Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2023 թվականի վիճակագրական տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 48 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99% և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։
Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հնագույն ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։
«Վայոց ձոր»-ը «Վայքի ձոր» տեղանվան գրաբարյան տարբերակն է։ Տեղանվան ծագումնաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Համաձայն այդ հիպոթեզներից ամենատարածվածի՝ «Վայոց ձոր» նշանակում է «Վշտերի ձոր»։ Այս տարբերակը մեկնաբանությունը կապված է Վայոց գավառի գլխավոր քաղաքում՝ Մոզում 735 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ, որի ժամանակ զոհվում է շուրջ 10 հազար մարդ։ Կիրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը գավառի Վայոց ձոր անվանումը կապում է հայերեն «վայ» բառի հետ։ Այնուամենայնիվ, այս տարբերակը համարվում է ոչ ճիշտ, քանի որ «Վայոց ձոր» տեղանվան հիշատակումներ եղել են Մոզի երկրաշարժից առնվազն 300 տարի առաջ։ 5-րդ դարի պատմիչ Եղիշեն հիշատակում է կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Մովսես Խորենացին նույն անձի մասին գրում է «քահանայապետն Վայոց ձորի Հողոցիմ գյուղից» և այլն[2][3][4]։
Ժամանակակից ուսումնասիրողները առաջ են քաշում մեկ այլ վարկած, համաձայն որի Վայոց ձոր գավառի անվանումը կապված է Վանի թագավորության տարածքում բնակված «վայ» ցեղի կամ դիցանվան հետ։ Չի բացառվում նաև, որ այն կարող է կապված լինել որևէ աշխարհագրական օբյեկտի հետ։
Պատմություն
Վայոց ձորի մարզը զբաղեցնում է պատմական ՀայաստանիՍյունյաց նահանգինույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ինչպես Վայոց ձորի, այնպես էլ նրանում գտնվող մի շարք բնակավայրերի մասին հայկական և օտարալեզու սկզբնաղբյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ և վկայություններ։
1273-1279 թվականներին մատուռի տեղում, Պռոշ իշխանի և նրա ընտանիքի հովանավորությամբ, շրջակայքի բնակիչների ուժերով մուգ կապտավուն բազալտի սրբատաշ քարերով կառուցվել է ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով (արևելյան կողմինները՝ երկհարկ), արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածքով Թանադե վանքը[15]։ Նույն սկզբնաղբյուրի հավաստմամբ 13-14-րդ դարում այստեղ կառուցվել է նաև Նորավանքի համալիրը՝ հայ միջնադարյան ճարտարապետության մարգարիտներից մեկը[16]։ Նորավանքի պատմությունը կապված է ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անունների հետ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի մի շարք նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։ Ըստ էության, Նորավանքի վանքային համալիրը հիմնադրել է Վահանավանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, որը 1105 թվականին այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսանիստ ճանաչելու վերաբերյալ[16]։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունյաց աշխարհում իշխող Օրբելյան իշխանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։
Արցախյան շարժման և պատերազմի սկզբից հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ (130 կմ) գտնվող վայոցձորյան բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների և հրթիռակոծությունների։ Իրավիճակի բարդությունը կայանում էր նրանում, որ մարզում զգալի թիվ էին կազմում ադրբեջանաբնակ և խառը բնակչությամբ գյուղերը։ 1989 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ավելի հաճախակի են դառնում ազգամիջյան բախումները և միջադեպերը։ Հետագա բախումները կանխելու նպատակով Եղեգնաձորի և Վայքի շրջանների ղեկավարությունը կազմակերպում է ադրբեջանցիների ապահով տեղափոխությունը Նախիջևան։
