Արա Միհրանի Սարգսյան (ապրիլի 7, 1902(1902-04-07)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] - հունիսի 13, 1969(1969-06-13)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային քանդակագործ, Երևանի նկարիչների միության հիմնադիր (1932) և առաջին նախագահ, Հայաստանում առաջին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր, այդ ինստիտուտի առաջին ռեկտոր, պրոֆեսոր (1947)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1959), ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, Նեմեսիս ծրագրի մասնակից[3]։ Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրն է։
Կենսագրություն
Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում՝ Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում։
Նախնական կրթությունն ստացել է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև՝ 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվել է Պոլսի Բերա թաղամաս, ուսումը շարունակել է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը՝ Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից է եղել, և նրա խորհրդով Արան խորացել է արվեստի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողել է ուսումն ու սկսել է զբաղվել պատահական աշխատանքով՝ գոյության միջոցներ վաստակելու նպատակով։ Նա զբաղվել է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ՝ աշխատել է որպես էլեկտրիկ։ Պատերազմից հետո նա սովորել է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919-1921), որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով (մահվան ճիրաններում գտնվող սովյալների պատկերող «Քաղց», իրենց սփոփանքը երաժշտության մեջ փնտրող ընչազուրկների ներկայացնող «Երաժշտություն» և մենամարմին «Հուսահատություն» կոմպոզիցիաները[4]), որտեղ զգացվում է Ռոդենի ազդեցությունը։ Վարժարանում սովորելու ընթացքում ստեղծել է նաև իր ընկերներ Սայիմի ու Ջևադի, ճարտարապետ Հյուսնի դիմաքանդակները[4]։ Գեղարվեստի վարժարանի քառամյա ուսումը Արա Սարգսյանը գերազանց ավարտել է երկու տարում։
1921 թվականին ավարտելով Գեղարվեստի ուսումնարանը՝ որոշել է մեկնել Հռոմ։ Եսայան վարժարանը հովանավորել է Արա Սարգսյանի ուսումն արտասահմանում։ Այնուհետև կյանքի սղության պատճառով տեղափոխվել է Վիեննա և ընդունվել է այսպես կոչված «Վարպետների դպրոց» (Meisterschule)։ Այստեղ նրա առաջին ղեկավարն է եղել քանդակագործ, Վիեննայում տեղադրված Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե ի և Յոհան Շտրաուսի հուշարձանների հեղինակ պրոֆեսոր Էդմոնդ Հելմերը, ապա Յոզեֆ Մյուլները՝ Կարլ Լյուգերի մոնումենտի հեղինակը։ Մասնագիտացել է հատկապես դիմաքանդակի ժանրում և Վիեննայի նկարիչների միության ցուցահանդեսին ներկայացրել է երաժիշտ, պրոֆեսոր Ռիխարդ Ռոբերտի պորտրեն։ Արա Սարգսյանի դիպլոմային աշխատանքը դարձել է «Լուռ վիշտը» (1924), որը բոլոր կողմերից դիտելի արձան է և բոլոր կողմերից ունի արտահայտիչ եզրագծեր[4]։
Վիեննայում սովորելու տարիներին Արա Սարգսյանի ստեղծած դիմաքանդակները, որոնք շուրջ քսանն են, արժանացել են մամուլի ուշադրությանն ու դրական արձագանքներին։ Դրանցից մի քանիսը մինչև այսօր էլ ներկայացված են Վիեննայի Մունիցիպալ, Կոնսերվատորիայի և Մխիթարյան միաբանության թանգարաններում[5]։
