Միջերկրական ծովի ջրերը ողողում են Եվրոպայի հարավային ափերը, Ասիայի հարավարևմտյան ափերը և Աֆրիկայի հյուսիսային ափերը։
Միջերկրական ծովում են գտնվում Մալթա և Կիպրոս կղզային պետությունները։
Միջերկրական ծովի զբաղեցրած տարածքը կազմում է մոտավորապես երկուսուկես միլիոն քառակուսի կիլոմետր, ջրի ծավալը՝ 3 միլիոն 829 հազար խորանարդ կիլոմետր։ Առավելագույն խորությունը Հոնիական ծովում գտնվող Պիլոս կղզու մոտ է՝ 5 267 մետր։
Միջերկրական ծովը եղել է դասական աշխարհի բնօրրանը[5]։
Դասական անտիկ շրջանի միջերկրածովյան առավել նշանավոր երկու քաղաքակրթություններն ունեցել են հունական քաղաք-պետությունները և փյունիկցիները։ Կեսարների ժամանակ այն ներսի ծով էր և հռոմեացիները Միջերկրական ծովն անվանում էին Mare Nostrum (բառացի՝ «Մեր ծովը»)։ Հռոմի կայսրության փլուզումից հետո միջերկրածովյան տարածաշրջանն ընդմիշտ դադարում է քաղաքականապես միասնական լինելուց։
Մ.թ. 476 թվականին՝ Հռոմի անկումից հետո, արևելյան մասում ժամանակավորապես իր գերիշխանությունն էր հաստատել այնտեղ ձևավորված Բյուզանդական կայսրությունը։
Արևելքում իսլամական պետությունների հաստատումից հետո միջերկրածովյան տարածաշրջանը դառնում է մշտական քաղաքական բաժանումների առարկա[5]։ Իր առավելագույն տարածվածության ժամանակ Արաբական կայսրությունը վերահսկում էր միջերկրական տարածաշրջանի 75 %-ը։
12-րդ դարում սկսած Վերածննդի դարաշրջանից հետո ուշ միջնադարում առաջանում են նոր եվրոպական պետություններ։ Սակայն, այդ ծովային և առևտրական տերությունները, ինչպես, օրինակ՝ Վենետիկը, ի վիճակի չէին տարածաշրջանը միավորել որպես մեկ ամբողջություն։
Սիրիայից մինչև Մարոկկո գտնվող տարածքներում եվրոպացիները հիմնեցին իրենց գաղութները։ Սակայն, իրենց միջև գոյություն ունեցող մրցակցության պատճառով եվրոպական տերությունները չկարողացան դիմակայել հզորացող օսմանյան տիրապետությանը։
Բյուզանդական կայսրությունը տապալվեց 1453 թվականին՝ Կոնստանդինապոլսի գրավումով։ 16-րդ դարում օսմանցիներն արդեն վերահսկում էին ծովի մեծ մասը և ունեին ծովային հենակետեր Ֆրանսիայի հարավում, Ալժիրում և Թունիսում։ Ամենանշանավոր օսմանյան նավապետ Բարբարոսան և Պրեվեզայի ճակատամարտում տարած հաղթանակն այս գերիշխանության խորհրդանիշերն էին։ Ջերբայի ճակատամարտը հանդիսացավ Միջերկրական ծովում օսմանյան նավատորմի գագաթնակետը։
Հյուսիսային Աֆրիկայից հարձակումներ իրականացնող բերբերյան ծովահենները Միջերկրական ծովի արևմուտքում թալանում էին քրիստոնյաների նավերը։ Ըստ Ռոբերտ Դևիսի, 16-19-րդ դարերի ընթացքում ծովահեններն առևանգել են 1-ից մինչև 1.25 միլիոն եվրոպացի՝ նրանց ստրուկներ դարձնելով[6]։
Տնտեսական գործոն
Օվկիանոսային նավագնացության զարգացումն իր ազդեցությունն սկսեց թողնել Միջերկրածովյան տարածաշրջանի ամբողջականության վրա։ Մի ժամանակ արևելքից կատարվող ամբողջ առևտուրը կատարվում էր այդ տարածաշրջանի միջով, սակայն հիմա Աֆրիկան շրջանցող նավագնացությունը թույլ էր տալիս համեմունքներն ու այլ ապրանքները հասցնել արևմտյան Եվրոպայի ատլանտյան նավահանգիստներ՝ առանց Միջերկրական ծով մտնելու և, այդպիսով, ծովն արդեն կորցրեց իր նախկին կարևորությունը։
Ներքևում բերված է այն երկրների ցանկը, որոնց ափերը ողողում է Միջերկրական ծովը։ Ցանկն սկսվում է Իսպանիայից և շարունակվում է ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ։