Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։
Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն։ Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։ Գրական նոր հայերենիարևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։
Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։
Հայերենը՝ հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ
19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները (հիմնականում բառապաշարային) ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ, և հայերենը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել այդ լեզվաընտանիքում։
Հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի հեղինակները՝ Հայնրիխ Պետերմանը և Ֆրիդրիխ Վինդիշմանը առաջ էին քաշում այն դրույթը, ըստ որի հայերենը պատկանում է հնդիրանյան/արիական/ լեզվախմբին։ Դրան էին հանգեցրել շուրջ 1400 բառերի առկայությունը, որոնք պարսկերենից փոխառություններ էին։ Սակայն այս տեսակետը հետագայում մերժվեց։
Գրական հայերենի զարգացման փուլերը
Հայերենը անցել է զարգացման երկարատև ուղի, սակայն հիմնական տեղեկություններ մեզ հայտնի են 5-րդ դարից (405 թվականից)՝ գրերի գյուտից սկսած։ Մինչ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն ժամանակակից այբուբենի ստեղծելը, անշու՛շտ, հայերենն ու հայերեն գրերը գոյություն են ունեցել, քանի որ հայերենը հանդիսացել է նախկինում ձևավորված հայկական թագավորությունների և պետական կազմավորումների պաշտոնական լեզուն։ Որպես ապացույց է ներկայացվում նաև հայ թագավոր Աբգար V–ի և Հիսուս Քրիստոսի միջև եղած նամակագրությունը, որը եղել է հայերեն[5]։ Սակայն հայերենի նախամաշտոցյան շրջանի մասին տեղեկությունները քիչ են կամ դեռևս չեն հայտնաբերվել, այդ իսկ պատճառով այս տեսակետի մասին քիչ է խոսվում։
405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը՝ սկիզբ դնելով հայերենի գրային ժամանակակից փուլին, որն իր հերթին բաժանվում է մի քանի ենթափուլերի։
Գրային հայերենի առաջին փուլը հին հայերենն է կամ, ինչպես ընդունված է կոչել, գրաբարը։ Գրաբարը հայերենի հին շրջանի գրական մշակված տարբերակի անվանումն է։ Այն օգտագործվում էր գրիչների մատյաններում, եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ և առօրյա կյանքում, սակայն ժամանակի ընթացքում խոսակցական լեզուն այնքան է հեռանում գրական լեզվից, որ հասարակ շինականը չէր հասկանում այն։ Այնուամենայնիվ գրաբարը լայնորեն գործածվում էր մինչ 11-րդ դար։
Առաջին նախադասությունը, որ գրվել է գրաբարով, գրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, և այն է՝
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Վերջինս նշանակում է ճանաչիր իմաստությունը և խրատը, իմացիր հանճարի խոսքերը։
Միջին հայերենը կամ Կիլիկյան հայերենը գործածվել է 11-րդ դարից մինչ 16-րդ դարը։ Այն իր բարդությամբ իհարկե զիջում էր գրաբարին, սակայն մտցված փոփոխությունները բավարար չէին, որ այն դառնար հանրությանը մատչելի լեզու։
Աշխարհաբարը կամ նոր հայերենը գործածվել է 17-րդ դարից և վերջնականապես ձևավորվել 19-րդ դարում։ Այսօր աշխարհաբարը համարվում է հայ ժողովրդի հաղորդակցման հիմնական միջոցը։ Աշխարհաբարի հիմնադիրը հայոց մեծ գրող և լուսավորիչ Խաչատուր Աբովյանն է։