1991 թվականին Վայոց ձորը մտնում է նորանկախ Հայաստանի կազմի մեջ։ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում որպես առանձին վարչատարածքային միավոր ձևավորվում է Վայոց ձորի մարզը։
Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Արփա գետի ավազանում, և շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածով։ Սահմանակցում է է Հայաստանի մարզերիցԱրարատին, Գեղարքունիքին, Սյունիքին, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի ԻՀ-ին[22]։ Վայոց ձորը հարևան մարզերից տարանջատված է տարածքի մակերևույթի առանձնահատկությամբ։ Վայոց ձորի գոգավոր տարածքը՝ շրջապատված բարձրադիր լեռներով և ջրբաժան լեռնաշղթաներով, այն դարձնում է աշխարհագրական մեկ ամբողջություն։ Բնական գործընթացների արդյունքում այս տեղանքում առաջացել են բազմաթիվ լեռնաշղթաներ, ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որոնք առավել բազմազան են դարձնում Վայոց ձորի բնապատկերը։ Մարզի տարածքը գտնվում է Հայաստանի բարձրադիր հատվածում։
Ինչպես Վայոց ձորը, այնպես էլ ողջ հարավային Հայաստանը գտնվում են գեոսինկլինալային գոտում (աշխարհագրական գոտի, որտեղ չեն ավարտվել լեռնակազմական գործընթացները), ուստի այստեղ հնարավոր երևույթներ են երկրակեղևի սաստիկ ցնցումները։ Այս ամենի մասին վկայում է 735 թվականի Մոզի ավերիչ երկրաշարժը։ Գերակշռում են պալեոգենի և ստորին նեոգենի նստվածքային և նստվածքահրաբխային ապարաշերտերը։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։
Վայոց ձորի մարզի կլիման գլխավորապես պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ, ըստ բարձրության՝ տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձ։ Ընդհանուր հաշվով, այս մարզի կլիմայական պայմանները աչքի են ընկնում չորությամբ և ցամաքայնությամբ, ինչպես նաև ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով[23]։ Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ օդի միջին ջերմաստիճանը Վայոց ձորի լեռնային շրջաններում հասնում է առավելագույնը մինչև +0.5, իսկ նախալեռներում +8.7ºC-ի[24]։
Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Ձմեռային ամիսներին օրվա միջին ջերմաստիճանի նվազագույն շեմը -4 °C-ն է, իսկ ամռանը՝ հուլիս-օգոստոս ամիսներին, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +26°C-ը։ Ամռան ամիսներին օրվա միջին ջերմաստիճանը տատանվում է +15-ից մինչև +26ºC։ Օդի հարաբերական խոնավությունն առավելագույնը դիտվում է հունվար ամսին` 67-75%, իսկ նվազագույնը` օգոստոսին (39-62%)։ Տարեկան տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800 մմ։ Արևափայլքի ժամային տևողության ցուցանիշով Վայոց ձորը առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի մարզերի ցանկում։ Տարվա օրերի ճնշող մեծամասնությունը արևոտ են (անարև են 365 օրերից միայն 30-40-ը)[25]։
Ձյունածածկույթի բարձրությունը Վայոց ձորի նախալեռներում լինում է 10-76 սմ, իսկ բարձրադիր շրջաններում` մինչև 2 մ[25]։
Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48.3 կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից։ Արփայի ամենամեծ վտակը Եղեգիսն է, որը սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից։ Եղեգիսի ջրերի մի մասը տեղափոխվում է Որոտան-Արփա-Սևան ջրատար։ Գետամերձ հատվածում է գործում Եղեգնաձորի ջրէկ-ը։ Թեքսարի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 3040 մ բարձրությունից սկզբնավորվում է Արփայի մեկ այլ խոշոր աջակողմյան վտակ՝ Հերհերը։ Գետի վրա կառուցված է ջրամբար։
Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով․ մասնավորապես, անտառածածկ է Վայոց ձորի մարզի շուրջ 3700 հեկտարը, որը կազմում է ողջ երկրամասի տարածքի ընդամենը 1,6%-ը։ Այնուամենայնիվ, անտառներում աճող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են՝ հազվագյուտ և էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսարանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։
Ինչպես ֆլորայի (բուսական աշխարհ), այնպես էլ ֆաունայի (կենդանական աշխարհ) շատ տեսակներ գտնվում են վերացման եզրին կամ ուղղակի վտանգված են՝ այդկերպ գրանցված լինելով Հայաստանի «Կարմիր գրքում»։ Բնության պահպանության նպատակով մարզում ստեղծվել են արգելավայրեր։
Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման հիմնանպատակը հանքային ջրերի տաք աղբյուրների սնման ավազանների, ռելիկտային գիհու և խոշոր առեջ կաղնուլեռնային անտառների, կենդանական աշխարհի և այլ արժեքավոր համակարգերի առավել արդյունավետ պահպանությունն է։ Մարզի գրեթե բոլոր էկոհամակարգերը ենթարկվում են մարդու ուղղակի կամ անուղղակի ազդեցությանը, որի արդյունքում էական վնասներ է կրում տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհը՝ ինչպես և ողջ բնական միջավայրը։
Մարդու տնտեսական գործունեությունը և դրա վնասակար հետևանքները առավել ակնառու և նկատելի են անտառային ու ջրային էկոհամակարգերի վրա։ Այդօրինակ դեպքերից առանձնահատուկ հնչեղություն է ստացել Ամուլսարի ճգնաժամն ու տեղի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարը, որը ընթանում է 2018 թվականից ի վեր։ Ամուլսարի հանքավայրի շինարարության ընթացքում մի քանի անգամ վնասվել է մոտակա բնակավայրերի (Ջերմուկ, Գնդեվազ) խմելու ջրի խողովակը, աղտոտվել են խմելու ջրերը, ոռոգման համար նախատեսված ջրամբարները, հանքավայրից տարածվող փոշուց վնասվել են և անպիտան են դարձել խոտհարքներըն ու ցանքատարածությունները, կեղտաջրեր են լցվել մոտակա առվակներն ու գետերը։ Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի ջրամբարի), գետերի (Արփա), գետակների, ինչպես նաև Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, բնակչության առողջական վիճակի վատթարացման հետ[29][30] Կլիմայական փոփոխություններով պայմանավորված էկոմիջավայրի դեմ ի հայտ է գալիս անտառային հրդեհների սպառնալիքը։ Նախորդ տարիներին մարզի անտառծածկույթը զգալի կորուստ է կրել նաև էներգետիկ ճգնաժամի և 2001 թվականին բռնկված հրդեհի պատճառով։
Վարչատարածքային բաժանում
Վայոց Ձորի մարզը կազմված է 5 համայնքներից, որոնք իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական բնակավայրերից։ Վայոց Ձորի մարզի համայնքներն են Արենին, Եղեգիսը, Եղեգնաձորը, Ջերմուկը, Վայքը[31]։
Բավականին ցածր է ուրբանիզացման (քաղաքակենտրոնացման) մակարդակը (35.3%), որը պայմանավորված է խոշոր քաղաքների բացակայությամբ։ Քաղաքային բնակչությունը կազմում է 17.3, իսկ գյուղականը՝ 31.7 հազար մարդ։ Ըստ 2019 թվականի տվյալների՝ կանանց թվաքանակը (25 597, կազմում է՝ 51,1%) գերազանցում է տղամարդկանց (25 597, կազմում է 48,9%)։ Մարզի բնակչության մեջ գերակշռում են 25-34 տարեկանները։
Ազգային փոքրամասնությունների լեզուներից մարզում գործածական է միայն ռուսերենը։ Նրանց կողմից կառուցված պատմամշակութային հուշարձաններ ևս մարզում չկան։ 20-րդ դարի վերջերին Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է հրեական գերեզմանատուն` 64 ամբողջական տապանաքարերով, որը վկայում է նախորդ հարյուրամյակներում այստեղ հրեաների որոշ զանգվածների բնակության մասին։
Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների հոգևոր պահանջմունքները բավարարելու նպատակով մարզում 2010 թվականից գործում է Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմը, որի առաջնորդության ներքո են գտնվում 10 եկեղեցիներ, 5 վանքեր և վանական համալիրներ և 2 մատուռներ։ Վայոց ձորի թեմի առաջնորդը Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է, որի աթոռանիստը Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Վայոց ձորի թեմի մյուս նշանավոր հոգևոր պաշտոններն են Նորավանքի խորհրդակատար քահանան, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվը, Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվը, Խաչիկ համայնքի հոգևոր հովիվը (ի պաշտոնե նաև ՀՀ ԶՈՒ գնդերեց) և Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվը։
Բարբառը անվանվում է նաև Ճահուկ-Վայքի միջբարբառ, քանի որ անցյալում տարածված է եղել նաև ՆախիջևանիՃահուկ գավառի և հարակից գյուղերում (Նորս, Ճահուկ, Ղարաղուշ և այլն)։ Ստորև ներկայացված է վայոցձորյան միջբարբառով գրված տեքստի օրինակ[39]։
Ամեն տարվա հոկտեմբեր ամսի երկրորդ կիրակին տեղացիների կողմից մեծ տոնախմբությամբ նշվում է Բերքի տոնը։ Տոնախմբության կենտրոնը լինում է մարզկենտրոն Եղեգնաձորը, մինչդեռ վերջին տարիներն առանձին հանդեսներ լինում են նաև մյուս համայնքներում։ Յուրաքանչյուր համայնք տոնական շքերթի է դուրս գալիս սեփական բարիքներով ու յուրօրինակ զարդարանքներով։ Տոնախմբությունների շրջանակներում ցուցադրվում են թատերական ներկայացումներ գյուղական կենցաղից[40]։ Բերքի տոնի ընթացքում տեղացիները հյուրերին ծանոթացնում են վայոցձորյան խոհանոցին և կազմակերպում հյուրասիրություն։ Եղեգնաձորում ամֆիթատրոնում անցկացվում է համերգային ծրագիրը, իսկ հրապարակի շուրջը յուրաքանչյուր գյուղի ներկայացուցիչ առանձին տաղավար-սեղանիկներով ներկայացնում են իրենց գյուղերի բերքն ու բարիքը։ Վայոցձորյան հայտնի իրադարձություններից է նաև Գինետոնը, որը վերջին տարիներին նշվում է որպես փառատոն։ Գինու փառատոնի անցկացման վայրը Արենի համայնք է[41]։ Տարատեսակ սորտերի գինիներից բացի[41], ցուցադրվում են նաև ավանդական թխվածքներ։
Վայոցձորյան ավանդական խոհանոցը ամբողջությամբ պարունակում է հայկական խոհանոցի դիմագծերը։ Տեղացիների սիրված ճաշատեսակներից են թթու բանջարը, կարշմը, քյալագյոշը, ղավուրմանով շորվան, նապաստակի քյուֆթան, կաքավի շորվան, տապակած լորը և ուլի խրովը[40]։
Մշակույթ
Գրադարաններ և թանգարաններ
Վայոց ձորի մարզում կան բազմաթիվ մշակութային օջախներ՝ գրադարաններ, թանգարաններ, թատերասրահներ և այլն։ 2014 թվականի տվյալներով, մարզի տարածքում գործում են թվով 45 գրադարաններ, որոնցից մեկը՝ մարզային կենտրոնական, չորսը՝ քաղաքային, իսկ մնացյալ քառասունմեկը՝ գյուղական։ Ամենամեծ գրադարանը Վայոց ձորի մարզային գրադարանն է, որը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում։ Իսկ արդեն 2018 թվականիհուվարի 1-ի դրությամբ, գրադարանն ունի 65 814 պահպանության միավորից բաղկացած հավաքածու՝ գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ։ Գործունեության առարկան ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուի պահպանումն է, համալրումը, մշակումը, գրադարանային, տեղեկատվական, մատենագիտական սպասարկման կազմակերպումը, գրադարանների զարգացման գիտական և մեթոդական աջակցության ապահովումը։ 2013-ից ի վեր հանրային կարգավիճակ ունի նաև Վայքի գրադարանը։
Վայոց ձորի մարզը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով և հնագիտական վայրերով։ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է 1373 հուշարձան՝ 340 պահպանական միավորով, որից 1202-ը՝ Հայաստանի պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[42]։