Ավելի քան կես տարի Հռոմում և Վիեննայից Բեռլին իր ճամփորդությունների ժամանակ Արա Սարգսյանը մասնակցել է 1921 թվականին Հռոմում Սայիդ Հալիմին վերացնելուն, իսկ 1922 թվականին՝ Գերմանիայում Ջեմալին ու Բեհաեդդին Շաքիրին ոչնչացնելու գործողությանը[4][6][7]։ Հետագայում Նեմեսիս գործողության մասնակիցները Սփյուռքում բացահայտորեն ներկայացրել են իրենց պատմությունը և արժանացել ճանաչման, սակայն Արա Սարգսյանը, ապրելով Խորհրդային Միությունում, ստիպված է եղել թաքցնել իր մասնակցությունն այդ գործողություններին, այդ պատճառով և´ Արշավիր Շիրակյանը, և´ Մերժանովը իրենց հուշերում մանրամասն չեն նկարագրել Արա Սարգսյանի մասնակցությունը և նրան հիշատակել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ նշելով միայն նրա անվան սկզբնատառերը՝ Ա.Ս[4]։
1924 թվականին թվականին Արա Սարգսյանը Վիեննայում ընդունել է խորհրդային քաղաքացիություն և 1925 թվականի ապրիլի 26-ին ժամանել Երևան՝ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ 1925-1930 թվականներին Երևանյան գեղարվեստական տեխնիկումում բացել է քանդակագործության բաժինը և սկսել է դասավանդել այնտեղ։ 1930-ական թվականներին Արա Սարգսյանը փորձում է միավորել Հայաստանի նկարիչներին՝ համատեղ սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով։ 1932 թվականին Գաբրիել Գյուրջյանի, Միքայել Արուտչյանի, Արա Սարգսյանի ջանքերով հիմնադրվել է Հայաստանի նկարիչների միությունը, իսկ առաջին քարտուղար միաձայնորեն ընտրվել է հենց Արա Սարգսյանը, որը գլխավորել այն է մինչև 1937 թվականը։ Սարգսյանի մանկավարժական գործունեությունն առավել լայն ծավալ ու նշանակություն է ստացել 1945 թվականից, երբ նրա գլխավորությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ Արա Սարգսյանը դարձել է նրա առաջին ռեկտորը և այդ պաշտոնն զբաղեցրել մինչև 1959 թվականը։ Եղել է քանդակի ամբիոնի վարիչ և արվեստանոցի ղեկավար՝ մինչև կյանքի վերջը, իսկ 1947 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[8]։
Արա Սարգսյանը մահացել է 1969 թվական հունիսի 13-ին Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
Հայաստանում Արա Սարգսյանի առաջին ստեղծագործությունները հիմնականում եղել են դիմաքանդակներ, որոնց թվում են Ա. Մյասնիկյանիի, Վահան Թոթովեցի, Մարիամ Ասլամազյանի, Հայկ Գյուլիքևխյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Շիրվանզադեի, Թորոս Թորամանյանի, Սուրեն Սպանդարյանի և այլն։ Մանուկ Աբեղյանի՝ 1926 թվականին ստեղծված դիմաքանդակում «նկատելի է կերպարի սրացման որոշակի փորձ», իսկ Թորոս Թորամանյանի դիմաքանդակում (1927) առկա է նոր որակ՝ մոնումենտալացում, ինչը հատկապես զգալի է 1936 թվականին բազալտի վրա փոխադրված տարբերակում[4]։ Տվյալ աշխատանքում առկա է քանդակի և պատվանդանի միջև հակադրություն, երբ անհարթ, անմշակ պատվանդանից վեր է բարձրանում չափազանց հղկված, ողորկ կիսանդրին։ Այս դեպքում «կերպարի ամբողջականությանը, Թորամանյանի փառավոր և ազդեցիկ կերպարին ներդաշնակվել է նաև քանդակագործի կողմից ճիշտ ընտրված նյութը՝ ամրակուռ բազալտը, որը, կարծես, թե ամփոփոմ է կերպարի մեկնաբանությունը»[10]։
Արա Սարգյանն ստեղծել է նաև դեկորատիվ քանդակներ՝ «Մայիսյան ապստամբության հերոսներին» (1931) հուշարձանը (Գյումրի), «Շինարարություն», «Հարձակում», «Միասնական ճակատ», «Զրահագնացք» հարթաքանդակային հորինվածքները[4]։
Արա Սարգսյանը՝ որպես մոնումենտալիստ, հայ ժողովրդի պատմությանը, հեղափոխական գաղափարներին, Հայրենական մեծ պատերազմին և այլն թեմաների նվիրված աշխատանքներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա ստեղծել է ժողովրդի սխրանքը պատկերող կոմպոզիցիաների մի ստվար շարք, որոնց թվում են՝ «Առա՛ջ հանուն հայրենիքի» (1941), «Ի զե´ն իմ ժողովուրդ» (1942), «Բարձունքի գրավումը» (1942), «Տանյա» (1942), «Մայրը» (1943), «Կովկաս» (1943) և այն․ «այս աշխատանքներում նրբորեն միահյուսված են հերոսականն ու պարզ մարդկային ապրումները»[4]։
