Ալավերդի, քաղաք Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[1]։
Հարուստ է պատմամշակութային բազմադարյա հուշարձաններով, որոնցից են Սանահինի վանքը, Սանահինի կամուրջը և այլն։ Ունի լեռնային տեղանք, որը ներկայացված է անտառապատ և ժայռակերտ լեռներով, սարահարթերով, խորը ձորերով, որտեղով հոսում է Դեբեդ գետը։
Քաղաքը տրանսպորտային կարևոր կապող հանգույց է հանդիսանում Մ 1 միջպետական ճանապարհին (Երևան-Թբիլիսի ավտոճանապարհ)։
Քաղաքի անվան վերաբերյալ առկա են մի շարք հակասական տեսակետներ, շրջանառվել է տարբեր անուններ[2][3][4]։
Առավել տարածվածը Ալավերդի անունն է, որ ունի թուրքական ծագում[3][4][5][6] և առաջացել է 17-րդ դարում թուրքական բորչալու ցեղի առաջնորդ Ալլահվերդի Մոլլա օղլի Թարխանի անունից[3][5][6]։ Թուրքական բորչալու քոչվոր ցեղին Կուր գետի ափ է տեղափոխել Սեֆյան Պարսկաստանի շահ Աբաս Սեֆին[5]։ Այդ անունը «Ալլահվերդի» ձևով սկզբնապես կրել է քաղաքի ներկայիս թաղամաս համարվող Լեռնահանքը (նախկին Մադան գյուղը), հետագայում բուն քաղաքը, իսկ 1930 թվականի սեպտեմբերի 9-ին դարձել է նոր ձևավորված Ալլահվերդու շրջանի անունը[3]։ Բնակավայրն Ալլահվերդի է ներկայացվել տարբեր հեղինակների աշխատություններում[7], 1800-ական թվականների վերջի և 1900-ական թվականների սկզբի մամուլում[8][9][10]։ 1907 թվականին Ֆելիքս Օսֆալդի կողմից կազմված «Հայաստանի աշխարհագրական քարտեզում» բնակավայրը նշված է Ալլահվերդի տարբերակով[7]։ Թիֆլիսում հրատարակված Մշակ թերթը[8], ԽՍՀՄ-ում հրատարակված «Խորհրդային Հայաստան»[9], «Մաճկալ»[11], «Ավանգարդ»[12] թերթերը, Նյու Յորքում հրատարակված «Երիտասարդ Հայաստան» թերթը[10] բնակավայրը նույնպես ներկայացրել է Ալլահվերդի տարբերակով։ «Ալլահվերդի» բառը կազմվածն է ալլահ և վերդի բառերից, որոնք բառացի նշանակում են «աստված տվեց»[13]։
Հայտնի է, որ 19-րդ դարի վերջին ներկայիս բնակավայրի տարածքում, որտեղ գտնվում էր գիհիների խիտ անտառ, ֆրանսիացի հանքագործների կողմից կառուցվել է ձուլարան և աշխատակիցների համար բնակելի շինություններ։ Այս ամենի նախաձեռնող ֆրանսիացի ինժեներ Մանեսի անունով էլ այդ տարածքը կոչվել է «Մանես»[3][14]։
Շրջանառվող անուններից է «Մանից գոմ» կամ «Մանասագոմեր» անվանաձևերը։ «Մանից գոմ» անունը հիշատակվում է 12-րդ դարում վրաց թագավորի նվաճումների համատեքստում։ Այն եղել է վերջինի նվաճած 6 բերդերից մեկը։ Այնուամենայնիվ, հստակ չէ, թե «Մանից գոմ» բերդը որտեղ է գտնվել։ Ենթադրվում է, որ այն կարող է գտնվել ներկայիս Շամլուխ քաղաքի մոտակայքում, որտեղ պահպանվել են երեք եկեղեցիների ավերակներ[3]։
Հայտնի է, որ դեռևս 1980-ական թվականներին առկա էին քաղաքի անվանափոխման անհրաժեշտոթւայն մասին խոսակցություններ։ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո տարբեր տարիների քննարկումների ընթացքում առաջարկվել է Ալավերդին վերանվանակոչել «Մանես», «Ձորափոր», «Թումանյան», «Միկոյան», «Լալվար», «Դեբեդ», «Սանահին», «Կոշաբերդ» ու այլ անուններով, սակայն քաղաքային իշխանությունների կողմից և բնակիչների ներգրավմամբ մերժվել է[2][15]։