Արենիի քարանձավ (հայտնի է նաև որպես «Թռչունների քարանձավ»)` պղնձեքարիդարյահնավայր՝ քարանձավային համալիր։ Քարանձավը դասվում է կլաստոկարստային քարանձավների կատեգորիային, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ։ Քարայրի մոտավոր տարածքում 5-րդ դարի հայ պատմիչ Եղիշեն հիշատակել է «Արփանեալ» անունով բերդ կամ ավան։
Պռոշաբերդը (13-րդ դար) գտնվում է Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս՝ զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։ Պահպանվել են ամրոցի պարիսպը և բուրգերը։
Էրթիջի ամրոցը գտնվում է Արփի գյուղի տարածքում և կառուցվել է 12-14-րդ դարերում։ Էրջիթի ամրոցը ունի յուրօրինակ ճարտարապետական կառուցվածք։ Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարյան մարտերի ժամանակ կարևոր նշանակություն է ունեցել։
Օրբելյանների իջևանատունը Չեսար Օրբելյան իշխանի միջոցներով կառուցվել է 1332 թվականին։ Այն որպես իջևանատուն ծառայել է Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող առևտրականների համար։
Շատիվանք, հայտնի է նաև որպես Վերին Նորավանք՝ 10-րդ դարի կրոնական կառույց։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Շատիվանքը 929 թվականին հիմնադրել է Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը։
Ցաղաց քար վանք՝ Արտաբույնք գյուղից 6-7 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին գտնվող կրոնական կառույց, որի հիմնադրումը թվագրվում է 10-11-րդ դարերին։ Եկեղեցու կառուցման մասին տեղեկություններ պահպանվել են Ասողիկ պատմիչի աշխատության մեջ։
Վայոց ձորի մարզի տրանսպորտային համակարգի կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում ավտոմոբիլային ճանապարհները։ Դրանք մեծ նշանակություն ունեն մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Մարզի ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 616.4 կմ[43]։ Մարզի մի ծայրից մյուս ծայրը ձգվում է 108.3 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհ, որը ծառայում է ինչպես ներմարզային, այնպես էլ տրանզիտային փոխադրումների համար։ Վայոց ձորի ավտոմայրուղին Հայաստանի մնացյալ հատվածը կապում է Սյունիքի մարզին և Արցախի Հանրապետությանը։ Վայոց ձորով է անցնում նաև ՀայաստանիցԻրան տանող ճանապարհը[43]։
Միջպետական նշանակության ճանապարհը տարվա բոլոր եղանակներին, որպես կանոն, անցանելի է, մինչդեռ հանրապետական և տեղական նշանակության ճանապարհները ձմռան ամիսներին հաճախակի դժվարանցանելի են դառնում[43]։ Դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններիս զգալի մասն անցնում են լեռնային և բարձրալեռնային գոտիներով, ուր և ձմեռային ամիսներին տիրապետում է մերկասառույցը։
Բավականին զարգացած է եթերային հեռուստատեսության ցանցը։ Մարզի տարածքում գործող 30 թվային հեռուստակայանները կարողանում են 98% ծածկույթային հասանելիություն ապահովել Վայոց ձորում։ Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային ռադիոն, որը հասանելի է մարզի բոլոր բնակավայրերում (Եղեգնաձորում՝ FM 101.4 ՄՀց, Ջերմուկում՝ FM 100.3 ՄՀց, իսկ Վայքում՝ FM 101.9 ՄՀց հաճախականությամբ[45]):
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ը գործում է մարզի 32 բնակավայրերում[46]՝ ապահովելով 100% հասանելիություն։
