առասպելը հրեաների շրջանում տարածվել եբրայական Աստվածաշնչի միջոցով՝ ներառվելով Նոյի պատմության մեջ, իսկ ավելի ուշ տարածվել քրիստոնյաների ու մուսուլմանների մոտ, համապատասխանաբար, Հին Կտակարանի ու Ղուրանի միջոցով: Հինդու դիցաբանությունը նույնպես պատմում է Մեծ ջրհեղեղի մասին՝ Վիշնուի՝ ձկան տեսքով ավատարի միջոցով, որը Մանուին նախազգուշացրել էր սարսափելի ջրհեղեղի մասին: Հին չինական դիցաբանությունում ևս կա պատմություն սերունդներ տևող Մեծ ջրհեղեղի մասին, որը վերահսկելու համար պահանջվել էր կայսրերի և աստվածների միացյալ ջանքերը:
Հուդայականությունը՝ աբրահամյան հավատքներից ամենահինը, հիմնականում տարածված է Իսրայելում՝ հրեաների հայրենիքում և պատմական ծննդավայրում, որտեղ բնակվում են ինչպես Մերձավոր Արևելքում մնացած, այնպես էլ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և այլ տարածաշրջանների սփյուռքից վերադարձած հրեաները[123]։ Չնայած դրան՝ սփյուռքի համայնքները շարունակում են ապրել աշխարհի տարբեր անկյուններում: Իսրայելի բնակչության 75,6%-ը (մոտ 6,1 միլիոն) կազմում են հրեաները[124]։ Հին ժամանակներից այս երկրների տարածքներում բնակվող հրեաների փոքր համայնքներ կան Թուրքիայում (17400)[125], Ադրբեջանում (9100)[126], Իրանում (8756)[127], Հնդկաստանում (5000) և Ուզբեկստանում (4000)[128]: Ընդհանուր առմամբ, այսօր աշխարհում հաշվվում է 14,4-17,5 միլիոն հրեա (2016 թվականի տվյալներով)[129], ինչը նրանց դարձնում է Ասիայի ամենափոքրաթիվ ազգություններից մեկը՝ աշխարհամասի ընդհանուր բնակչության մոտավորապես 0,3-0,4%-ը:
Իսլամը երկրորդ ամենամեծ և ամենատարածված կրոնն է Ասիայում։ Ունի առնվազն 1 միլիարդ հետևորդ, որոնք կազմում են աշխարհամասի ընդհանուր բնակչության մոտ 23,8%-ը: Այն ծագել է ներկայիս Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող Հիջազում[135]: Ներկայումս աշխարհում ամենամեծ մուսուլմանական բնակչություն ունեցող երկիրն Ինդոնեզիան է՝ կազմելով աշխարհի մուսուլմանական բնակչության 12,7%-ը: Նրան հաջորդում են Պակիստանը (11,5%), Հնդկաստանը (10%), Բանգլադեշը, Իրանը և Թուրքիան: Մեքքան, Մեդինան և Երուսաղեմը համարվում են իսլամի երեք ամենասուրբ քաղաքները: Հաջը և Ումրան ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններից մեծ թվով մուսուլման ուխտավորների են բերում դեպի Մեքքա և Մեդինա: Իրանը համարվում է աշխարհում ամենամեծ շիա երկիրը:
Դրուզների հավատը միաստվածային (մոնոթեիկ) կրոն է, որը ծագել է Արևմտյան Ասիայում: Այն հիմնված է այնպիսի գործիչների ուսմունքների վրա, ինչպիսիք են Համզա իբն-Ալի իբն-Ահմադը և Ալ-Հաքիմ բի-Ամր Ալլահը, ինչպես նաև հույն փիլիսոփաներ Պլատոնի և Արիստոտելի գաղափարների վրա: Աշխարհում դրուզների թիվը մոտ մեկ միլիոն է: Նրանց մոտ 45%-50%-ն ապրում է Սիրիայում, 35%-40%-ը՝ Լիբանանում, և 10%-ից էլ քիչ՝ Իսրայելում: Վերջին տարիներին աճում է նաև այս երկրներից դուրս ապրող դրուզների թիվը[136]:
