- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Վարդանանց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Վարդանանց եկեղեցի, Բուրջ Համուդ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին, տեղակայված է երկրի մայրաքաղաք Բեյրութից ոչ հեռու՝ Լեռնային Լիբանանի մարզի Մաթնի շրջանի հայաշատ Բուրջ Համուդ քաղաքում[1]։ Հանդիսանում է քաղաքի չորս առաքելական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Սարգիս և Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցիների հետ միասին[2]։
Պատմություն
Հայոց ցեղասպանությունից և Կիլիկիայի հայկական հանրապետության անկումից որոշ ժամանակ անց Սիրիայում և Լիբանանում ի հաստատվում են հայ գաղթականների հոծ խմբեր[3]։ Բեյրութ քաղաքից ոչ հեռու գտնվող Բուրջ Համուդ բնակավայրում 1924-1928 որպես դպրոց և եկեղեցի գործածվող տախտակաշեն մեծ սենյակը 1929 թվականի մարտի 17-ին վերածվեց փայտաշեն եկեղեցու՝ «սուրբ Գրիգոր Լուսավորիչ» անունով և գործեց մինչեւ 1960 թվականը: Եկեղեցու օծումը կատարվեց Եղիշե եպիսկոպոս Կարոյանի ձեռամբ:
Մեկ տարի անց՝ 1961 թվականի մայիսի 14-ին օծվեց նորակառույց քարաշեն եկեղեցու կառուցումը՝ Զարեհ Ա Կաթողիկոսի ձեռամբ և եկեղեցին կոչվեց «սրբոց Վարդանանց»: Այդ ժամանակ Լիբանանի թեմի առաջնորդն էր հետագա կաթողիկոս Խորեն եպիսկոպոս Բարոյանը[4]: Տարիներ անց քաղաքի շինարարական աշխատանքների պատճառով նոր եկեղեցի կառուցելը դարձավ անհրաժեշտություն։ 1991 թվականի նոյեմբեր 30-ին կատարվեց նոր եկեղեցու հիմնարկեքը՝ ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: Եկեղեցու շինությունը ամբողջացավ 1998 թվականին և օծվեց Արամ Ա կաթողիկոսի կողմից[1]։
2023 թվականի մարտի 12-ին տեղի ունեցավ թաղական խորհուրդի հերթական ընտրությունը: Ի տարբերություն Անջար քաղաքի սուրբ Պողոս եկեղեցու խորհրդի՝ դրանում կանայք ներգրավված չեն[5]։
Ծանոթագրություններ