Մարիա Յակոբսենը եղել է Խարբերդում գործող Դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության միսիոներուհի, այնուհետև հաստատվել է Լիբանանում և իր մարդասիրական առաքելությունը շարունակել Միքայել ավանում, ապա՝ Սայդայի մոտակայքում հաստատված «Թռչնոց բույն» որբանոցներում։
1928 թվականին, երբ Ջիբեյլում փակվում է տղաների որբանոցը, «Թռչնոց բույնը» տեղափոխվում է նրա վայրը, որտեղ Մարիա Յակոբսենը փրկել, խնամել ու հայեցի է կրթել հազարավոր որբ-որբուհիների և արժանացել «Մամա» անվանը։ Իր ցանկության համաձայն` Յակոբսենը թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում։
1960 թվականին՝ Մարիա Յակոբսենի մահից հետո, «Թռչնոց բույն» որբանոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել են Դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության ներկայացուցիչներ Աննա Յակոբսենը, Մագդա Սորենսենը, Օլուֆ Պաասկեն և Յոն Սկյուբին։ 1970 թվականին «Թռչնոց բույնը» հանձնվել է Կիլիկիո կաթողիկոսության տնօրինությանր։ «Թռչնոց բույնում» կարող են սովորել մշտապես Ջիբեյլում բնակվող հայ ընտանիքների երեխաները։ 2002 թվականին «Թռչնոց բույնը» ունեցել է 160 աշակերտ։
«Թռչնոց բույն» թանգարան
2015 թվականի հուլիսի 18-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում «Թռչնոց բույն» որբանոցի ամենահին շենքերից մեկում բացվել է Հայոց ցեղասպանության որբերի թանգարանը[2], որը նույնպես կրում է «Թռչնոց բույն» անվանումը։
Թանգարանի երեք բաժիններում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը, որբերի կյանքին և հայ ժողովրդի վերածննդին վերաբերող նկարներ, տեղեկություններ և իրեր[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։