Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 թվականի մարտի 8-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի[6] և լրագրող Գենոֆիյա Մարտիրոսյանի որդին է։
2006 թվականին ավարտել է Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցը։
2017-2018 թվականների ընթացքում մի քանի ամիս Ռուբեն Ռուբինյանը Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։ Նրա հետազոտությունը նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը[7][8][10]։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
2015-2016 թվականներին Ռուբեն Ռուբինյանն եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ։ 2016-2017 թվականներին զբաղեցրել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնը[11][12]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։ Եղել է 7-րդ գումարման ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։
2021 թվականի օգոստոսի 3-ին ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ։
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթաց
2021 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը[22]։ Ռուբինյանի և Թուրքիայի կողմից բանագնաց Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում[23]։
Քննադատություն
Ռուբեն Ռուբինյանը քաղաքական գործունեության ընթացքում ենթարկվել է տարբեր քննադատությունների, այդ թվում ընդդիմադիր պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Աննա Մկրտչյանի կողմից մեղադրվել է Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ[24][24][25][26][27][28]։ Ռուբեն Ռուբինյանը հերքել է մեղադրանքները[29] և դրանք անհիմն է համարել[30]։
Այդ մեղադրանքների կապակցությամբ, Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքերով, «Հավաստող փաստ՝ դոկումենտներ չկան»։ Ընդդիմադիր «Պատիվ Ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նույնպես նշել է, որ փաստեր չունեն, բայց ինքը չի ցանկանում խախտել համերաշխությունն ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ[31]։