Գործածվում է Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Իրանում, Ռուսաստանում և Վրաստանում ապրող հայերի կողմից որպես գրական լեզու։ Այս ճյուղն առաջացել է Վանի, Խոյի և մեծապես Այրարատյան բարբառի միախառնումից։ Այսօր Հայաստանի և Արցախի տարածքում տիրապետող գրական լեզուն արևելահայերենն է։
Հայերենը նման է հնդեվրոպական լեզուներին իր կառուցվածքով, սակայն հնչյուններով և քերականական առանձնահատկություններով պարունակում է նմանություններ՝ աշխարհագրությամբ մոտիկ Կովկասի շրջանի լեզուներին։
Լեզվի հնչյունների, ինչպես նաև վանկի, շեշտի, հնչյունափոխության ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյունաբանությունը, որը լեզվաբանության բաժիններից մեկն է։ Հնչյունաբանության խնդիրն է՝ ներկայացնել լեզվի հնչյունական համակարգը և գրավոր խոսքում դրան համապատասխանող գրային համակարգը։ Գործնական նպատակն է՝ մշակել խոսքը ճիշտ արտասանելու, անսխալ կարդալու և գրելու կանոններ, նպաստել ոչ գրական արտասանությանը բնորոշ երևույթներից խուսափելուն[9]
Հայերենն ունի իրեն հատուկ հնչյունական համակարգ, որին գրավոր խոսքում համապատասխանում է մաշտոցյան բնիկ հայկական գրային համակարգը։
Հայերենն ունի 36 հնչյուն՝ վեց ձայնավոր և երեսուն բաղաձայն։ Վեց ձայնավորները գրվում են ութ տառով։ Ձայնավորներն են՝ ա, ի, ու, օ, ը, է (ե), օ (ո)։ Բաղաձայն հնչյուններն են՝ բ, գ,դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ։ Ըստ ձայնի և աղմուկի պարունակության՝ ժամանակակից հայերենում բաղաձայնները լինում են ձայնեղ, ձայնորդ և խուլ, վերջինս իր հերթին բաժանվում է երկու ենթախմբերի՝ պարզ խուլ և շնչեղ (իրենց մեջ շունչ՝ հագագ ունեցող) խուլ բաղաձայններ։ Բ, գ,դ, պ, կ, տ, փ, ք, թ, բաղաձայնները կոչվում են պայթականներ, իսկ ձ, ջ, ծ, ճ, ց, չ բաղաձայնները՝ պայթաշփականներ։ Այս բոլոր բաղաձայնները, պատկանելով երեք տարբեր խմբերի, կազմում են եռաստիճան համակարգ։
Հայերենի յ բաղաձայնի արտասանության ժամանակ, ի տարբերություն մյուս բաղաձայնների, ձայնալարերն ավելի են թրթռում և ավելի շատ ձայն է առաջանում։ Հետևաբար մյուս բաղաձայններից առանձնացնելու համար յ հնչյունը կոչում են նաև կիսաձայն։ Ձայնավորների հետ յ–ն կազմում է կապակցություն, որը կոչվում է երկհնչյուն։ Երբ յ–ն հայտնվում է երկու ձայնավորների միջև այն երկհնչյուն է կազմում ոչ թե նախորդ, այլ հաջորդ ձայնավորի հետ։ Հայերենի երկհնչյուններն են այ, յա, ույ, յու, եյ (էյ), յե (յէ), օյ (ոյ), յօ (յո), յի, յը։
Խոսելիս օդը արտաշնչվում է պարբերական մղումներով։ Ամեն մի մղում համընկնում է մեկ կամ միասնաբար արտասանվող մի քանի հնչյունների։ Այդ հնչյունը կամ հնչյունների խումբը, որ արտասանվում է մեկ շնչով կամ օդի մեկ մղումով, կոչվում է վանկ։ Չի կարող լինել վանկ առանց ձայնավորի, այդ պատճառով էլ հայերենում ձայնավորը վանկարար հնչյուն է, այսինքն՝ վանկ կազմող հնչյուն։ Վանկերը միավանկ են, եթե կազմված են մեկ վանկից և բազմավանկ են, եթե ունեն երկու և ավելի վանկեր։ Դրանք ինքնին իմաստ չունեն և իմաստազուրկ են, սակայն հանդիսանում են իմաստակիր միավորներ՝ բառեր կազմելու միջոցներ։ Ըստ իրենց տեսակների՝ վանկերը լինում են բաց և փակ։ Բաց վանկերը վերջանում են ձայնավորով, փակերը՝ բաղաձայնով։ Վանկ կարող են կազմել նաև լսվող, սակայն չգրվող ը–երը։ Արտասանվող, բայց չգրվող ը ձայնավորով վանկը կոչվում է գաղտնվանկ։ Կան բառասկզբի և բառավերջի գաղտնավանկեր, որոնցում ը–ն խիստ թույլ է հնչում։ Դրանք կոչվում են կիսավանկեր։ Այդպիսին են բառասկզբի սպ, սկ, ստ, սփ, սք, սթ, զբ, զգ, շպ, շտ, շկ հնչյունակապակցությունների դեպքում առաջացող ըս–, ըզ–, ըշ– փակ գաղտնավանկերը և բառավերջի տր, դր, կր, ցր, ձր, նր, փռ, գղ և նման հնչյունակապակցություններով փակ գաղտնավանկերը։ Նման վանկ ունեցող երկվանկ բառերը երբեմն համարվում են մեկուկես վանկանի[10]։
Տողադարձ է կոչվում այն դեպքը, երբ բառի մի մասը հաջորդ տող է տեղափոխվում։ Նախորդ տողում մնացած մասի մոտ դրվում է տողադարձի գծիկը (–), որը կոչվում է ենթամնա։ Տողադարձում են այն դեպքում, երբ բառը հնարավոր չի լինում ամբողջական տեղավորել միևնույն տողի վրա։
Շեշտը որևէ ձայնավորի կամ վանկի համեմատաբար ուժգին արտասանությունն է։ Ժամանակակից հայերենում շեշտը վերջնավանկային է, այսինքն՝ դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա։ Հայերենում շեշտակիր են բոլոր ձայնավորները, սակայն ը ձայնավորը շեշտ է կրում միայն այն դեպքում, եթե բառի միակ ձայնավորն է։ Բառի աճման կամ փոփոխության դեպքում, երբ բառի վերջից նոր մասնիկներ կամ բաղադրիչներ են ավելանում, այսինքն՝ նոր վանկեր, շեշտը տեղափոխվում է բառի վերջին վանկի վրա։ Հետևաբար շեշտը հայերենում կայուն–շարժական է։ Իհարկե կան նաև այս ընդհանուր օրինաչափությունից առանձին շեղումներ։
Հայերենում գոյություն ունի նաև տրամաբանական շեշտ։ Այն նախադասության բառերից մեկի բառային շեշտի համեմատաբար ուժգին արտասանությունն է և ունի ճարտասանական–իմաստային նշանակություն։ Գրավոր խոսքում այն արտահայտվում է կետադրությամբ, իսկ բանավոր խոսքում՝ հնչերանգով՝ ընդգծված արտասանությամբ[11]։
Բառակազմության կամ բառի թեքման ժամանակ կամ անկախ դրանից բառի (հիմքի) կազմում որևէ հնչյունի կամ հնչյունակապակցության փոփոխությունը կոչվում է հնչյունափոխություն։ Հնչյունափոխության պատճառները տարբեր են լինում, սակայն ամենից տարածված պատճառը շեշտափոխական հնչյունափոխությունն է, երբ շեշտից զրկվելուց տվյալ ձայնավորը կամ հնչյունակապակցությունը փոփոխվում է։ Հայերենում առավել հաճախ հնչյունափոխվում են է (ե), ի, ու, ը ձայնավորները և յա, ույ, յու երկհնչյունները։ Հազվադեպ կարող են հնչյունափոխվել նաև ա, օ (ո) ձայնավորները։ Կան ձայնավորների հնչյունափոխության տարբեր դեպքեր։ Օրինակ՝ ձայնավորների կամ երկհնչյունների սղումը, դրանց վերածումը գաղտնավանկի ը–ի, որը գրավոր խոսքում վերականգնվում է միայն տողադարձելիս և վանկատելիս։ Կան ձայնավորներ, ինչպիսիք են ի և ու ձայնավորները, որոնք կարող են հնչյունափոխվել բաղաձայնի։ Ի–ն կարող է –ակ ածանցից առաջ դառնալ յ մոտ ութ բառերում (աղավնի, ալի, լողուղի, կղզի, հոգի, որդի, ջորի, պատանի), իսկ բառավերջի բաց վանկի ու–ն կարող է դառնալ վ ավելի քան տասը բառերում (ուրու, առու, լու, բու, տու, երկու, լեզու, չու, մեղու, կկու, թթու և այլն)։ Ը ձայնավորը միայն սղվում է, եթե նրան հաջորդում է ձայնավորով սկսվող բառարմատ, ածանց կամ որևէ այլ մասնիկ[12]։
