Կազմավորվել է 1929 թվականին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության ներքո։ Մինչ այդ՝ 19-րդ դարի կեսից սկսած Լիբանանի հայ առաքելական եկեղեցիները գործել են Երուսաղեմի հայոց պատրիարքության ենթակայությամբ` որպես «Բեյրութի թեմ»։ Հայոց ցեղասպանությունից, Կիլիկիայի հայերի վտարումից և 1923 թվականի Լոզանի պայմանագրի կնքումից հետո Կիլիկիո կաթողիկոսությունը վերջնականապես զրկվել է իր բոլոր թեմերից՝ ունենալով միայն նորաստեղծ Թուրքայից դուրս գտնվող Հալեպի թեմը։ Երուսաղեմում վերահաստատելով ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Սուրենյանցի գերագահությունը՝ Կիլիկիո կաթողիկոս Սահակ Խապայանը խնդրել է վերաձևակերպել թեմական կառուցվածքը, որից հետո 1929 թվականին կաթողիկոսությանն են անցել Սիրիայի, Լիբանանի և Կիպրոսի հայկական եկեղեցիները։ Հետագայում Սիրիայի տարածքում Հալեպի թեմից զատ ձևավորվել են նաև Ջեզիրեի և Դամասկոսի թեմերը, վերջինս 1956 թվականից վերադարձել է Էջմիածնի ենթակայությանը։
Թեմն իր գործերը վարում է 1860 թվականի ազգային սահմանադրության բարեփոխված տարբերակի հիման վրա։ Համայնքի գավառական ժողովն ընտրվում է ժողովրդի կողմից և լիազորված է ընտրելու համայնքի թեմակալ առաջնորդին և քաղաքական ու կրոնական ժողովների անդամներին։ Քաղաքական ժողովը համայնքի գործադիր մարմինն է և նշանակում է առաջնորդարանի ուսումնական, տնտեսական, դատաստանային, կալվածքների և այլ խորհուրդների անդամներին։ Կրոնական ժողովն զբաղվում է համայնքի հոգևոր ու կրոնական հարցերով։
Լիբանանի համայնքի ներկայացուցիչը թեմական առաջնորդն է, որը նախագահում է գավառային, քաղաքական ու կրոնական ժողովների նիստերը և քաղաքական ժողովի կողմից նշանակված խորհուրդների հետ վարում համայնքի ընթացիկ գործերը։ Շահե աՓանոսյանը 2018-2020 թվականին ընդհատել է թեմական առաջնորդի ծառայությունը և վարել այլ պաշտոններ։
Լիբանանի տարածքում հայ առաքելական հնագույն սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է Բեյրութում, 1851 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից սուրբ Երկիր գնացող հայազգի ուխտավորների համար։ 1920-ական թվականների սկզբին Լիբանանի հայկական գաղթակայաններում կառուցվել են փայտաշեն ու թիթեղաշեն եկեղեցիներ, որոնցից սուրբ Խաչ եկեղեցին՝ Բեյրութի վրանաքաղաքում։ Հետագայում Բեյրութի հայաբնակ տարբեր թաղամասերում և Լիբանանի նկատելի հայ բնակչություն ունեցող այլ քաղաքներում ու գյուղերում կառուցվել են մի շարք քարաշեն եկեղեցիներ, որոնցից Բեյրութում ցայսօր գործում են սուրբ Հարություն, սուրբ Գևորգ, սուրբ Հակոբ, սուրբ Հովհաննես Կարապետ, Բուրջ Համուդում՝ սուրբ Աստվածածին, սուրբ Սարգիս, սրբոց Վարդանանց և սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցիները։
Անջար հայաբնակ գյուղում 1959 թվականին կառուցվել է սուրբ Պողոս եկեղեցին։ Զահլե քաղաքում հայերը սկզբնական շրջանում օգտագործել են հույն ուղղափառ համայնքի սուրբ Նիկոլա եկեղեցին։ 1929 թվականից գործում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Ջուբեյլ (Բիբլոս) քաղաքում գործում է սուրբ Գայանե եկեղեցին։ Ջունիա քաղաքում 1956 թվականին, Կյուլապի Կյուլպենկյանի բարերարությամբ, կառուցվել է սուրբ Հարություն եկեղեցին։ Տարաբլուս (Տրիպոլի) քաղաքում 1962 թվականին Գալուստ Կյուլպենկյանի նվիրատվությամբ կառուցվել է սուրբ Հոգեգալստյան եկեղեցին։ Անցյալում հայ առաքելական եկեղեցիներ են գործել նաև Սայդա (Սիդոն) և Սուր (Տյուրոս) քաղաքներում (ներկայումս հայեր գրեթե չեն բնակվում)։ Բշարաֆ գյուղում գործում է Սուրբ Մարիամ եկեղեցին։
Եկեղեցիներին կից գործում են ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ։
Ծանոթություն. շեղատառով նշված կաթողիկոսությունները, թեմերը և հոգևոր հովվությունները, որոնց դիմաց դրված է նաև «†» նշանը, չգործող կրոնական կազմակերպություններ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: