Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ։
Ըստ հարուստ պատմական տվյալների պարզ է դառնում, որ վերջին երկու հազար տարիների ընթացքում Հայկական լեռնաշխարհում ամենաուժեղ երկրաշարժը հասել է 10 բալի (12 բալային սանդղակով) (Երզնկայի տարածք)։ Երկրաշարժերը կապված են ակտիվ խորքային խզվածքներով և դրանց հատման շրջաններով։
Ընդհանուր տեղեկություններ
Հայկական լեռնաշխարհում երկրաշարժերի օջախներն ունեն ոչ խորը՝ 30-35 կմ խորություն, այսինքն դրանք գտնվում են երկրակեղևում, որի պատճառով երկրաշարժերը կոչվում են երկրակեղևային։ Առավել ինտենսիվ երկրաշարժերի օջախները գտնվում են 10-15 կմ խորություններում։ Ֆորշոկային և աֆտերֆորշոկային ակտիվությունը Հայաստանի տարածքում կարճ է տևում։ Հանրապետությունում կան տարածքներ (Զանգեզուր, Գյումրի), որտեղ ուժեղ երկրաշարժերին չեն նախորդել թույլերը։ Ոչ միշտ է, որ ուժեղ երկրաշարժերի գոտիներում թույլ ցնցումները շատ են և հակառակը, կան թույլ երկրաշարժի շրջաններ, որտեղ ուժեղ երկրաշարժերը քիչ են (Սևանի ավազան, Վարդենիսի լեռներ)։
Հանրապետության ողջ տարածքը բաժանվում է 7 և 8 բալային սեյսմիկ գոտիների։ Դրանցից են՝ Շիրակի և Արարատյան դաշտեր, Վայոց ձոր և հարավային Զանգեզուր։ 8 բալային գոտում ներառված է Հայաստանի ողջ տարածքի 70%, իսկ 7 բալային գոտում՝ 30%: Երկրաշարժերի ուժգնությունը սակայն կարող է հասնել 9-10 բալի (12 բալային սանդղակով), որը կախված է խորը խզվածքների հանգույցների հատումների հետ (Գյումրի, Զանգեզուր, Վայոց ձոր)։
Կոտրվածքներ
Հայաստանի տարածքում խոշոր խզվածքներ են՝ Գառնիի, Փամբակ-Սևանի, Ժելտորեչենսկ-Սարիղամիշի և Ախուրյանի։
Գառնիի խզվածք, բացի սեյսմիկ ակտիվությունից աչքի է ընկնում նաև բարձր տեկտոնական ակտիվությամբ։ Խզվածքի հետ են կապված 4 խոշոր երկրաշարժերը՝ 906 թվականին Վայոց ձորում, 1679 և 1827 թվականներին Գառնիում[1], 1988 թվականին՝ Սպիտակում։ Գառնիի խզվածքի ընդհանուր երկարությունը կազմում է 290 կմ և բաժանվում է չորս հատվածի։
Փամբակ-Սևանի խզվածքի երկարությունը մոտ 370 կմ է։ Կազմված է երկու հատվածից՝ Փամբակ-Սևանի (արևմտյան), որի երկարությունը 260 կմ է, և Խոնարասարի (արևելյան)՝ 110 կմ երկարությամբ։ Սրա հետ է կապված դեռևս 5-6-րդ հազարամյակների երկրաշարշերը, ինչպես նաև Գանձակի՝ 895, 915, 1139, 1308, 1407, 1931 և 1968 թվականների երկրաշարժերը։
Ախուրյանի խզվածքի երկարությունը կազմում է 150 կմ՝ Տեկորից մինչև Ախուրյանի ջրամբար։ 950 տարիների ընթացքում այստեղ տեղի է ունեցել 26 երկրաշարժ, որից 6-ը՝ աղետալի։
Ժելտորեչենսկ-Սարիղամիշի խզվածքը սեյսմիկ և տեկտոնական մեծ ակտիվությամբ է աչքի ընկնում։ Ընդհանուր երկարությունը կազմում է 350 կմ։ Ուժեղ երկրաշարժեր են գրանցվել Սարիղամիշում, Նորմանում և Պարտիզում[2]։
Երկրաշարժերը Հայաստանում
Այս ցանկում թվարկված են երկրաշարժերը, որոնք տեղի են ունեցել ժամանակակից և պատմական Հայաստանների տարածքում։
↑Utsu, T.R. (2002), «A List of Deadly Earthquakes in the World: 1500–2000», International Handbook of Earthquake & Engineering Seismology, Part A, Volume 81A (First ed.), Academic Press, էջ 705, ISBN978-0124406520