- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ (այլ կիրառումներ)
Արտավազդ (լատին․՝ Artabasdus, հուն․՝ Ἀρταύασδος կամ Ἀρτάβασδος, ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են), Բյուզանդական կայսրության հայազգի զորավար, կայսր Արմենիակների բանակաթեմից։ Գահակալել է 741 - 743 թվականներին։ Գահ է բարձրացել՝ ապստամբելով Կոստանդին V-ի դեմ։
Կենսագրություն
Արտավազդի օգնությամբ Լևոն III Իսավրացին 717 թվականին տիրացել է բյուզանդական գահին։ Վերջինս որպես հատուցում իր դուստր Աննային կնության է տվել Արտավազդին և նրան շնորհել Կյուրապաղատի աստիճան։ Լևոն III-ի մահից հետո (741) Արտավազդն ապստամբել է նրա որդու՝ Կոստանդին V-ի դեմ։ Վերջինս ստացել է Անատոլիկոն և Թրակեսիոն բանակաթեմերի օժանդակությունը, իսկ Արտավազդը՝ Արմենիակների և Օպսիկիոնի (այդ ժամանակ Արտավազդը Օպսիկիոն բանակաթեմի զորավարն էր)։ Կոստանդնուպոլսում ապստամբության կողմնակիցները և Անաստասիոս պատրիարքը Արտավազդին հռչակել են կայսր։ Արտավազդը մտել է Կոստանդնուպոլիս, իսկ Կոստանդինն ամրացել Ամորիոն քաղաքում։
Արտավազդն իր որդի Նիկետասին զորավար է նշանակել և ուղարկել Արմենիակների բանակաթեմ, իսկ մյուս որդուն՝ Նիկեփորոսին, հռչակել գահակից։
Սարդես քաղաքի մոտ Արտավազդը Կոստանդինից պարտվել է և նահանջել Կյուզիկոս, ապա վերադարձել Կոստանդնուպոլիս։ Անկյուրայի մոտ պարտություն է կրել նաև Արտավազդի որդին՝ Նիկետասը։ Երբ Կոստանդինը գրավել է մայրաքաղաքը, Արտավազդը փախել է Օպսիկիոն բանակաթեմ, ուր և ձերբակալվել է, բերվել Կոստանդնուպոլիս և երկու որդիների հետ կուրացվել։
Գրականություն
- Theophanis Chronographia, ed․ С․ de Boor, v․ 1, Lipsiae, 1883․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 143)։
|