Բահայի հավատը ծագել է Ասիայում՝ Իրանում (Պարսկաստանում)։ Դրա կրոնական առաջնորդ Բահաուլլայի կյանքի ընթացքում այն Պարսկաստանից տարածվել Օսմանյան կայսրություն, Կենտրոնական Ասիա, Հնդկաստան և Մյանմա: 20-րդ դարի կեսերից սկսած՝ բահայի հավատը սկսել է տարածվել նաև ասիական այլ երկրներում, քանի որ մուսուլմանական շատ երկրներում բահայիների գործունեությունը խստորեն ճնշվում էր իշխանությունների կողմից: Հնդկաստանում գտնվող Լոտոսի տաճարը բահայական մեծ տաճար է:
Հնդկական և արևելաասիական կրոններ
Ասիական կրոնների մեծ մասն ունի փիլիսոփայական բնույթ, և ասիական փիլիսոփայական ավանդույթները ներառում են մտքերի և գրվածքների լայն շրջանակ: Հնդկական փիլիսոփայությունը, որը ներառում է հինդուիզմի և բուդդայական փիլիսոփայությունները, հիմնականում կենտրոնանում է ոչ նյութական ձգտումների վրա: Սակայն Հնդկաստանի մեկ այլ փիլիսոփայական դպրոց՝ Լոկայաթան, քարոզում է նյութական աշխարհի վայելքը: Հարավային Ասիայում՝ Հնդկաստանում են ծագել հինդուիզմը, բուդդայականությունը, ջայնիզմը և սիկհականությունը: Արևելյան Ասիայում՝ հատկապես Չինաստանում և Ճապոնիայում են ձևավորվել կոնֆուցիականությունը, դաոսականությունը և բուդդիզմի զեն դպրոցը:
Հինդուիզմը, 2012 թվականի դրությամբ ունենալով մոտ 1,1 միլիարդ հետևորդ, ամենամեծ կրոնն է Ասիայում՝ ընդգրկելով աշխարհամասի բնակչության մոտ 25%-ը: Այն հիմնականում կենտրոնացած է Հարավային Ասիայում: Հնդկաստանի և Նեպալի բնակչության ավելի քան 80%-ը հինդուիզմի հետևորդ է: Հինդուիստական խոշոր համայնքներ կան նաև Բանգլադեշում, Պակիստանում, Բութանում, Շրի Լանկայում և Ինդոնեզիայի Բալի կղզում: Բացի այդ, արտասահմանաբնակ շատ հնդիկներ Մյանմայում, Սինգապուրում և Մալայզիայում նույնպես պահպանում են հինդուիստական հավատքը:
Ջայնիզմը տարածված է հիմնականում Հնդկաստանում և արտասահմանում բնակվող հնդիկների շրջանում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում և Մալայզիայում: Սիկհականությունը հանդիպում է Հյուսիսային Հնդկաստանում և Ասիայի հնդկական համայնքներում՝ հատկապես Հարավարևելյան Ասիայում: Կոնֆուցիականությունը հիմնականում տարածված է Չինաստանում, Հարավային Կորեայում, Թայվանում և արտասահմանում բնակվող չինացիների շրջանում: Դաոսականությունը գլխավորապես հանդիպում է Չինաստանում, Թայվանում, Մալայզիայում և Սինգապուրում: Չինական բազմաթիվ համայնքներում դաոսականությունը հեշտությամբ ձուլվում է մահայանա բուդդայականության հետ, ինչի պատճառով դժվար է ճշգրիտ վիճակագրություն գտնել:
Բուդդա վանականներ, որոնք գունավոր ավազից ավանդական մանդալա են պատրաստում։
Ժամանակակից հակամարտություններ և իրադարձություններ
Ստորև ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ասիայում տեղի ունեցած որոշ կարևոր իրադարձություններ, որոնք առնչվում են արտաքին աշխարհի հետ Ասիայի հարաբերություններին.