Արդեն 1993-1994 թվականներին ժողովրդական դեպուտատների Ալավերդու քաղխորհուրդը քննարկման է դրել քաղաքի անվանափոխության հարցը։ Պատգամավորներից մեկն առաջարկել էր բնակավայրը վերանվանել Սանահին, սակայն 51 պատգամավորներից 49-ը քվեարկել են քաղաքի անունը չփոխելու օգտին, իսկ 1 պատգամավոր ձեռնպահ է մնացել[2]։
Անվանափոխման հարց է բարձրացվել նաև 1997-1998 թվականներին։ Ըստ Լոռու այդ ժամանակվա մարզպետ Հենրիկ Քոչինյանի՝ ստեղծված հանձնողովը պարզեց, որ «Ալավերդի» նշանակում է «Ալ սար», այդ պատճառով էլ չանվանափոխվեց[4]։
Բնակավայրի անվանափոխության հարց է դրվել նաև 2007 թվականի մայիսի 17-ի ավագանու նիստում, որտեղ ավագանին մերժել է քաղաքի անվանափոխության առաջարկը[2]։
2010 թվականի մարտի 31-ին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն Ալավերդու քաղաքապետին է փոխանցել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի նամակը, որով առաջարկել է բնակավայրը հրաժարվել օտար անունից և վերանվանել «Լալվար»[2][15], ինչը ավագանու կողմից մերժվել է և որպես պատճառաբանություն ներկայացվել, որ «իրենց դուր է գալիս Ալավերդի անունը ու նոր անվանման կարիք ամենևին էլ չկա»[15]։ Այդ ժամանակվա քաղաքապետ Արթուր Նալբանդյանն ասել է, որ «Ալավերդի» անվան թուրքական ծագում մասին իրենք չունեն փաստեր[2]։ Իսկ այդ ժամանակվա փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը պնդել է, որ Ալավերդի բառը առաջացել է հայերեն «ալավ» (բոց, հուր) և երդիկ բառերից[15]։
Քաղաքը տարածվում է Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարահարթում։ Գտնվում է Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարավանդում։ Ռելիեֆին բնորոշ են տարբեր մակարդակի բարձրությունները (750–1400 մ) և խիստ մեծ թեքությունները (մինչև 35°)։
Ալավերդու եղանակը հիմնականում խոնավ է, գարնանը և աշնանը հաճախակի են անձրևները և մառախուղը։
Ալավերդին և նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռևս հին ժամանակներից։ Հայտնաբերված հնագիտական նյութերն ընդգրկում են պատմական համարյա բոլոր դարաշրջանները։ 1931 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ գտնված պղնձե և բրոնզե առարկաներ, այդ թվում՝ աշխատանքային գործիքներ, զենքեր, զարդեր, որոնցից ամենահինը պղնձե կտցավոր կացինն է։ Այն թվագրվում է մ. թ. ա. 3–րդ հազարամյակի երկրորդ կեսին, իսկ մյուսները՝ մ. թ. ա. XIII-X դարեր։
Վաղ միջնադարից ի վեր Ալավերդին եղել է Հարավային Կովկասի և, առհասարակ, ամբողջ Առաջավոր Ասիայի մետաղագործական կարևոր օջախ։
Ժամանակակից Ալավերդու տարածքը հայտնի էր դեռևս Արտաշես Ա-ի ժամանակվանից (մ. թ. ա. 89 - 160), որպես Մեծ Հայքի թագավորության մի մասը Գուգարքի նահանգի Ձորոփար գավառում։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո այն անցել է Սասանյաններին։ Արաբական արշավանքների ժամանակ մինչև 9-րդ դարի վերջերը եղել է Արմինիա վարչական միավորի կազմում։
