Աննա Մանյանի (իտալ.՝ Anna Magnani, մարտի 7, 1908(1908-03-07)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 26, 1973(1973-09-26)[4][5][1][…], Հռոմ, Իտալիա[4]), թատրոնի և կինոյի աշխարհահռչակ իտալացի դերասանուհի[6], ով համաշխարհային փառքի է հասել առաջին հերթին նեոռեալիստ կինոռեժիսորների ֆիլմերում հասարակության ցածր խավերը ներկայացնող կանանց տրագիկոմիկ դերեր մեծ վարպետությամբ, բացառիկ տաղանդով մարմնավորելու շնորհիվ։ Մանյանին ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակին՝ Օսկարի արժանացած առաջին իտալական դերասանուհին է։ «Դաջված վարդ» կինոնկարում սիցիլիացի այրի կնոջ դերի տպավորիչ, բարձրարվեստ կատարման համար նա «Օսկար»-ից բացի, ստացել է ևս չորս հեղինակավոր կինոմրցանակ։
Հակիրճ տեղեկատվություն
Աննա Մանյանին ծնվել է Հռոմում[7]։ Մայրը իտալուհի էր, հայրը՝ եգիպտացի։ Վաղ մանկական հասակից նախ՝ հոր, ապա նաև մոր կողմից շպրտվել է փողոց։ Մեծացել է քաղաքի հետնախորշերում։ Նրա խնամքի ու դաստիարակության գործով զբաղվել են մորական տատն ու պապը։ Սովորել է Հռոմի Սիլվիո Դ Ամիկոյի դրամատիկական արվեստի ակադեմիայում։ Որոշ ժամանակ հաճախել է դրամատիկական արվեստի դպրոց, այնուհետև տեղափոխվել է Սան Ռեմո, որտեղ ավուր հացը վաստակել է գիշերային ակումբներում ու վարիեթեներում ոչ այնքան պարկեշտ երգեր կատարելով։ Այստեղ նրան միանգամայն պատահականորեն նկատել է կինոբեմադրիչ Գոֆրեդո Ալեսանդրինին. վերջինիս կարծիքով՝ ինքը հանձին Աննա Մանյանիի հայտնաբերել էր իտալական Էդիթ Պիաֆին։
Կինոյում Մանյանիի առաջին մեծ հաջողությունն առնչվում է նշանավոր կինոբեմադրիչ Ռոբերտո Ռոսսելինիի «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմի հետ, որը համարվում է դարակազմիկ կինոստեղծագործություն, իտալական նեոռեալիզմի առաջին խոշոր նվաճումը[8]։ Այդ կինոնկարում դերասանուհին մարմնավորել է հղի այրի կնոջ, որի կյանքը ողբերգական ավարտ է ունենում ֆաշիստների տիրապետության տակ անցած Հռոմում։ Նրա հերոսուհու մահվան տեսարանը, բազմաթիվ կինոգետների կարծիքով, եղել է և կմնա համաշխարհային կինոարվեստի պատմության մեծագույն նվաճումներից մեկը։ Այդուհետ Մանյանիի համբավը բազմապատկվել է հասարակության ստորին խավերի կանանց դերերի դինամիկ, հզոր, անչափ տպավորիչ կատարումներով[9]։ Բացի վերոնշյալ «Դաջված վարդ» և «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմերից, դերասանական արվեստի փայլուն նմուշներ են համարվում նաև Մանյանիի դերակատարումները, հատկապես Ալբերտո Լատուադայի «Ավազակը» (1946), Լուիջի Ձամպայի «Հարգարժան Անժելիկան» (1947), Մարիո Կամերինիի «Երազանքներ ճանապարհին» (1948 թ., այս ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար Մանյանին արժանացավ Կնո-կե-լե-Զուտի (Բելգիա) միջազգային երկրորդ կինոփառատոնի մրցանակին), L'Amore, «Սեր», (1948), Ուիլյամ Գիտերլի «Վուլկանո» (1949), Bellissima, «Բելիսիմա» (1951), The Fugitive Kind (1960), Ժան Ռենուարի «Ոսկյա կառքը» (1952), Դանիել Մաննի «Դաջված վարդը» (1955), որի կանացի լավագույն դերակատարման համար արժանացավ «Օսկար» մրցանակին, Ջորջ Կյուքորի «Վայրի քամին» (1957), Ռենատո Կաստելանիի «Դժողքը քաղաքի մեջ» (1959), Սիդնեյ Լյումետի «Օձի մաշկով մարդը» (1960), Mamma Roma, «Մամա-Ռոմա» (1962), Ստենլի Կրամերի «Սանտա-Վիտորիայի գաղտնիքը» (1970), Ֆեդերիկո Ֆելինիի «Հռոմ» (1972), Մարիո Մոնիչելիի «Ուրախության արցունքներ» (1980), կինոնկարներում։ Ինչպես պնդում էր հանրահայտ Life ամսագիրը դեռևս 1950 թվականին՝ «Մանյանին ամենատպավորիչ դերասանուհին է Գրետա Գարբոյից հետո»։ Նրան անվանում էին "La Lupa," «կինոյի էգ գայլի մարմնացում», «իտալական ողջ կինոյի հողեղեն ու հրաբխային մայր»[8], «կրքոտ, անահ ու անչափ հուզիչ դերասանուհի, որին բնորոշ են հրաբխային պոռթկումները»։ Կինոռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինին նրան համարում էր «դերասանական արվեստում երկրորդ մեծագույն հանճարը Էլեոնորա Դուզեից հետո»[7]։ Իսկ ամերիկացի նշանավոր թատերագիր Թենեսի Ուիլյամսը այն աստիճան էր հմայված Մանյանիով, որ «Դաջված վարդ» թատերգությունն ու կինոսցենարը գրել է հատուկ նրա համար։ 1979 թվականին բելգիացի ռեժիսոր Քրիս Վերմորկենը էկրանավորեց «Ես՝ Աննա Մանյանին եմ» լիամետրաժ վավերագրական ժապավենը, որի նյութը թատերական ներկայացումներից հատվածներ են ու զրույցները գործընկերների հետ։