Վայոց ձորը Հայաստանի ամենագյուղատնտեսական մարզերից մեկն է։ Տարածաշրջանային ազգաբնակչության 65,0 %-ը կազմում են գյուղատնտեսական բնակչությունը, հետևաբար՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները ապահովում են մարզի բնակչության զբաղվածության ամենամեծ տոկոսային մասնաբաժինը։ 2013 թվականի տվյալներով Վայոց ձորում գործում են 11 439 գյուղացիական տնտեսություններ, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող 11 տնտեսվարող այլ սյուբեկտներ։ Մարզի շուրջ 190340.8 հեկտար տարածքը (83,0%) օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով[25]։
Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2010 թվականին կազմել է 13.9 միլիարդ դրամ, 2011 թվականին՝ 15.7 միլիարդ դրամ, 2012 թվականին՝ 18.2.0 միլիարդ դրամ և 2013 թվականին՝ 20 միլիարդ դրամ։ Մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված ցածրադիր և միջին գոտում նպաստավորպայմաններ են ստեղծված բանջարաբուծության, խաղողագործության և պտղաբուծության, իսկ բարձրադիր գոտիներում` հացահատիկի, կերային մշակաբույսերի ու անասնապահության համար։ Վայոց ձորի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից է բուսաբուծությունը, որին բաժին է ընկնում համախառն արտադրանքի շուրջ 33.9 %[25]։ Բուսաբուծության հիմնական ուղղություններն են պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և հացահատիկի արտադրությունը։ Մարզում մշակվող հիմնական մշակաբույսերն են հացահատիկը, ծխախոտը, կարտոֆիլը, խաղողը, հատապտուղները և այլն[25]։ Վայոց ձորի մի շարք ենթատարածաշրջաններ համարվում են Հայաստանի խաղողագործության կենտրոններ, որոնք արտադրում են մեծ ճանաչում ունեցող գինիներ (օրինակ՝ «Արենի» և «Վերնաշեն»)։ Պտղումներից այստեղ աճում է ծիրան, բալ, տանձ, դեղձ, խնձոր, սերկևիլ, սալոր, սեխ, ընկույզ, խաղող և մի շարք հատապտուղներ։
Մարզի գյուղատնտեսական արտադրության գերակշռող ճյուղը անասնաբուծությունն է, որի տեսակարար կշիռը համախառն արտադրանքի մեջ կազմում է 66.1 %։ Միջին և բարձր գոտիներում գյուղացիական տնտեսությունների զբաղվածության հիմնական մասը բաժին է ընկնում անասնապահությանը։ Անասունների գլխաքանակը Վայոց ձորի բնակավայրերում ունի ստատիկ աճի միտում։ Ըստ 2013 թվականի տվյալների՝ մարզում գրանցված խոշոր գյուղատնտեսական անասունների գլխաքանակը կազմում է 22,749 (այդ թվում՝ 9676 կով և ցուլ, 23097 ոչխար և այծ, 356 խոզ)։ Մարզում առկա է 23349 մեղվաընտանիք, որոնց միջոցով տարեկան արտադրվում է 200-250 տոննա բարձրորակ մեղր։ Մարզում գործում են կաթի վերամշակման 3 փոքր կազմակերպություններ, որտեղ հիմնականում արտադրում են այծի պանիր[25]։
Արդյունաբերություն
Վայոց ձորը ապահովում է Հայաստանի ինդուստրիոն արտադրանքի 0,8%-ը (ամենացածր ցուցանիշը Հայաստանի մարզերի շարքում)։ ԽՍՀՄ ժամանակահատվածում Վայոց ձորի մարզը ունեցել է համեմատաբար զարգացած արդյունաբերություն և արդյունաբերական ենթակառուցվածքներ։ Հայաստանի անկախացումից հետո բավականին մեծ վնաս է հասցվում արդյունաբերական տնտեսությանը, քանի որ սեփականաշնորհման, հումքի և իրացման շուկաների բացակայությամբ պայմանավորված Վայոց ձորի ձեռնարկություններից մեծ մասնը փակվում են կամ աշխատում նվազ ներուժով։
Մարզի արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռում են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները համապատասխանաբար կազմում են 22.5% և 60.0%, որոնք թողարկում են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 43.8%-ը։ Մարզի խոշոր և միջին կազմակերպություններին բաժին է ընկնում արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 57.9%-ը։
