Հայաստանի և հայերի մասին առաջին անգամ լսել է 1895 թ. կոտորածների վերաբերյալ մի բանախոսության ժամանակ։ 1907 թ. ամերիկյան նպաստամատույց ընկերության միսիոներների հետ մեկնել է Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ։ Տեսնելով հայերի տառապանքն ու որբերի անմխիթար կացությունը՝ Մարիա Յակոբսենը մյուս միսիոներների հետ (Կարեն Եփփե, Կարեն Փիթըրսոն, օրիորդ Բլեք, տիկին Կրունհակըն, Ջեսսի Հորդ և ուրիշներ) Խարբերդում, Մալաթիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ։
1912-1914 թթ. բարեգործական առաքելությամբ եղել է Դանիայում։ 1915 թ. նախօրեին վերադարձել է Խարբերդ, ականատես դարձել թուրքական խժդժություններին ու հայերի կոտորածներին։ 1919 թ. վերադարձել է Դանիա։
Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարել է բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները. Մարիա Յակոբսենը զրկվել է այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և, գնալով Լիբանան, զբաղվել է որբահավաքությամբ։ 1922 թ. Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը (որբուհիների համար)։
1928 թ. որբանոցը փոխադրվել է Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավանը։ Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբ-որբուհիների, արժանացել է «Մամա» անվանը։
Մարիա Յակոբսենը մահացել է 1960 թ. ապրիլի 6-ին և իր ցանկության համաձայն թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում[5]։
2010 թ. Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Մարիա Յակոբսենի ժառանգներից, որպես նվիրատվություն ստացավ վերջինիս արխիվի մի մասը. անձնական իրեր, մինչ այդ չհրապարակված լուսանկարներ, զեկույցներ, բացիկներ և այլն[5]։
Աշխատություններ
Թողել է «Օրագրություն» հուշագրությունը (սկսվում է 1907 թ. սեպտեմբերի 7-ից և ավարտվում 1919 թ. օգոստոսի 6-ին), որը մի արժեքավոր վկայություն է թուրքերի հայատյաց քաղաքականության մասին։ «Օրագրությունը» թարգմանվել է հայերեն և հրատարակվել բնագրի հետ՝ մեկ ամբողջական հատորով, ուր զետեղված է նաև Յակոբսենի արխիվից վերցված 80 լուսանկար։
Հիշատակի հավերժացում
Յակոբսենն առաջին կինն է, որ արժանացել է Դանիայի թագավորության ոսկե մեդալի (1950)[5]
1954 թ. Լիբանանի կառավարության կողմից նա պարգևատրվել է Պատվո ոսկե շքանշանով[5]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!