1943 թվականին ստեղծել է «իր կոմպոզիցիոն մտահղացումների գլուխգործոցը»[8]՝ «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» (գիպս, 1943, վերջնականապես խմբագրվել և տեղափոխվել է փայտի վրա 1946-1947 թվականներին, 1948 թվականին ձուլվել է բրոնզից, 1962 թվականին՝ գիպսից (բնականի մեկուկես մեծությամբ), 2002 թվականին ստեղծվել է վերջնական բրոնզե տարբերակը բազալտե պատվանդանով, որը տեղադրվել է Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում (ըստ նախնական որոշման՝ պետք է դրվեր Մատենադարանի առջև), ճարտարապետ՝ Ռ. Ջուլհակյան) խմբաքանդակը, որտեղ մեծ վարպետությամբ օգտագործված են հայ միջնադարյան կտիտորական պատկերաքանդակի ավանդույթները[8]։ «Սիլուետիկ-կոմպոզիցիոն առումով միանման երկու ֆիգուրները քանդակագործն անհատականացրել ու ավելի բովանդակալից է դարձրել։ Պարթևը կրոնական է, հանգիստ, մի փոքր նույնիսկ ինքնամփոփ, իսկ Մաշտոցը՝ բռնկուն, սակայն և զուսպ անմիջական ոգևորությամբ։ ․․․Այս ստեղծագործությունը, գեղագիտական բարձր հատկանիշներից զատ, ունի նաև խոր գաղափարական, իմաստաբանական արժեք։ Հեղինակն իրարից չզատելով այս երկու կարևոր սիմվոլները՝ ցույց է տվել ազգի գոյության, ազգապահպանության, արարման և զարգացման իր տեսլականը, լույսը՝ այդ լույսը տեսնելով կրոնի և լեզվի, այլ խոսքով՝ գիտության և եկեղեցու ամուր կապի միջև»[4]։
Գիրքը, որ բռնել են Մաշտոցն ու Պարթևը, գաղափարի ընդհանրություն ցույց տալուց բացի, կերպարներն իրար միացնող դեր ունի։ Կոմպոզիցիոն գյուտ կա այդտեղ։ Գուցե և մտահղացումը կատարումից հարուստ է այս ստեղծագործության մեջ։
1942 թվականին կանգնեցվել է Արա Սարգսյանի ստեղծած Ա․ Կիրովի հուշարձանը (բազալտ) Կիրովականում (ներկայում՝ Վանաձոր), 1967 և 1968 թվականներին՝ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ Կիրովականում (ճարտարապետներ՝ Գ․ Հովսեփյան, Ա. Միրզոյան) և Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում (ճարտարապետ՝ Ա. Սարգսյան)[4]։
1965-1968 թվականներին Արա Սարգսյանը ստեղծել է «Մայր Հայաստանը»։ Այն երիտասարդ, դասական գեղեցկությամբ օժտված կնոջ կերպար է՝ լայն ու դինամիկ ծալազարդումներով զգեստավորված։ Հրաժարվելով նման կարգի այլաբանություններում բազմիցս կրկնված սրից և այլ ավանդական սիմվոլներից՝ արվեստագետն իր հերոսուհու մի ձեռքում դրել է Զվարթնոցի խոյակներից մեկը, մյուս ձեռքում՝ դափնու ճյուղ։ Արա Սարգսյանի գործը մեծացրել ու ավարտին է հասցրել քանդակագործ Երեմ Վարդանյանը և 1975 թվականին, երբ նշվել է Հայրենական մեծ պատերազմի ավարտի 30 տարին, այն կանգնեցվել է Լենինականում (ճարտարապետ՝ Ռ. Եղոյան)[4]։
Հայկական ԽՍՀ պետական մրցանակ (1971, հետմահու) – Վ. Լենինի, Ս. Կիրովի, Ս. Սպանդարյանի, Ս. Շահումյանի, Մ. Կալինինի, Ա. Մյասնիկյանի, Ս. Սպանդարյանի, Պ. Ջափարիձեի, Ա. Միկոյանի դիմաքանդակների և Լենինականի «Մայիսյան ապստամբության հերոսների» հուշարձանի հարթաքանդակների համար
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (1956)
«Պատվո նշան» երկու շքանշան (1939, 1945)
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ
Ստեղծագործություններ
Արա Սարգսյանը ստեղծագործել է քանդակագործության բոլոր ժանրերում՝ մոնումենտալ, հաստոցային քանդակ, հարթաքանդակ, թեմատիկ-կոմպոզիցիոն ստեղծագործություններ՝ օգտագործելով տարբեր նյութեր՝ մարմար, փայտ, շամոտ, բրոնզ և բազալտ։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են՝
