Հայ-գերմանական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Գերմանիայի միջև։
Պատմություն
Հայ-գերմանական հարաբերությունները մինչ օրս լայնորեն նկարագրվում են որպես պայմանականորեն կայուն և ամուր. երկու երկրները սկսել են համագործակցել 1918 թվականի Հայաստանի դեմոկրատական հանրապետության հռչակումից ի վեր, ինչպես նաև 1991 թվականին Հայաստանի անկախության հռչակումից հետո ընդլայնել են իրենց համագործակցությունը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրենց երկկողմ հարաբերությունները և եկել այն եզրակացության, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հարաբերությունները զգալիորեն բարելավվել են[1]։
2005 թվականին Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը քայլեր ձեռնարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Գերմանիան կոչ է արել Թուրքիային ընդունել իր «պատմական պատասխանատվությունը» կատարված իրադարձությունների համար, սակայն հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը։ Սառը պատերազմի ժամանակ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն անտեսում էր Հայոց ցեղասպանության թեման ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համերաշխության պատճառով[2][3]։
Սակայն Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները դրական են մնացել, ընդ որում համեմատաբար փոքր թվով հայեր են ապրում Գերմանիայում[4]։
2015 թվականի մարտին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային դրական հարաբերությունների առկայության մասին[4]։ Աֆղանստանում պատերազմի ժամանակ (2001-2014) հայ զինվորները կցվել են Աֆղանստանում գերմանական զորախմբին և կատարել են Կունդուզ քաղաքում կոալիցիայի օդանավակայանի պահպանության գործառույթները[5]։
Տնտեսական հարաբերություններ
Գերմանիան Եվրոպական միությունում Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է՝ արտահանման ընդհանուր ծավալով աշխարհում զբաղեցնելով երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին և Չինաստանին։ Գերմանիան հայկական արտադրանքի մեծությամբ հինգերորդ ներմուծողն է՝ Ռուսաստանից, Բուլղարիայից, Շվեյցարիայից և Վրաստանից հետո։ 2017 թվականին Հայաստանից ապրանքի արտահանումը Գերմանիա կազմել է 112 միլիոն եվրո, իսկ Գերմանիան Հայաստան է արտահանել 152 միլիոն եվրոյի ապրանք[6]։