Կոստանդ Բ, (630— 668) Բյուզանդական կայսրության կայսր 641-ից։ Կառավարել է 641 – 668 թթ.։ Սպանվել է դավադրության հետևանքով։
Հերակլիոսի թոռը։ Նրա օրոք Բյուզանդիան ծանր պատերազմներ է մղել արաբների դեմ։ Կայսրությանը սպառնացել են նաև սլավոններն ու լանգոբարդները։ Երկրի ներսում տեղի են ունեցել ավագանու ապստամբություններ։ Հայաստանում Կոստաս II-ը ձգտել է դիմակայել արաբներին և այն պահել իր գերիշխանության տակ։ Կուրապաղատի պատվաստիճան է շնորհել և Հայոց իշխան նշանակել Վարազտիրոց իշխանին, որի մահից հետո՝ նրա որդի Սմբատին։
Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի արաբ, կուսակալ Մուավիայի միջև դաշինքից հետո, 653-ին, Կոստաս II-ը մեծ բանակով արշավել է Հայաստան, գրավել Դվինը, պաշտոնանկ արել Թեոդորոս Ռշտունուն, Հայոց իշխան նշանակել ոմն Մավրիանոսի, իսկ Մուշեղ Մամիկոնյանին՝ հայոց հեծելազորի հրամանատար։ Կոստաս II-ի գահակալության վերջին շրջանում հայերը, ապստամբելով արաբների դեմ, հպատակություն են հայտնել նրան։ Կոստաս II-ը Համազասպ Մամիկոնյանին շնորհել է կուրապաղատի պատվաստիճան և նշանակել Հայոց իշխան։ Կոստաս II-ը Պոլսի պատրիարքի հետ հրապարակել է հրովարտակ, որով հայերին պարտադրել է հավատի միաբանություն հույների հետ, բայց մերժվել է Դվինի ժողովում (648)։ Սպանվել է դավադրաբար, Սիրակուսեում։