Հ. Թումանյան, Էսքիզ, բրոնզ, 1953, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Հ. Թումանյան, Էսքիզ, գիպս գունավոր, 1954, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյան, 1957, Երևան, Ազատության հրապարակ, համահեղինակ՝ Ղ. Չուբարյան, ճարտարապետներ՝ Գ. Աղաբաբյան, Ֆ. Դարբինյան
Ա. Սպենդիարյան, էսքիզ, գիպս գունավոր, 1954, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Զոհված զինվորների հիշատակին, 1968, Ջանֆիդա գյուղ, բրոնզ-բազալտ (ճարտաապետ՝ Արմեն Սարգսյան), 1960, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Մայր Հայաստան, 1975, Գյումրի (պղինձ, արձանը՝ 20 մ, պատվանդանը տուֆ՝ 21 մ), ճարտարապետ՝ Ռ. Եղոյան
Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց, 2002, Երևանի պետական համալսարանի գլխավոր մուտքի առջև, բրոնզ, պատվանդանի բարձրությունը՝ 4 մ, ճարտարապետ՝ Ռ. Ջուլհակյան (1950, Օշական, փայտ)
Մ. Մաշտոց և Ս. Պարթև, էսքիզ, բրոնզ, 1943, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Մ. Մաշտոց, էսքիզ, գիպս գունավոր, 1954, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան[4]
Էսքիզներ
Խաղողով կինը, 1938, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Լոգանքից հետո, 1938, բրոնզ, 1967, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Պատմիչ, 1947, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Մատենագիր, 1948, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Անսփոփ վիշտ, 1950, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Մեսրոպ Մաշտոց, 1954, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Իկար, 1954, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Արգիշտի արքա, 1968, գիպս գունավոր, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Սայաթ Նովա, 1958, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Աշուղ, 1962, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Սուրեն Սպանդարյան, 1965, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Խաչատուր Աբովյան, 1954, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Մերկ կին, 1967, բրոնզ, 1938, բրոնզ, մանր պլաստիկա, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Մերկ կին, 1967, բրոնզ (մանր պլաստիկա), «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Լողացող կին, 1967, բրոնզ /մանր պլաստիկա/, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Կժով կին, 1968, բրոնզ, /մանր պլաստիկա/, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Կոմիտաս, 1967, շամոտ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Եղեռն, էսքիզ 1968, բրոնզ, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
«Հաղթական կամար» ջրաներկ, 1945, «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարան
Կոստանդնուպոլիսի հայերի մշակույթի տան գեղարվեստի քաղաքային ցուցահանդես,1921
Առաջին անգամ մասնակցել է Վիեննայի կերպարվեստագետների ցուցահանդեսին երաժշտագետ Ռ. Ռոբերտի և դաշնակահար Վ. Սիմոնովիչի դիմաքանդակներով։ Մամուլի կողմից ստացել է բարձր գնահատական,1922
Նկարիչների միության գարնանային ցուցահանդես Վիեննայում,1923
Առաջին անգամ Հայաստանում մասնակցել է Հայ կերպարվեստագետների ընկերության ցուցահանդեսին,1926
ԽՍՀՄ Ժողովրդական արվեստի հոբելյանական ցուցահանդեսը Մոսկվայում, 1927
Փորագրանկարների և նկարների ցուցահանդես ՈՒՀԱՄ (Ուկրաինայի հեղափոխական արվեստի միությունը), Կիև, 1928
Մասնակցել է «10-տարի» կերպարվեստի Հոբելյանական ցուցահանդեսին Երևանում, 1930
Հայաստանի գեղարվեստի ցուցահանդեսի 11 ամյակը Երևանում, 1931
Ցուցահանդես «Կարմիր բանակի 15 տարիները»։ Երևան, 1933