Մարտական գործողություններն ընթանում էին Ջամմու և Քաշմիր նահանգի համար, ինչն ավելի ուշ ընդլայնվեց ու դարձավ խոշորագույն հակամարտություններից մեկն աշխարհում։
Արաբական աշխարհում ապստամբությունների և բողոքի ցույցերի շղթա, որի արդյունքում մի շարք երկրներում տեղի ունեցան քաղաքական իշխանությունների փոփոխություններ։
Շարունակվող հակամարտություն, որը հումանիտար մեծ ճգնաժամ է ստեղծել։
Մշակույթ
Ասիայի մշակույթը սովորույթների և ավանդույթների հարուստ և բազմազան խառնուրդ է, որին դարեր շարունակ հետևել են աշխարհամասի էթնիկ բազմաթիվ խմբերը: Աշխարհամասը բաժանված է աշխարհագրական վեց ենթատարածաշրջանների՝ Կենտրոնական Ասիա, Արևելյան Ասիա, Հյուսիսային Ասիա, Հարավային Ասիա, Հարավարևելյան Ասիա և Արևմտյան Ասիա[158]: Այս տարածաշրջանները բնութագրվում են իրենց մշակութային նմանություններով` ներառյալ ընդհանուր կրոնները, լեզուները և էթնիկ պատկանելությունը: Արևմտյան Ասիայի, որը հայտնի է նաև որպես Հարավարևմտյան Ասիա կամ Մերձավոր Արևելք, մշակութային արմատները գալիս են Բարեբեր մահիկի և Միջագետքի հնագույն քաղաքակրթություններից։ Այս քաղաքակրթությունները ծնունդ են տվել պարսկական, արաբական, օսմանյան կայսրություններին, ինչպես նաև աբրահամյան կրոններին՝ հուդայականությանը, քրիստոնեությանը և իսլամին[159]: Բլրապատ շրջաններում տեղակայված այս քաղաքակրթությունները աշխարհի հնագույններից են. երկրագործությամբ զբաղվելու ապացույցները թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 9000 թվականով[160]: Չնայած աշխարհամասի հսկայական չափերին և բնական խոչընդոտներին՝ անապատների ու լեռնաշղթաների առկայությանը, առևտուրն ու կոմերցիան օգնել են ստեղծել պանասիական մշակույթ, որն ընդհանուր է ամբողջ տարածաշրջանի համար[161]:
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած ասիացի այլ գրողների թվում են Յասունարի Կավաբատան (Ճապոնիա, 1968 թվական), Կենձաբուրո Օեն (Ճապոնիա, 1994 թվական), Գաո Սինցզյանը (Չինաստան, 2000 թվական), Օրհան Փամուքը (Թուրքիա, 2006 թվական) և Մո Յանը (Չինաստան, 2012 թվական): Ոմանք ամերիկացի գրող Փեռլ Բաքին համարում են ասիացի Նոբելյան պատվավոր մրցանակակիր: Լինելով միսիոներների դուստր՝ նա իր մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Չինաստանում և իր բազմաթիվ վեպերը՝ մասնավորապես «Լավ երկիրը» (1931) և «Մայրը» (1933), ինչպես նաև իր ծնողների կենսագրությունները՝ «Աքսորյալը» և «Մարտնչող հրեշտակը», հիմնված են Չինաստանում անցկացրած տարիների վրա: Այս աշխատանքների շնորհիվ Բաքը 1938 թվականին արժանացավ Գրականության Նոբելյան մրցանակի:
Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան Մայր Թերեզան, որն այդ շրջանում բնակվում էր Հնդկաստանում և Շիրին Էբադին Իրանից՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների՝ հատկապես կանանց և երեխաների իրավունքների համար իրենց նշանակալի և նորարարական ջանքերի համար: Էբադին դարձավ առաջին իրանցին և առաջին մուսուլման կինը, որը 1991 թվականին ստացավ այս պատվավոր մրցանակը: Խաղաղության Նոբելյան մրցանակի մեկ այլ հաղթող է բուդդայական Աուն Սան Սու Չժին՝ Մյանմայում ռազմական բռնապետության դեմ իր խաղաղ և ոչ բռնի պայքարի համար: Նա ոչ բռնի ժողովրդավարության կողմնակից ակտիվիստ է և Մյանմայի Ժողովրդավարության ազգային լիգայի առաջնորդ, ինչպես նաև հայտնի խղճի բանտարկյալ: 2010 թվականի հոկտեմբերի 8-ին չինացի այլախոհ Լյու Սյաոբոն ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար իր երկարատև և ոչ բռնի պայքարի համար»: Նա դարձավ Չինաստանի առաջին քաղաքացին, որը, միաժամանակ բնակվելով այդ երկրում, արժանացավ Նոբելյան մրցանակի: 2014 թվականին Քայլաշ Սատյարթին Հնդկաստանից և Մալալա Յուսուֆզային Պակիստանից պարգևատրվեցին Խաղաղության Նոբելյան մրցանակով «երեխաների և երիտասարդների ճնշման դեմ իրենց պայքարի և բոլոր երեխաների կրթության իրավունքի համար»:
