Բեթ Դեյվիսը ծնվել է 1908 թվականին Մասաչուսեթսի նահանգի Լոուել քաղքում[11]։ Նրա հայրը իրավաբան էր։ Դեռ մանկությունից Բեթը երազում էր դառնալ դերասանուհի։ Սկզբում հանդես էր գալիս Բրոդվեյում, իսկ կինոյում նորամուտը կայացավ 1931 թվականին «Վատ քույրը» ֆիլմում, որտեղ նա հանդես եկավ էպիզոդիկ դերում։ Իսկ առաջին մեծ դերը նա խաղացել է հենց հաջորդ տարի «Մարդը, ով խաղում էր Աստծո դերը» ֆիլմում։ Հաջորդ երկու տարիներին խաղացել է այդ ժամանակի Հոլիվուդյան ֆիլմերին տիպիկ՝ ճակատագրական կնոջ կերպարներ։
Նա դերասանական վարպետությամբ աչքի ընկավ 1934 թվականին Սոմերսեթ Մոեմի վեպի էկրանացման մեջ՝ «Մարդկության կրքերի բեռը»։ Դրանից ավելի բարդ հոգեբանական կնոջ դեր թերևս չէր վիճակվել խաղալ ոչ մի դերասանուհու։ Չնայած մինչ օրս էլ այդ դերը համարվում է Դեյվիսի լավագույն աշխատանքներից մեկը, սակայն կիոստուդիաների միջև հակառակությունները առիթ եղան նրան, որ այդ դերի համար դերասանուհին նույնիսկ չառաջադրվեց Օսկարի։
Իսկ Օսկար նա ստացավ արդեն 1935 թվականին նկարահանված «Վտանգավորը» ֆիլմում ալկոհոլամոլի դերի համար։ Այդ տարիներին Դեյվիսն անցնում է մի շարք դատավարությունների միջով, նա հայց էր ներկայացրել ընդդեմ իր «Warner Bros» ընկերության, որպեսզի ինքը կարողանար ինքնուրույն ընտրել իր դերերը, ավելին տարաձայնությունների պատճառով նա նույնիսկ միառժամանակ հեռանում է Հոլիվուդից և մեկնում է Լոնդոն։
Հաջորդ ֆիլմերից մեկը Հոլիվուդ վերադառնալուց հետո 1939 թվականի «Հեզաբել» ֆիլմն էր, որի համար Բեթ Դեյվիսը ստացավ իր երկրորդ Օսկարը։ Այդ դերը նրա համար կարծես մխիթարություն դարձավ այն բանից հետո, երբ նրան բաժին չհասավ «Քամուց քշվածները» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերը։
Սկսած 1930-ական թվականների վերջից մինչև 1940-ական թվականների Բեթ Դեյվիսն աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկն էր։ 1939 թվականին նա Էռռոլ Ֆլինի և Օլիվիա դե Հևիլլենդի հետ միասին խաղաց իր առաջին գունավոր ֆիլմում՝ «Էլիզաբեթի և Էսսեկսի անձնական կյանքը»։ Կինովարձույթում մեծ հաջողություն ունեցավ «Այս ամենը և երկինքն էլ հետը» ֆիլմը։ Այդ տարիներին Բեթ Դեյվիսն այնպիսի հեղինակություն էր վայելում «Warner Bros.» ընկերությունում, որ նրան հաճախ կատակով անվանում էին «Ուորների չորրորդ եղբայր»։ 1941 թվականին նա ընտրվում է Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ։
1950 թվականին Դեյվիսը խաղաց Հոլիվուդյան դասական դարձած «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմում, որը դարձավ կինոյի պատմության ամենաշատ Օսկարի ներկայացված ֆիլմը՝ 14 Օսկար, ինքը Դեյվիսը ստացավ մի քանի մրցանակներ՝ այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակ։
Չնայած հաջորդ ֆիլմերի համար նա ևս ներկայացվում էր տարբեր մրցանակների՝ այդ թվում Օսկարի, սակայն «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմը կարելի է ասել դարձավ նրա կարիերայի վերջին առավել հաջողված աշխատանքը։ 1962 թվականին նա գրում է ինքնակենսագրական գիրք։
Այդ տարիներին փորձում է վերադառնալ Բրոդվեյ, սակայն այնտեղ նույնպես առանձնակի հաջողություն չի ունենում։ Նա անընդհատ վատառողջ էր, այնուամենայնիվ նրան դեռ հրավիրում էին խաղալ ֆիլմերում։ Վերջին հաջողված աշխատանքը կարելի է համարել Ագաթա Քրիստիի գրվածքի հիման վրա նկարահանված «Մահը Նեղոսի վրա» ֆիլմը (1978)։
Նա ստանում է Ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր մրցանակ, այսպիսով դառնալով առաջին կինը, ով ստացավ այդ մրցանակը, իսկ 1979 թվականին ստանում է «Էմմի» մրցանակ։
1983 թվականին, երբ նա նկարահանվում էր «Հոթել» սերիալի փորձնական էպիզոդներից մեկում, բժիշկները նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերում և նշանակում հատուկ բուժում։ Երկու շաբաթ բուժումից հետո նա 4 անգամ կաթված ստացավ, ինչի հետևանքով դեմքի աջ մասը և ձախ ձեռքը գրեթե անշարժել էին, և նա հազիվ էր կարողանում խոսել։ Նա անցնում է թերապևտիկ բուժման երկար կուրս, ինչից հետո մասամբ ապաքինվում է։
1988 և 1989 թվականներին Բեթ Դեյվիսին մեծարում են կինոյում ունեցած իր մեծ ավանդի համար։ Նա ստանում է Ֆրանսիայի պատվավոր շքանշան, Իտալիայի Կամպիոնե պարգև, Իսպանիայի Սան-Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակ, ամերիկյան Լինքոլն կինոկենտրոնի մրցանակ և այլն։ 1989 թվականին նրա մոտ նորից հայտնաբերում են քաղցկեղ։ Բուժման որոշ կուրս անցնելուց հետո նա ուղևորվում է Իսպանիա։ Այդ ուղևորության ժամանակ նրա առողջական վիճակը վատթարանում է։ Նա ցանկանում էր վերադառնալ ԱՄՆ, սակայն հիվանդությունը խանգարում է։ Նա գնում է Ֆրանսիա, որտեղ էլ մահանում է 1989 թվականի հոկտեմբերի 6-ին։