Հայերը Բեյրութում

Հայերը Բեյրութում, լիբանանահայ գաղութի մի մասը, որը բնակվում է երկրի մայրաքաղաքում։

Պատմություն

Բեյրութի հայ համայնքը կազմավորվել է 19-րդ վերջին, աստիճանաբար ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից և հայոց ցեղասպանությունից հետո: Քաղաքային բնակչության աճին զուգահեռ՝ Բեյրութի ընդարձակման հետևանքով, ներկայումս նրան սահմանակից են Բուրջ Համուդ հայաշատ թաղամասն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստ Անթիլիաս ավանը, որոնք շարունակում են պահպանել տեղական ինքնակառավարման իրենց ուրույն մարմինները: Բեյրութում և հիշյալ քաղաքներում է բնակվում լիբանանահայերի գերակշռող մեծամասնությունը:

Հասարակական կյանք

Հայերը հիմնականում արհեստավորներ են, բանվորներ ու մանր առևտրականներ: Կան նաև խոշոր առևտրականներ, ձեռնարկատերեր, արդյունաբերողներ, մեծ թվով մտավորականներ՝ բժիշկներ, ճարտարապետներ ու ճարտարագետներ, ուսուցիչներ, նկարիչներ, երաժիշտներ, գրողներ: Բեյրութում են կենտրոնացած լիբանանահայ համայնքի ազգային հաստատությունների գերակշիռ մասը: Առաջին հայկական դպրոցը բացվել է 1859 թվականին: 2003 թվականի դրությամբ գործում են մոտ 25 դպրոցներ, արհեստագիտական վարժարաններ, Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկը, Հայկազյան համալսարանը:

Բեյրութում են հաստատված հայ ազգային կուսակցությունների կենտրոնական մարմինները, գործում են բազմաթիվ հայրենակցական, բարեգործական, մշակութային, երիտասարդական, ուսանողական, մարզական և այլ կազմակերպություններ, որոնք մեծ մասամբ գտնվում են կրոնադավանական համայնքների կամ քաղաքական կուսակցությունների հովանավորության կամ վերահսկողության ներքո: Կան թատերախմբեր («Գասպար Իփեկյան», «Վահրամ Փափազյան»), երգչախմբեր ու պարախմբեր:

Բեյրութում առաջին հայերեն թերթը լույս է տեսել 1921 թվականին. ցայսօր լույս է տեսել շուրջ 200 անուն թերթ ու հանդես: Այժմ լույս են տեսնում քսանից ավելի պարբերականներ: Կան հայկական տպարաններ:

Կրոն

Բեյրութի առաջին հայկական եկեղեցին՝ սուրբ Նշանը, կառուցվել է 1851 թվականին. այժմ գործում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմի հայ առաքելական հինգ (սուրբ Գևորգ, սուրբ Հակոբ, սուրբ Հարություն, սուրբ Հովհաննու Կարապետ, սուրբ Նշան), Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Բեյրութի թեմի հայ կաթողիկե երեք (սուրբ Ավետման, սուրբ Եղիա և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, սուրբ Խաչ) և Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության հայ ավետարանական՝ 2 եկեղեցիներ (Աշրաֆիեի և առաջին), որոնց կից կան կիրակնօրյա դպրոցներ: Կից Բուրջ Համուդ քաղաքում գտնվում են 4 հայ առաքելական (սուրբ Աստվածածին, սուրբ Սարգիս, սրբոց Վարդանանց, սրբոց Քառասնից Մանկանց) և մեկ հայ կաթողիկե (սուրբ Փրկիչ) եկեղեցի, իսկ Անթիլիասում՝ կաթողիկոսանիստ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!