Ասիայի երկրներից Ճապոնիան ստացել է ամենաշատ Նոբելյան մրցանակները՝ 24, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 13 մրցանակով:
Հնդիկ տնտեսագետ Ամարտյա Սենը (ծնվ.1933 թվականին) 1998 թվականին արժանացավ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի: Նա պարգևատրվեց բարեկեցության տնտեսագիտության և սոցիալական ընտրության տեսության ոլորտում իր ներդրումների, ինչպես նաև հասարակության ամենաաղքատ անդամների խնդիրների նկատմամբ իր հետաքրքրության համար:
2006 թվականին բանգլադեշցիՄուհամադ Յունուսն արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Գրամին բանկի հիմնադրման համար: Համայնքային զարգացմամբ զբաղվող այս բանկը գումար է տրամադրում աղքատ մարդկանց՝ հատկապես կանանց: Այն հայտնի է միկրովարկավորման հայեցակարգով, որը թույլ է տալիս աղքատ և կարիքավոր մարդկանց փոխառություն վերցնել: Փոխառուները վերադարձնում են գումարը սահմանված ժամկետում, իսկ դեֆոլտի մակարդակը շատ ցածր է: 2024 թվականին՝ Բանգլադեշի քվոտաները չեղարկելու շարժումից հետո, Յունուսը դարձավ նաև ժամանակավոր կառավարության ղեկավարը[162]: Դալայ Լաման 1989 թվականին Նորվեգիայի Օսլո քաղաքում ևս արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի[163]:
Ժողովրդավարության V-Dem ինդեքսի 2023 թվականի քարտեզն Ասիայի երկրների համար։
0.900–1.000 0.800–0.899 0.700–0.799
0.600–0.699 0.500–0.599 0.400–0.499
0.300–0.399 0.200–0.299 0.100–0.199
0.000–0.099 Տվյալներ չկան
Բացի վերը նշված երկրներից Ասիայում կան նաև մասամբ ճանաչված պետություններ, որոնց անկախությունն ընդունել են սահմանափակ թվով պետություններ։ Դրանցից և որևէ մեկը Միավորված ազգերի կազմակերպության անդամ չէ։
↑Քանի որ անգլախոս երկրներում ընդունված է 7 մայրցամաքների մոդելը, արևմտյան մասնագիտական գրականության մեջ Ասիան համարվում է առանձին մայրցամաք[1][2]։ Այլ մոդելներում, այդ թվում՝ խորհրդային, Ասիան դիտարկվում է որպես Եվրասիայի կամ Աֆրո-Եվրասիական մայրցամաքի մաս։
↑44,579,000 կիլոմետր քառակուսի (17,212,000 քառակուսի մղոն)
↑Ռուսաստանի մաս կազմող Սիբիրի տարածքն աշխարհագրորեն ընկած է Ասիայի տարածքում, բայց մշակութային ու քաղաքական տեսանկյուններից համարվում է Եվրոպայի մաս։
↑Ռուսաստանը միջմայրցամաքային պետություն է, որը տեղակայված է Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Ասիայում, սակայն պատմական, մշակութային, էթնիկ և քաղաքական առումներով համարվում է եվրոպական պետություն։ Բացի այդ, ՌԴ բնակչության մեծամասնությունը (78%) բնակվում է երկրի եվրոպական հատվածում։
↑ 8,08,1National Geographic Atlas of the World (7th ed.). Washington, D.C.: National Geographic Society. 1999. ISBN978-0-7922-7528-2. "Europe" (pp. 68–69); "Asia" (pp. 90–91): "A commonly accepted division between Asia and Europe is formed by the Ural Mountains, Ural River, Caspian Sea, Caucasus Mountains, and the Black Sea with its outlets, the Bosporus and Dardanelles."
