Հուանհե[1] (չինարեն ավանդ. 黃河, հեշտ. 黄河 , պինին: Huáng hé), գետ Չինաստանի արևելքում։
Սկիզբ է առնում Տիբեթի բարձրավանդակի արևելքից, հոսում Հետաո հարթավայրով, Լյոսային սարավանդով, Չինական մեծ հարթավայրով և թափվում Դեղին ծովի Բոհայվան ծոցը՝ առաջացնելով դելտա։ Երկարությունը 4845 կմ է, առանձին հատվածներում նավարկելի։
Տարեկան տեղափոխում է շուրջ 1300 միլիոն տոննա ջրաբերում (այս ցուցանիշով աշխարհի խոշոր գետերի մեջ գրավում է առաջին տեղը)։ Հուանհեի ափին գտնվող խոշոր քաղաքները՝ Լանչժոու, Բաոտոու, Լոյան, Չժենչժոու, Կայֆին, Ցզինան։
Անվանումը չինարենից բառացի նշանակում է Դեղին գետ. կազմված է հուան «դեղին» և հե «գետ» բառերից։ Անվանումն ստացել է ջրի գույնից. անցնելով Լյոսային սարավանդով, իր մեջ լուծում է մեծ քանակությամբ լյոս, որը դեղին երանգ է տալիս գետի ջրերին[2]։