Մանե Վանյայի Թանդիլյան (ապրիլի 3, 1978(1978-04-03), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, հաշվապահ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ, Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Հայաստանի 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1], «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։
Կրթություն
1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[2]։
Աշխատանքային գործունեություն
2003-2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական վերլուծաբան։
2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։
2004-2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ
2006-2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։
2009-2018 թվականներին աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։
Հասարակական գործունեություն
Մանե Թանդիլյանը հասարակական կյանքում հայտնի է դարձել հիմնականում «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության շրջանակներում իր գործունեությամբ։ Նա ակտիվ կերպով պայքարում էր Հայաստանում պարտադիր կուտակային համակարգի չեղարկման համար։ Հատկանշական է, որ երբ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի կառավարությունում նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, աշխատանքային առաջին օրը հայտարարեց, որ պետք է ներդնել կուտակային համակարգը[3]։
Կուսակցական-քաղաքական գործունեություն
Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ է։
2017 թվականին «Ելք» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։
2018 թվականին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։ Պատգամավոր է ընտրվել ռեյտնգային ընտրակարգով։ Եղել է Հայաստանի ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2020 թվականի օգոստոսի 24-ին վայր է դրել պատգամավորական լիազորությունները՝ հայտարարելով, որ ունի առողջական խնդիրներ և բուժման նպատակով պետք է մեկնի արտասահման[4]։
Ապրելու երկիր կուսակցության անդամ
2021 թվականի օգոստոսի 15-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ հիմնադրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Կուսակցության նախաձեռնող խմբի հիմնադիր համաժողովում քվեարկության արդյունքում ընտրվել է քաղաքական ուժի նախագահ և մինչ օրս ղեկավարում է այն։
Հայաստանի կառավարության անդամ
2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։
Գործունեությունն Արցախի Հանրապետությունում
2020 թվականի նոյեմբերի 20-ին ֆեյսբուքյան իր էջով հայտարարել է, որ տեղափոխվել է Արցախ իր բառերով ասած պարզապես ապրելու[4]։ 11 օր անց նշանակվել է Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար։ Նախարարի պաշտոնից հրաժարական է տվել 2021 սեպտեմբերի 1-ին։
Անձնական կյանք
Մանե Թանդիլյանն ամուսնացած է, ունի երկու որդի։ Որդիները գտնվում են Ավստրալիայում՝ սովորելով Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանում։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Մանե Թանդիլյանն իր որդիներին Հայաստանից տեղափոխել է, որպեսզի նրանք չծառայեն Հայաստանի զինված ուժերում[5]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
---|
| Պատգամավորներ |
|
---|
| Լիազորությունները դադարեցրած | |
---|
| Կապված | |
---|
| ¹ ՀՀ ԱԺ Նախագահ, ² ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալներ, * Խմբակցությունների ղեկավարներ, ** Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ → |
|
|
---|
| Պատգամավորներ |
|
---|
| Լիազորությունները դադարեցրած | |
---|
| Կապված | |
---|
| ¹ ՀՀ ԱԺ Նախագահ, ² ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալներ, * Խմբակցությունների ղեկավարներ, ** Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ |
|
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները |
---|
| | |
---|
| | |
---|
| | |
---|
|