Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), հայկական ֆուտբոլը կառավարող մարմին։ Հիմնադրվել է 1992 թ. հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992 թ. հուլիսի 3-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993 թ. հունվարի 17-ից։ Ֆեդերացիայի նախագահը Արմեն Մելիքբեկյանն է։
ՀՖՖ-ի գործառույթներ
ՀՖՖ-ի հիմնական խնդիրներն են երկրում ֆուտբոլի տարածումը, զարգացումը, զանգվածային և մանկապատանեկան ֆուտբոլի կազմակերպման ապահովումը, ֆուտբոլիստների վարպետության բարձրացումը, մրցավարների, մարզիչների, մարզիկների բարոյական բարձր հատկանիշների դաստիարակումը, հանրապետության մրցումների կազմակերպումն ու անցկացումը, այդ համակարգերի կատարելագործումը, հայրենական ֆուտբոլի նյութատեխնիկական բազայի զարգացմանը նպաստելը։
ՀՖՖ-ն մշակում է հանրապետությունում ֆուտբոլի զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրեր, կազմակերպում հանրապետության հավաքական թիմերի նախապատրաստումը միջազգային տարբեր մրցումների։ ՀՖՖ-ն միավորում է մարզային ֆեդերացիաները, ֆուտբոլի ակումբները, մարզադպրոցները, մարզակենտրոնները, բաժանմունքները, համագործակցում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ։
ՀՖՖ մարմիններ
ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ և գործադիր կոմիտեի անդամներ։
Աշխատանքային մարմինը գործկոմն է։ Հրատապ խնդիրներ լուծելու համար ստեղծվել է գործկոմի բյուրո։ Ֆուտբոլի զարգացման հարցերի կարգավորման, ընդունված որոշումների կատարման ընթացքը հսկելու, գործկոմին առաջարկներ ներկայացնելու համար ստեղծվել են բաժիններ (զանգվածային, մրցավարական, պատանեկան, միջազգային կապեր և այլն)։ Ֆեդերացիայում գործում է բաժանմունք, որի գործունեությունը նպատակաուղղված է կանանց ֆուտբոլին[1]։
Մրցանակներ
2023 թվականի մայիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է FIFA FORWARD Awards 2023 մրցանակը փոքր դաշտերի նախագծերի համար։ ՖԻՖԱ-ի՝ մասսայական ֆուտբոլի միջտարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում ներկայացված էին երկրի տարբեր մարզերի 89 փոքր դաշտերը[2]։
↑Ռ. Շառոյան, Ա. Բաբայան, Գ. Եղիազարյան (2005). Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. էջ 55.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)