- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայր Հայաստան (այլ կիրառումներ)
«Մայր Հայաստան», հուշարձան Գյումրիի հարավարևմտյան մասում՝ Սև բերդին կից։ Տեղադրվել է 1975 թվականին։ Հուշարձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
Գյումրիի «Հայաստան» արձանը հանդիսավոր կերպով բացվել է 1975 թ. մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակի առթիվ՝ հավերժացնելու պատերազմում մասնակցած բազմաթիվ գյումրեցիների հիշատակը։
Իր բնույթով հուշարձանը հանդիսանում է Երևանի Հաղթանակի հուշարձանի տարբերակը և ունի երկակի իմաստ։ Այն կոչված է ճարտարապետության և քանդակագործության մոնումենտալ միջոցներով մեծարել հաղթանակը, հավերժացնել ընկածների հիշատակը, ինչպես նաև գովերգել աշխատանքը[2]։
Հուշարձանի տվյալներ
Հուշարձանն կազմված է երկու մասից՝ 21մ բարձրությամբ պատվանդանից և 20 մբարձրությամբ արձանից բաղկացած ծավալատարածական կոմպոզիցիա։ Հուշարձանի հեղինակների՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Սարգսյանի և վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի համատեղ մտահաղացմամբ հուշարձանի երկու բաղկացուցիչ մասերը իրենց դիրքով և չափերով ներդաշնակվում են միմյանց հետ և ներկայանում են համակցված ամբողջությամբ։
Երկկողմանի քարե աստիճանները դրանց միջև սանդղաձև տեղաբաշխված ավազանների հետ, որոնք սկիզբ են առնում ընդարձակ դաշտից և հասնում մինչև հուշարձանի հիմքը, հաղորդում են ողջ կոմպոզիցիային հանդիսավորություն և նպաստում են դրա ընդհանուր ընկալմանը։
Մուգ գույնի տուֆից կառուցված պատվանդանը սրընթաց է։ Այն վեր է հառնում բարձր բլուրի վրա՝ միաձուլվելով երկնքին։ Այդ սրընթացությունն ավելի է ընգծվում շնորհիվ բոլոր ճակատների՝ ծավալային առումով ուղղահայաց մասնատման։
Շքամուտք հիշեցնող ելուստները, որոնք հարուստ են հայկական զարդարվեստի մոտիվներով և գտնվում են ճակատների ներքին հատվածում, գեղարվեստական շեշտադրումներով ընդհանուր առմամբ ներկայացնում են ճարտարապետական խիստ լուծումներով կառուցված պատվանդանը։
Կռած պղնձից պատրաստված հուշարձանը պատկերում է երիտասարդ կնոջ՝ հանդարտ էպիկական դիրքում։ Մի ձեռքում նա բռնել է Զվարթնոցի տաճարի խոյակը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ստեղծագործումն ու հայ ճարտարապետության հանճարը, իսկ մյուս ձեռքում՝ արմավենու ճյուղ։ Հպարտ կանգնած կիսամերկ կնոջ կերպարն առանձնանում է դասական գեղեցկությամբ, հաճելի կեցվածքով, սիլուետով, հագուստի ծալքերի պլաստիկայով և ընկալվում է որպես գեղարվեստական ստեղծագործություն։
Քանդակագործը հուշարձանի հետին հատվածը պատկերել է հունական վրեժխնդրության թևավոր աստվածուհի Նեմեսիսի կերպարով։
Բլրի լանջին՝ աստիճաններից դեպի ձախ՝ թեք կառուցված խուլ պատուհանների միջև տեղադրված է զարդարանքից զուրկ խաչքարատիպ սյուն՝ «1941-1945» գրությամբ։ Հուշարձանի դիմաց գտնվում է հավերժական կրակով անհայտ զիվորի գերեզմանն ու կողքին վեր բարձրացած սեղմված բռունցքը[2]։
Հեղինակներ
Տվյալներ
- Տարեթիվ՝ 1975 թ.
- Վայր՝ Գյումրի
- Նյութ՝ կռած պղինձ
- Բարձրություն՝ արձանը՝ 20 մետր, պատվանդանը տուֆ՝ 21 մետր
Տես նաև
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
|
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 8.1/20
|