Ցուցահանդես «Հայաստանի նկարիչների և քանդակագործների 13 տարիների գործունեությունը»։ Երևան, 1933
Ցուցահանդես «Անդրկովկասի գեղարվեստական արվեստը»։ Առաջին Անդրկովկասյան արվեստի օլիմպիադա։ Թբիլիսի, 1934
Կերպարվեստի ասպարեզում մատուցած ծառայությունների համար ՀՍՍՌ Կենտգործկոմի նախագահությունը նրան շնորհել է ռեսպուբլիկայի «Արվեստի վաստակավոր գործչի» կոչում, 1935
Ընտրվել է Անդրկենտգործկոմի անդամ, 1935
Ցուցահանդես «կերպարվեստի 15 տարի»։ Երևան, 1935
Ցուցահանդես «Սովետական Սահմանադրություն»։ Երևան, 1937
Համաշխարհային ցուցահանդես։ Նյու Յորք, 1938
Կերպարվեստի ասպարեզում աչքի ընկած ծառայությունների համար ՍՍՌՄ Գերագույն Սովետը նրան պարգևատրել է՝ «Պատվո Նշան» շքանշանով, 1939
Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես։ Մոսկվա-Լենինգրադ,1939
Հայկական ԽՍՀ նկարիչների և քանդակագործների ստեղծագործությունների շարժական ցուցահանդես։ Հայաստան, 1939
20 տարվա ընթացքում Հայաստանի գեղարվեստի հուշարձանների հոբելյանական ցուցահանդես։ Երևան, 1940
20 տարվա Հայաստանի գեղարվեստի ցուցահանդես։ Թբիլիսի, 1941
«Հայաստանի նկարիչները Հայրենական պատերազմում» ցուցահանդես։ Երևան, 1942
«Կարմիր բանակի հերոս» ցուցահանդես։ Երևան, 1942
Հոբելյանական ցուցահանդես «Հայրենական մեծ պատերազմ», Երևանում խորհրդային կառավարության կողմից ստեղծված 25-ամյա տարեդարձին նվիրված, 1942
Ցուցահանդես «Հայրենիքի համար»։ Երևան, 1943
Հայ նկարիչների ցուցահանդես։ Մոսկվա, 1944
ՍՍՌՄ Գերագույն Սովետի կողմից պարգևատրվում է երկրորդ «Պատվո նշան» շքանշանով, 1945
Հայաստանի կերպարվեստի ցուցահանդես։ Երևան, 1945
Հոբելյանական ցուցահանդես Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 25-ամյակին նվիրված։ Երևան, 1945
Մոսկվայի Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես, 1946
Ստանում է քանդակագործության պրոֆեսորի կոչում, 1947
Ընտրվում է Հայկ. ՍՍՌ Գերագույն Սովետի դեպուտատ, 1947
Համամիութենական արվեստի ցուցահանդես։ Մոսկվա, 1947
Հայաստանի նկարիչների աշխատանքների հոբելյանական ցուցահանդես նվիրված Մեծ սոցիալիստական հեղափոխության 30-ամյակին։ Երևան, 1947
Հայաստանի կոունիստական կուսակցության XIV համագումարին նվիրված Հայաստանի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը։ Երևան, 1948
Խորհրդային բանակի 30-ամյակին նվիրված խորհրդային արվեստի ցուցահանդեսը Հայաստանում։ Երևան, 1948
Խորհրդային բանակի 30-ամյակին նվիրված խորհրդային արվեստի ցուցահանդեսը Հայաստանում։ Երևան, 1948
Ընտրվում է ՍՍՌՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, 1949
Համամիութենական կերպարարվեստի ցուցահանդես։ Մոսկվա, 1949
Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհում է ռեսպուբլիկայի «Ժողովրդական նկարչի» կոչման, 1950
Հայաստանում կերպարվեստի ցուցահանդես՝ նվիրված Հայաստանում Խորհրդային Միության ստեղծման XXX ամյակին։ Երևանի Գեղարվեստի Համամիութենական Ցուցահանդես։ Մոսկվա, 1950
Ընտրվում է Հայկ. ՍՍՌ Գերագույն սովետի դեպուտատ։ 1951
Գեղարվեստի ցուցահանդես։ Երևան, 1952
ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի անդամների աշխատանքների ցուցահանդես։ Մոսկվա, 1952
ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի լիիրավ անդամների և թղթակից անդամների աշխատանքների երրորդ ցուցահանդեսը։ Մոսկվա, 1954
Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես։ Մոսկվա, 1956
Խորհրդային արվեստագետների համամիութենական համագումարի նկարների և գրաֆիկայի ցուցահանդես։ Մոսկվա, 1957
Համամիութենական արվեստի ցուցահանդես՝ նվիրված Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը։ (1917-1957)։ Մոսկվա, 1957