↑Histories 4.38. C.f. James Rennell, The Geographical System of Herodotus Examined and Explained, Volume 1, Rivington 1830, p. 244
↑according to Strabo (Geographica 11.7.4) even at the time of Alexander, "it was agreed by all that the Tanais river separated Asia from Europe" (ὡμολόγητο ἐκ πάντων ὅτι διείργει τὴν Ἀσίαν ἀπὸ
τῆς Εὐρώπης ὁ Τάναϊς ποταμός; c.f. Duane W. Roller, Eratosthenes' Geography, Princeton University Press, 2010, 978-0-691-14267-8, Eratosthenes (24 January 2010). p. 57. Princeton University Press. ISBN978-0-691-14267-8. Արխիվացված օրիգինալից 26 March 2022-ին. Վերցված է 21 January 2020-ին.)
↑W. Theiler, Posidonios. Die Fragmente, vol. 1. Berlin: De Gruyter, 1982, fragm. 47a.
↑I. G. Kidd (ed.), Posidonius: The commentary, Cambridge University Press, 2004, 978-0-521-60443-7, Posidonius (1989). p. 738. Cambridge University Press. ISBN978-0-521-60443-7. Արխիվացված օրիգինալից 1 August 2020-ին. Վերցված է 21 January 2020-ին.
↑Geographia 7.5.6 (ed. Nobbe 1845, Ptolomeo, Claudio (1845). «vol. 2». Արխիվացված օրիգինալից 24 May 2020-ին. Վերցված է 21 January 2020-ին., p. 178) Καὶ τῇ Εὐρώπῃ δὲ συνάπτει διὰ τοῦ μεταξὺ αὐχένος τῆς τε Μαιώτιδος λίμνης καὶ τοῦ Σαρματικοῦ Ὠκεανοῦ ἐπὶ τῆς διαβάσεως τοῦ Τανάϊδος ποταμοῦ. "And [Asia] is connected to Europe by the land-strait between Lake Maiotis and the Sarmatian Ocean where the river Tanais crosses through."
↑Wallace, Alfred Russel (1879). Australasia. The University of Michigan. էջ 2. Արխիվացված օրիգինալից 30 July 2022-ին. Վերցված է 12 March 2022-ին. «Oceania is the word often used by continental geographers to describe the great world of islands we are now entering upon [...] This boundless watery domain, which extends northwards of Behring Straits and southward to the Antarctic barrier of ice, is studded with many island groups, which are, however, very irregularly distributed over its surface. The more northerly section, lying between Japan and California and between the Aleutian and Hawaiian Archipelagos is relived by nothing but a few solitary reefs and rocks at enormously distant intervals.»
↑Kohlhoff, Dean (2002). Amchitka and the Bomb: Nuclear Testing in Alaska. University of Washington Press. էջ 6. ISBN978-0295800509. Արխիվացված օրիգինալից 17 May 2023-ին. Վերցված է 12 March 2022-ին. «The regional name of the Pacific Islands is appropriate: Oceania, a sea of islands, including those of Alaska and Hawaii. The Pacific Basin is not insignificant or remote. It covers one third of the globe's surface. Its northern boundary is the Aleutian Islands chain. Oceania virtually touches all of the Western Hemisphere.»
↑Henderson, John William (1971). Area Handbook for Oceania. U.S. Government Printing Office. էջ 5. Արխիվացված օրիգինալից 6 April 2023-ին. Վերցված է 11 March 2022-ին.
↑McMahon, Gregory (2011). «The Land and Peoples of Anatolia through Ancient Eyes». In Steadman, Sharon; McMahon, Gregory (eds.). The Oxford Handbook of Ancient Anatolia. Oxford University Press. էջ 21. doi:10.1093/oxfordhb/9780195376142.013.0002.
