Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ (ֆր.՝ Mandat français en Syrie, արաբ․՝ الانتداب الفرنسي على سوريا ولبنان), Սան Ռեմոյի խորհրդաժողովի արդյունքում ստեղծված մանդատային տարածք Մերձավոր Արևելքում[1][2]։
Ազգերի լիգայի կողմից այն հաստատվել է 1923 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ֆրանսիական մանդատը ստեղծվել է ժամանակակից Սիրիայի և Լիբանանի, ինչպես նաև Թուրքիայի Հաթայի մարզի տարածքում։
Պատմություն
Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատը կազմավորվել է Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունից և տարրալուծումից հետո։ Մերձավոր Արևելքում ստեղծված մանդատները բաժանվեցին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև։
Ֆրանսիային բաժին հասավ Սիրիան և Լիբանանը, ինչպես նաև Ալեքսանդրետտայի սանջակը։ Մեծ Բրիտանիայի մանդատը ընդգրկում էր Իրաք, Անդրհորդանանն ու Պաղեստինը, որոնք նախկինում Օսմանյան կայսրության հարավային երկրամասերն էին։
Ֆրանսիական մանդատի կազմում Սիրիան մտավ կազմալուցված և մասնատված վիճակով։ Սիրիայի հիմնական տարածքում ձևավորվել էին վեց երկրամասեր։ Դրանցից խոշորագույններն էին Հալեպն ու Դամասկոսը։ Մյուս երկրամասերն էին Ալավինների պետությունը, Ջաբալ ալ-Դրուզը, Մեծ Լիբանանը, ինչպես նաև Ալեքսանդրետի սանջակը։
Հետագայում Մեծ Լիբանանի տարածքում ստեղծվեց Լիբանանի Արաբական Հանրապետությունը։ 1924 թվականի դեկտեմբերի 1-ին ալավինները լքեցին մանդատային դաշնությունը, իսկ Հալեպի և Դամասկոսի միավորման հետևանքով ստեղծվեց Սիրիայի պետությունը։ 1936 թվականին տեղի ունեցավ համընդհանուր ընդվզում, որի արդյունքում կնքվեց ֆրանս-սիրիական անկախության պայմանագիրը։
1940-ական թվականներին մանդատի մեջ մտնող երկրները ազգային-ազատագրական պայքար սկսեցին Ֆրանսիայի կենտրոնական կառավարության դեմ։ Առաջին անկախացած երկիրը Լիբանանն էր, ով իր անկախությունը հռչակեց 1943 թվականի նոյեմբերի 22-ին։
Ֆրանսիական զորքերը վերջնականապես լքեցին տարածաշրջանը 1946 թվականին, երբ Սիրիան իր շուրջը համախմբեց մասնատված մանդատային տարածքները։ Որոշ ժամանակ առաջ Ալեքսանդրետի սանջակը կցվեց Թուրքիային, որի կազմում էլ դարձավ Հաթայի մարզի մաս։
Տես նաև
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|