10-ից 11-րդ դարերում այդտեղ իշխել են Կյուրիկյանները։ 1118 թվականին այն Վրաստանին միացրեց Դավիթ Շինարարը։ 12-ից 14-րդ դարերում եղել է Զաքարյան Հայաստանի կենտրոնական շրջաններից մեկը։
Պղնձահանքերի օգտագործման մասին տեղեկություններ են պահպանվել Կիրակոս Գանձակեցու և Վարդան Պատմիչի աշխատություններում։ Ալավերդին պատմական աղբյուրներում հիշատակվում է Մանես կամ Մանասգոմեր անուններով։
Օգտվելով հայերի պառակտումից և թուլությունից՝ վրաց Հերակլ II թագավորը պղնձի հանքերն օգտագործելու համար 1770 թվականին Պոնտոսից 800 հույն ընտանիք բերել և բնակեցրել է Ալավերդիում։ Նրանք 1763 թվականին կառուցեցին Ախթալայի արծաթագործական, 1770 թվականին՝ Ալավերդու և Շամչաղի պղնձաձուլական գործարանները, Մադան գյուղը։ Թագավորի շնորհած արտոնությունների դիմաց հույները պարտավոր էին նրան հանձնել ստացվող ոսկին։ Արխիվային նյութերում հանքագործները հիշատակվում են «արծաթաճորտ» անունով։
1795 թվականին Ալավերդին ասպատակել է Աղա-Մահմեդ խանը՝ ավերելով հանքերն ու գործարանները, կոտորելով ու գերելով շատ հանքագործների։
1801 թվականին Ալավերդին Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին։ Ալավերդու հանքերը և ձեռնարկությունները պայմանագրով հանձնվեցին հույն կապալառուներին։ 1880-ական թվականներին ուժեղանում է արտասահմանյան և ռուսական կապիտալի ներթափանցումը Հայաստանի և, մասնավորապես, Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ։
1887 թվականից գերիշխող դիրք է գրավում ֆրանսիական կապիտալը։ Ալավերդիում պղնձի արտադրության զարգացմանը խթանել է 1899 թվականին կառուցված Թիֆլիս–Ալեքսանդրապոլ (Գյումրի) երկաթուղին։
Ֆրանսիական ձեռնարկատերերի ջանքերով ծավալվել են հանքահետախուզական աշխատանքներ, բացվել նոր հանքահորեր, կառուցվել հզոր հնոցներ, հալոցքային վառարաններ, արհեստանոցներ, օժանդակ շինություններ։ Ալավերդիում պղնձի արտադրությունը դրվել է արդյունաբերական հիմքի վրա։ 1909 թվականին Դեբեդի վրա կառուցած ջրաէլեկտրակայանն սկսեց էլեկտրաէներգիա մատակարարել Ալավերդու ձեռնարկություններին։ Բնական հարստությունների և բանվորական ուժի շահագործմամբ հանդերձ այս միջոցառումները խթանել են պղնձի արտադրության արագ աճը՝ մեծ շահույթ բերելով ձեռնարկատերերին։ 1913 թվականին Հայաստանը տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի մեկ հինգերորդը, որի 67 % բաժին էր ընկնում Ալավերդու և նրա շրջակայքի ձեռնարկություններին։
1918 թվականի նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Լոռու տարածաշրջանի Սանահին կայարանում (ներկայում Ալավերդի քաղաքի թաղամաս), Օձուն գյուղում, Ալավերդի քաղաքի մատույցներում (ներկայում Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի մոտակայք) և այլ վայրերում[16][17][18][19] սկսվեցին հայ-վրացական զինված ընդհարումներ[18][16][17][18]։
Ալավերդի քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այդ են վկայում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերն ու հուշարձանները։ Այստեղ մշտապես բնակություն են հաստատել հայեր, որոնք կազմում են քաղաքի բնակչության գերակշռող մասը։ Բնակվում են նաև հույներ, որոնք տեղափոխվել են Պոնտոսից 1770-ական թվականներին։ Քաղաքի բնակչությունն աճել է արդյունաբերության զարգացման, հետևաբար՝ քաղաքի զարգացմանը զուգընթաց։