Արդյունաբերությունը մարզի տնտեսության ամենաթույլ զարգացած օղակներից մեկն է։ Համեմատաբար հայտնի են հանքային ջրերի («ջերմուկ») և խաղողի գինու արտադրությունները, որոնց տեսակարար կշիռը հանքային ջրերի և խաղողի գինու արտադրությունների ընդհանուր ծավալում համապատասխանաբար կազմում են 60 % և 20 %։ Ըստ ուսումնասիրությունների՝ Վայոց ձորի մարզը թողարկում է 7.5-9.5 միլիարդ դրամի տարեկան արդյունաբերական արտադրանք։ Հիմնական իրացման շուկաներն են ԱՊՀ-ն (շուրջ 28 %), Վրաստանը, Եվրոպական միությունը և այլն։
Տարեց տարի Վայոց ձորում նկատվում է փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացման միտում, որն արտացոլվում է նոր աշխատատեղերի ստեղծմամբ, մարզի ՀՆԱ-ում ՓՄՁ-ի տեսակարար կշռի ավելացմամբ։
Արդյունաբերական ձեռնարկություններ
Վայոց ձորի մարզում գործում են մի շարք գինու արտադրությամբ զբաղվող գործարաններ և այլ արդյունաբերական ձեռնարկություններ։
Եղեգնաձորի շրջանումխորհրդային ժամանակներից ի վեր աշխատում են պանրի և այլ կաթնամթերքի մի շարք արտադրամասեր։ Քաղաքը հայտնի է «Եղեգնաձոր» տեսակի այծի պանրով, արն արտադրվում է 2000 թվականին հիմնադրված «Գոլդեն գոութ» գործարանում և 2002 թվականին հիմնադրված և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Սելիմ» ՍՊԸ-ում։ Վայոց ձորի մարզկենտրոն քաղաքում գործում են նաև փայտե հատակների արտադրությամբ զբաղվող «Իզոտոն» ընկերությունը և «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ-ն։
Վայքում 1968 թվականից ի վեր գործում է «Վայքի շիկ» շինանյութի գործարանը, ինչպես նաև 1973 թվականին հիմնադրված «Արփի հանքային ջրերի գործարան»-ը և թեյի արտադրությամբ զբաղվող «Մեգ Արարատ» գործարանը։ Առողջարանային Ջերմուկ քաղաքը հայտնի է հանքային ջրի արդյունաբերությամբ։ Քաղաքի կենտրոնում գործում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, որը համարվում է ջերմուկ հանքային ջրի հիմնական արտադրողը։ Քաղաքում գործում է նաև շշալցման գործարան։
Վայոց ձորը գինու արտադրությամբ զբաղվող Հայաստանի ամենանշանավոր մարզն է։ Նշանավոր գինեգործական կենտրոններն են․
«Գետափ» գինու գործարան (հանդիսանում է «Վեդի ալկո» ալկոհոլային խմիչքների առաջատար ձեռնարկության ճյուղը), բացվել է 1938 թվականին Գետափում։ Գործարանի լավագույն գինիներից մեկը հանրահայտ «Արենի»-ն է, որը ստացվում է 1945 թվականից[47][48]։
«Մարան» գինու գործարան, բացվել է 1992 թվականին Եղեգնաձորում[49]։
«Արենի» գինու գործարան, բացվել է 1994 թվականին Արենիում[50]։
«Հին կամուրջ» գինեգործարան-հյուրատուն, բացվել է 1998 թվականին Եղեգնաձորում[51]։ Գործարանին կից կա նաև 13-րդ դարին թվագրվվող պատմական կամուրջ, որից էլ հենց ծագել է գինեգործարանի անվան գաղափարը[52]։
«Գետնատուն» գինու գործարան, բացվել է 1999 թվականին Եղեգնաձորում[53]։
«Գինեքար» գինեգործարան, բացվել է 2000 թվականին Աղավնաձորում[48]։
«Վայք գրուպ» ոգելից խմիչքների և չրերի արտադրամաս, բացվել է 2001 թվականին Վայք համայնքում[54]։
«Մեծ Սյունիք» գինեգործական ընկերություն, բացվել է 2001 թվականին Աղավնաձորում։
«Զորահ» գինեգործական ընկերություն, բացվել է 2001 թվականին Ռինդում[55]։ «Զորահ» գինեգործարանի արտադրած «Զորահ կարասի արենի նոյրը» «Բլումբերգ»-ի կողմից 2012 թվականին ներառվել է աշխարհի 10 լավագույն գինիների շարքում[56]։
Արենիի գինու գործարան, բացվել է 2003 թվականին Արենիում։
«Հին Արենի» գինու գործարան, բացվել է 2007 թվականին Արենիում[57]։
«Տրինտի կանյոն այգիներ» ընկերություն, բացվել է 2009 թվականին Աղավնաձորում։
Էներգետիկա