↑Henry George Liddell; Robert Scott; Henry Stuart Jones; Roderick McKenzie (2007) [1940]. «Ἀσία». A Greek-English Lexicon. Medford: Perseus Digital Library, Tufts University. Արխիվացված օրիգինալից 27 April 2011-ին.
↑«Southeast Asia, 1800–1900 A.D.». The Met's Heilbrunn Timeline of Art History. Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 31 August 2023-ին. Վերցված է 2023-08-31-ին.
↑«Standard Country or Area Codes for Statistical Use (M49 Standard)». UN Statistica Division. Արխիվացված օրիգինալից 30 August 2017-ին. Վերցված է 2 May 2020-ին. "Geographic Regions" anklicken Zitat: "The assignment of countries or areas to specific groupings is for statistical convenience and does not imply any assumption regarding political or other affiliation of countries or territories by the United Nations."
↑Farah, Paolo Davide (4 August 2006), Five Years of China WTO Membership: EU and US Perspectives About China's Compliance With Transparency Commitments and the Transitional Review Mechanism, SSRN916768
↑MacQueen, Benjamin (2013). An Introduction to Middle East Politics: Continuity, Change, Conflict and Co-operation. SAGE. էջ 5. ISBN978-1-4462-8976-1. «The Middle East is the cradle of the three monotheistic faiths of Judaism, Christianity and Islam.»
↑Takacs, Sarolta (2015). The Modern World: Civilizations of Africa, Civilizations of Europe, Civilizations of the Americas, Civilizations of the Middle East and Southwest Asia, Civilizations of Asia and the Pacific. Routledge. էջ 552. ISBN978-1-317-45572-1.
↑«Jewish woman brutally murdered in Iran over property dispute». The Times of Israel. 28 November 2012. Արխիվացված օրիգինալից 19 August 2014-ին. Վերցված է 16 August 2014-ին. «A government census published earlier this year indicated there were a mere 8,756 Jews left in Iran» See Persian Jews#Iran
↑«Christians». Pew Research Center's Religion & Public Life Project. 18 December 2012. Արխիվացված օրիգինալից 10 March 2015-ին. Վերցված է 13 March 2015-ին.
↑Hindson, Edward E.; Mitchell, Daniel R. (1 August 2013). The Popular Encyclopedia of Church History (անգլերեն). Harvest House Publishers. էջ 225. ISBN978-0-7369-4807-4.
↑The Encyclopedia of Christianity, Volume 5 by Erwin Fahlbusch. Wm. B. Eerdmans Publishing. 2008, p. 285. 978-0-8028-2417-2.
↑C. Held, Colbert (2008). Middle East Patterns: Places, People, and Politics. Routledge. էջ 109. ISBN978-0-429-96200-4. «Worldwide, they number 1 million or so, with about 45 to 50 percent in Syria, 35 to 40 percent in Lebanon, and less than 10 percent in Israel. Recently there has been a growing Druze diaspora.»
↑Bureau of East Asian and Pacific Affairs (2009). «Background Note: North Korea». U.S. State Department. Արխիվացված օրիգինալից 18 August 2020-ին. Վերցված է 4 July 2009-ին.
↑Morris, Ian (2011). Why the West rules - for now : the patterns of history, and what they reveal about the future. Profile. ISBN978-1846682087. OCLC751789199.
↑«World Population Prospects: The 2017 Revision». ESA.UN.org (custom data acquired via website). United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Վերցված է 10 September 2017-ին.
«Display Maps». The Soil Maps of Asia. European Digital Archive of Soil Maps – EuDASM. Արխիվացված է օրիգինալից 12 August 2011-ին. Վերցված է 26 July 2011-ին.
«Asia Maps». Perry–Castañeda Library Map Collection. University of Texas Libraries. Արխիվացված օրիգինալից 18 July 2011-ին. Վերցված է 20 July 2011-ին.
«Asia». Norman B. Leventhal Map Center at the Boston Public Library. Արխիվացված է օրիգինալից 29 September 2011-ին. Վերցված է 26 July 2011-ին.
Bowring, Philip (12 February 1987). «What is Asia?». Eastern Economic Review. 135 (7). Արխիվացված է օրիգինալից 28 July 2011-ին. Վերցված է 22 April 2009-ին.