Եվրոպան վեց աշխարհամասերից մեկն է, որը Ասիայի հետ կազմում է բնակչության և տարածքի առումով խոշորագույն մայրցամաքը՝ Եվրասիան։ Եվրոպայի տարածքը՝ 10 մլն կմ², բնակչությունը՝ 730 միլիոն մարդ։
Աշխարհագրական առումով Եվրոպան սահմանված է Ատլանտյան օվկիանոսով արևմուտքում և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսով հյուսիսում, Սև, Մարմարյան և Միջերկրական ծովերով, Բոսֆոր և Դարդանել նեղուցներով հարավում։ Սովորաբար Եվրոպայի արևելյան և հարավարևելյան սահմանն են համարում Ուրալյան լեռնաշղթայի արևելյան ստորոտը, Էմբա գետը և Կասպից ծովը, Նախակովկասի հյուսիսային սահմանը Կումա, Մանիչ և Դոն գետերով[1]։