Գտնվում է Ստեփանավան քաղաքից 12 կմ հարավ-արևելք՝ Ձորագետի աջ կողմում։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1260 մ, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 22 կմ հյուսիս-արևելք։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմություն
Գյուղը հիմնադրվել է 1730-40-ական թթ․։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են խաչքարեր, մատուռներ, կամուրջներ և այլ շինության մնացորդներ։ Գյուղում է գտնվում թաղածածկ դահլիճի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 6-րդ դարում։ Կիսաշրջանաձև հատակագծով և պայտաձև կամարով բեմի աբսիդով վերջավորվող ուղղանկյան աղոթասրահին հարավ-արևելքից կցվում է խաչվող թաղերով ծածկված քառակուսի ավանդատունը։ Արևմտյան պատին կա IV-Vդդ․ հայկական հուշարձաններին բնորոշ զույգ պատուհան[3]։
Կուրթանի եկեղեցին այն սակավաթիվ հուշարձաններից է, որտեղ բացահայտ երևում է անցումը Հայաստանի IV-V դարերի ճարտարապետական ձևերից դեպի VII դարի դասական ձևերը։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է 1985 թվականին, դպրոցը վերանորոգված է[3]։
Գյուղն ունի մշակույթի տուն, գրադարան, թանգարան, բուժամբուլատուրիա։ Գործում են վերամշակող ձեռնարկություններ և հիդրոէլեկտրակայան[3]։
Բնակչություն
Ըստ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կուրթանի մշտական բնակչությունը կազմել է 2117, առկա բնակչությունը՝ 2048 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Գյուղից արևելք՝ Հնեվանի ձորում գտնվում է Հնեվանքի համալիրը (X-XIV դարեր), Սբ. Աստվածածին (VI դարեր), Գտեվանք (VI-XVII դարեր), Ճգնավոր (XI դար) եկեղեցիները, Սրբություն և Սուրբ Կիրակի (X-XX դարեր) մատուռները, իսկ 2 կմ հարավ-արևմուտք՝ Ջրաշեն եկեղեցին (X դար)։