Հայերենի բառապաշարն ըստ ծագման բաժանվում է մի քանի շերտերի։ Գլխավոր շերտը բնիկ հայերեն բառերն են։ Բնիկ հայերեն են համարվում այն բառերը, որոնք ի սկզբանե եղել են հայերենում, որպես ժառանգություն ստացվել են մայր լեզվից՝ հնդեվրոպական նախալեզվից, և հայերենին ձուլված լեզուներից կամ դրանց հիման վրա ինչ-որ ժամանակ առաջացել են հենց հայոց լեզվի ներսում։
Ծագումնաբանական տեսակետից ժամանակակից հայերենի բառապաշարը բաժանվում է հետևյալ խմբերի. բնիկ հայերեն բառեր և փոխառյալ բառեր։
Բնիկ հայերեն բառերը (930) կազմում են հնդեվրոպական բառապաշարը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա։
Հայերենի բառապաշարը զարգանում է լեզվում առկա բառերից նոր բառեր կազմելով, ինչպես նաև փոխառություններ կատարելով՝ հնարավորիս զերծ մնալով անհարկի օտարաբանությունների ներմուծումից։
Ըստ առարկայի հատկանիշի արտահայտման ձևի (ուղղակիորեն կամ միջնորդավորված)՝ հայերենում ածականները լինում են որակական ու հարաբերական։ Որակական ածականներն ունեն համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։
Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան։ Դրանք են. տրոհության՝ բացատը ( ), վերջակետը (:), միջակետը (.), ստորակետը (,) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜), ու բացահայտության՝ չակերտները («»), փակագծերը (()), օգտագործվում են նաև ({}), ([]), կախման կետերը (...), բազմակետերը (....), միության գծիկը (-), անջատման գիծը (―), ենթամնան (֊) և ապաթարցը (՚): Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատիվը (՟), որն օգտագործվում է հապավումները և փակագրերը նշելու համար, քմայնացման նշանը (”), աստղանիշը (*), մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //) և այլն։
Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելահայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու արևմտահայերենի հիմնական տարբերությունը որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ է։
↑«Iraqi Constitution: Article 4»(PDF). The Republic of Iraq Ministry of Interior General Directorate for Nationality. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին. «The right of Iraqis to educate their children in their mother tongue, such as Turkmen, Syriac, and Armenian shall be guaranteed in government educational institutions in accordance with educational guidelines, or in any other language in private educational institutions.»
↑Դասական ուղղագրության մեջ «ու»-ն համարվում է կցագիր։ Ժամանակակից արևելահայերենի այբուբենում «ու» ընդունվում է որպես առանձին տառ և փոխարինում է «ւ»-ին։
↑«և»-ը կցագիր է և չի համարվում այբուբենի առանձին տառ։
↑Հայերեն ծունկ, գործ, մեծ և անծանոթ բառերում Ծ հնչյունը համապատասխանում է հնդեվրոպական *ǵ- հնչյունին։
↑ 14,014,1"yare" (տարի) բառը պարսկերենին ու սանսկրիտին անցել է Հնդիրանական քույր լեզվից՝ ավեստայից։
↑ 15,015,115,215,3Լատիներենում ժխտական նախածանցներն են՝ "in-" և "i-", հունարենում ու սանսկրիտում՝ "an-" and "a-", որ համապատասխանում են հնդեվրոպական նախալեզվի *n- մասնիկին։
Արտաքին հղումներ
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 159)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!