Կորսիկա (ֆր.՝ Corse [kɔʁs], կորսիկերեն՝ Corsica), մեծությամբ չորրորդ կղզին Միջերկրական ծովում, Ֆրանսիայի 27 երկրամասերից մեկը, որն ունի հատուկ կարգավիճակ (ֆր.՝ Collectivité Territoriale de Corse)։ Գլխավոր քաղաքը Այաչոն է։ Բնակչությունը՝ 314 486 մարդ (2011), որով գրավում է 25-րդ տեղը բոլոր շրջանների շարքում և 22-րդ տեղը՝ եվրոպական շրջանների մեջ։ Բնակչության հիմնական մասը կորսիկացիներ են։
Ոմանք ենթադրում են, որ անվանումն առաջացել է հնում այստեղ բնակված կորսեր լիգուրական ցեղի անունից։ Ոմանք էլ գտնում են, որ այն առաջացել է փյունիկերեն ֆորսի՝ «անտառոտ» բառից (իրոք կղզում ընդարձակ տարածություն է զբաղեցնում անտառային և թփային բուսականությունը)։
Կղզու հին հունարեն անվանումը եղել է Կիրնոս, որը նույնպես փյունիկերենից է և նշանակում է «եղջյուր, հրվանդան, ժայռ»[2]։
Երկրամասի մակերեսը 8680 կմ² է։ Ներառում է Հարավային Կորսիկա և Վերին Կորսիկա դեպարտամենտները։
Կղզու կենտրոնում մինչև 3000մ բարձրություն ունեցող լեռներ են։ Գետերը լեռնային են, ոչ նավարկելի՝ Գրավոնա, Ռեստոնիկա, Տարավո, Տավինիանո, Ռիցանեզե և այլն։ Ամենախոշոր գետը Գոլոն է (90 կմ)։