Ալավերդու ազգաբնակչության փոփոխությունը 1831-2010 թվականների ժամանակահատվածում[20][21]․
Քաղաքում գործում է 6 մանկապարտեզ, որտեղ դաստիարակվում են 420 երեխա, 10 հանրակրթական դպրոց 2000 աշակերտով, արվեստի 3, այդ թվում՝ Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի, Ալավերդու մանկական արվեստի և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցներ ընդհանուր 60 աշակերտով, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն 15 սանով։
Կրթական համակարգի մաս են կազմում նաև Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղը, Ալավերդու պետական քոլեջը ավելի քան 100 ուսանողով և Ալավերդու արհեստագործական ուսումնարանը[22]։
1934 թվականին շահագործման հանձնվեցին պղնձարջասպի, 1939 թվականին՝ ծծմբաթթվի, 1947 թվականին՝ սուպերֆոսֆատի գործարանները։ 1932 թվականին Ձորագետի հիղրոէլեկտրակայանի կառուցմամբ ընդլայնվեց Ալավերդու արդյունաբերության էներգետիկ հիմքը։ Երկրաբանական հետախուզությունների շնորհիվ հայտնաբերվեցին նոր հանքավայրեր։ 1945 թվականին պղնձարջասպի և ծծմբաթթվի գործարանների միացմամբ ստեղծվեց քիմիական գործարանը։ 1949 թվականին Ալավերդիում առաջին անգամ ստացվեց վայերբարսային պղինձ, որը որպես հումք օգտագործվում է հատկապես Երևանի կաբելի գործարանում։
1957 թվականին կազմակերպվեց Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Ալավերդին մտավ Խորհրդային Միության գունավոր մետաղագործության և քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոնների շարքը։ 1969 թվականին քաղաքի արդյունաբերական արտադրանքի մոտ 90 %–ը տվել են արտադրության այդ ճյուղերը։ ԽՍՀՄ–ում և արտասահմանյան տասնյակ երկրներում հայտնի էր Ալավերդու պղնձարջասպը։
Ալավերդիում զարգացել էր նաև թեթև ու սննդի արդյունաբերությունը։ Ստեղծվեցին հացի, պանրի, գարեջրի գործարաններ, տեքստիլ և կարի ֆաբրիկաներ, բնակչության կենցաղային սպասարկման ձեռնարկություններ։
1972 թվականին Ալավերդու ձեռնարկությունների բանվորների թիվն անցնում էր 5 հազարից, աշխատում էին բարձրագույն կրթությամբ ավելի քան 500 մասնագետներ՝ ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, գյուղատնտեսներ։ Ալավերդիում գործում է Երևանի լեռնա-մետալուրգիական ԳՀԻ-ի բաժանմունքը։
Ալավերդին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան զբոսաշրջային ճանապարհի խաչմերուկում և շրջապատված է բնապատմական հարուստ միջավայրով։ Այստեղ կարելի է տեսնել անտառապատ սարեր և ձորեր, քչքչան գետեր և լեռնային լճակներ։ Բնությունը հարուստ է վայրի մրգերով և հատապտուղներով։ Քաղաքին մոտ են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկված 10-րդ դարի Հաղպատի և 966 թվականի Սանահինի վանական համալիրները, VI դարի Օձունի եկեղեցին, 1171 թվականի Քոբայրի վանքը, 5-ից 6-րդ-րդ դարի Հոռոմայրը, 1233 թվականի Կայան բերդը, 12-րդ դարի Սանահինի կամուրջը, Ախթալայի 10-րդ դարի վանքն ու բերդը, Դսեղ գյուղն իր պատմական հուշարձաններով և թանգարաններով։