Մարզի բնակավայրերի 38.6%-ը գազաֆիկացված է[58]։ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների համաձայն 2017 թվականի հունվարի 1-ի տվյալներով Վայոց ձորում էլեկտրաէներգիա են արտադրում 30 փոքր ՀԷԿ-եր, տարեկան մոտ 193 մլն. կվտժ՝ մոտ 69 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Բացի այդ, Վայոց ձորի մարզի տարածքով է անցնում Հայաստան-Իրան գազատարը, ինչպես նաև Հայաստանի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցերը Արցախի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության բաշխման ցանցերին միացնող գծերը[58]։ Մարզում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիան կազմում է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի մոտ 8.6%-ը։ Արտադրական կարիքների համար տրամադրված գազի տեսակարար կշռի և արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշռի հարաբերությամբ Վայոց ձորը Հայաստանի մարզերի շարքում զբաղեցնում է յոթերորդ տեղը[58]։
Զբոսաշրջություն
Կրթություն և գիտություն
Սպորտ
Վայոց ձորի մարզում համայնքային ենթակայությամբ գործում է 4 մարզադպրոց, որոնցում պարապում են շուրջ 1200 երեխաներ[25]։ Գյուղական բնակավայրերում երիտասարդության սպորտային միջոցառումներն անցկացվում են դպրոցների մարզադահլիճներում։ Բնակչության ֆիզիկական պատրաստվածության բարձրացման հանձնառությամբ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում դասավանդվում են «ֆիզիկական կուլտուրա» և «նախնական զինվորական պատրաստություն» առարկաները[25]։ Սպորտային կառույցների սղությամբ պայմանավորված մարզաբնակները չեն կարողանում լիարժեք զբաղվել մասնագիտացված սպորտով։ Ջերմուկ քաղաքում ներկայումս գործում է մեկ մարզադպրոց, որտեղ գործում է միայն քիքբոքսինգի խմբակ[25]։ Եղեգնաձոր քաղաքը չունի տիպային մարզադպրոց,այն տեղակայված է խորհրդային ժամանակաշրջանի կաթսայատներից մեկում։ Ֆիթնես սրահներ գործում են Եղեգնաձորում և Ջերմուկում, հիմնականում՝ առողջարանային և հյուրանոցային համալիրների տարածքներում։
Ամենատարածված սպորտաձևը ֆուտբոլն է։ Վայոց ձորի մարզի տարածքում գործում է 2 հիմնական մարզադաշտ․ «Արևիկ» մարզադաշտը Վայքում և Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտը։ Քաղաքային մարզադաշտերը անմխիթար վիճակում են, բացակայում են տրիբունաները, չկան հանդերձարաններ, լոգարաններ, վազքուղիներ և այլն։ Վայոցձորյան առաջին ֆուտբոլային ակումբը «Արփա» ՖԱ-ն է, որը հիմնադրվել է 1992 թվականին՝ «Մոմիկ» ՖԱ անվանումով։ «Արփա» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես է եկել մինչև 2002 թվականը։ 2020 թվականին հիմնադրվել է «Նորավանք» ֆուտբոլային ակումբը, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում հունիսի 25-ին կայացած ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի նիստի ընթացքում ստացել է Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես գալու արտոնագիր[59]։ «Նորավանք» ֆուտբոլային ակումբը սկսել է Վայք քաղաքի «Արևիկ» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները․ նախատեսվում է այն դարձնել «Նորավանք»-ի տնային մարզադաշտը[60]։
Վայոց ձորի մարզում տարածված սպորտաձևերից հայտնի է նաև շախմատը։ Ամեն տարի օգոստոս ամսին Ջերմուկ քաղաքում անցկացվում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շախմատի միջազգային մրցաշարը[61]։
Ծանոթագրություններ
↑Թ.Խ.Հակոբյան (1968)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան։ «Միտք»։ էջ 212-213
↑Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
↑Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
↑Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
↑hushardzantest. ««Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոց». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
↑Հ. Եղիազարյան, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1960 թվական, էջ 44