Հայկական ԽՍՀ գեղարվեստի ցուցահանդես, նվիրված Հոկտեմբերյան սոցիալիստական Մեծ հեղափոխության 40-ամյակին։ Երևան, 1957
ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի լիիրավ անդամների և թղթակից անդամների աշխատանքների ցուցահանդես։ Մոսկվա, 1957
Ընտրվում է ՍՍՌՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, 1958
Սոցիալիստական երկրների կերպարվեստի ցուցահանդես։ Մոսկվա-Լենինգրադ, 1958
«Наш современник»: ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամների, պատվավոր անդամների և թղթակից անդամների աշխատանքների ցուցահանդես, 1959
Հայաստանում խորհրդային իշխանության ստեղծման 40-ամյակին նվիրված Հանրապետական արվեստի ցուցահանդես։ Երևան,1960
Համամիութենական արվեստի ցուցահանդես։ Մոսկվա, 1961
Երևանում և Մոսկվայում առաջին անգամ կազմակերպվում է քառասնամյա ստեղծագործական գործունեությունը ամփոփող ցուցահանդես՝ շուրջ 400 աշխատանքներով, 1962
ՍՍՌՄ Գերագույն Սովետի ապրիլի 12-ի հրամանագրով շնորհվեց ՍՍՌՄ ժողովրդական նկարչի կոչում,1963
Ապրիլի 16-ին Մոսկվայում, ՍՍՌՄ գեղարվեստի ակադեմիայի սրահներում բացվեց նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, 1963
Երևանում «Մայր Հայաստան» մոնումենտալ հուշարձանով մասնակցում է նկարիչների միության ցուցահանդեսին, 1968
Ետմահու արժանանում է ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկրի կոչմանը, 1971
«Մայր Հայաստան» հուշահամալիրը ցուցադրվում է ԱՄՆ Սպոկանե քաղաքում «Expo 74» միջազգային ցուցահանդեսի «Խորհրդային տաղավարում», 1974
Մայր Հայաստան» հուշահամալիրը ցուցադրվում է Բուենոս Այրես քաղաքում բացված միջազգային ցուցահանդեսի «Հայաստանի տաղավարում», 1976
Микаелян Л.Последняя тайна А. С. // Голос Армении : общественно-политическая газета. — 2010. — № 72.
Солахян В. Жизнь-подвиг: неизвестные страницы жизни и деятельности выдающегося патриота, скульптора и педагога Ара Сарксяна. — Ер.: Грабер, 2004. — 79 с.
Сарксян Ара Мигранович // «Архитектор»: краткий биографический справочник Союза архитекторов Армении / Сост. Л. С. Сафарян. — Ер.: «Зангак-97», 1998. — С. 24. — 422 с.
Степанян Н. С. Искусство Армении: черты историко-художественного развития. — М.: Советский художник, 1989. — 312 с.
Сарксян А. М. Статьи, выступления, воспоминания = Հոդվածներ, ելույթներ, հուշեր / В. Н. Арутюнян. — Ер.: Советакан грох, 1982. — 280 с.
Сарксян Ара Мигранович // Большая советская энциклопедия / А. М. Прохоров. — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23.
А. М. Сарксян (1902—1969) // Сто памятных дат. Художественный календарь. — М.: Советский художник, 1972. — 324 с.
Советское искусство. Скульптура // Всеобщая история искусств. — М.: государственное изд-во «Искусство», 1966. — Т. 6: Искусство 20 века. Кн. 2. — С. 61. — 838 с.
Сарксян Ара Мигранович // Театральная энциклопедия / П. А. Марков. — М.: Советская энциклопедия, 1965. — Т. 4. — С. 382.
Ара Мигранович Сарксян: каталог выставки к 60-летию со дня рождения и 40-летию творческой деятельности. — М.: изд-во Академии художеств СССР, 1963. — 32 с.
Тиханова В. А. Ара Сарксян. — М.: изд-во Академии художеств СССР, 1962. — 140 с.
Шлеев В. В. Ара Мигранович Сарксян. — М.: Советский художник, 1952. — 68 с. — (Мастера советского искусства).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 220)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!