Ալավերդի քաղաքի ներքին և արտաքին տրանսպորտային համակարգը հիմնականում հարմարեցված է զբոսաշրջային ճանապարհներին։ Գործում է Երևան–Ալավերդի, Վանաձոր–Ալավերդի միկրոավտոբուսային ուղղությունները։ Վրաստանից Ալավերդի կարելի է հասնել Երևան–Թբիլիսի միկրոավտոբուսներով։ Ավտոբուսային ցանց է գործում նաև հարակից բնակավայրերի, այդ թվում՝ Հաղպատ, Սանահին, Օձուն գյուղերի, ինչպես նաև Ախթալա քաղաքի հետ տրանսպորտային կապը ապահովելու համար։ Օրվա ցանկացած ժամի աշխատում են տաքսիները, որոնք այցելուներին կհասցնեն վերը նշված յուրաքանչյուր զբոսաշրջային օբյեկտ։ Ալավերդիով է անցնում նաև Երևան–Թբիլիսի երկաթուղին, որը կանգառ է կատարում Սանահին կայարանում։
1920-1930 թվականներին Ալավերդու բանվորական ավանն ընդգրկում էր միայն Մանեսը։ Արդյունաբերական զարգացմանը զուգընթաց աճելով՝ Ալավերդին աստիճանաբար իր շրջագծի մեջ է վերցրել Լենհանքերը, Սանահինը, համանուն երկաթուղային կայարանը՝ ավանով հանդերձ, Ակները։ Ալավերդու հատակագծման աշխատանքներն սկսվել են 1929-1930 թվականներին՝ ճարտարապետ Միքայել Մազմանյանի ղեկավարությամբ։ Այդ հատակագիծը վերահաստատվել է 1946 թվականին։
1959-1962 թվականներին ճարտարապետ Լևոն Չերքեզյանի գլխավորությամբ կազմվել է Սանահինի սարահարթի կառուցապատման նախագիծը։ Քաղաքը կառուցվել է բավականին բարդ ռելիեֆում, որին բնորոշ են տարբեր մակարդակի բարձրությունները՝ 750-1400 մ և ընդգծված թեքությունները՝ մինչև 35 աստիճան։
Հաղթահարվել են ռելիեֆով պայմանավորված կառուցապատման դժվարությունները. վերակառուցվել ու վերափոխվել է, դարձել բարեկարգ քաղաք, ստեղծվել են տրանսպորտային կապեր տարբեր բարձրությունների վրա գտնվող քաղաքի թաղամասերի միջև։ Դեբեդի ձախ ափին կառուցվել է քարակերտ բազմահարկ շենքերի բնակելի թաղամասը։ Նախագծվել և կառուցվել են բազմաթիվ հասարակական, արտադրական ու վարչական շենքեր։ Դեբեդ և Լալվար գետերի վրա կառուցվել են նոր կամուրջներ։ Սանահին Սարահարթում կառուցվել է երկու միկրոշրջան՝ 12 000 մարդու համար։ Կառուցվել էր Սարահարթը բուն քաղաքի հետ կապող խճուղի և ճոպանուղի։
1932 թվականինց Ալավերդում հրատարակվել է «Պղնձի ֆրոնտում» թերթը, որը պիտի նպաստեր Խորհդրային կառավարության կողմից ալավերդցի պղնձագործներին տրված 6000 տոննա պղինձ ձուլելու առաջադրանքի կատարամանը։ Թերթը հետագայում վերանվանվեց «Լոռի», ներկայումս շարունակվում է տպագրվել «Թումանյանական աշխարհ» անվանումով։ 1959 1989 թվականներին տպագրվել է «Ձուլող» թերթը, 1950-ական թվականներից մինչև 1990-ականների կեսերը գործել է Ալավերդու ռադիոխմբագրությունը, որը լուրեր է հեռարձակել Պետական ռադիոյի եթերացանցով։ Տարբեր տարիների հրատարակվել են «Երկրապահ», «Դեբեդ», «Վերնատուն», «Գրական Լոռի» և այլ պարբերականներ։ 1998 թվականից Ալավերդի քաղաքում և հարակից 10 բնակավայրերում հեռարձակվում է «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը։