Առաքել Սյունեցու ստեղծագործությունը գաղափարական տեսակետից բարդ և հակասական է։ Նա անհրաժեշտ է համարել հայ ժողովրդի ազգային ավանդներն ու լուսավորչական դավանանքն անաղարտ պահելը, բայց և իր երկերում արտացոլել է քրիստոնեական դավանանքի նկատմամբ այն թերահավատությունը, որ ծլարձակել էր իրականության մեջ։ Առաքել Սյունեցու գեղարվեստական լավագույն գործը «Ադամգիրք»-ն է (1403 թվական, վերահրատարակվել է 1799 թվականին), որը պարունակում է երեք պոեմ։ Հենքը Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունն է։ Առաքել Սյունեցու քնարերգությամբ, հոգեբանական անցումներով է պատկերել առաջին զույգի մարդկային տառապանքն է։ «Ադամգիրք»–ը կորսված դրախտի արևելյան մի տարբերակ է. այդ տեսակետից ունի համաշխարհային նշանակություն։
Այդ երկին սերտ աղերսվում է «Դրախտագիրք»-ը։ Երկրային դրախտից արտաքսված, տառապանքի դատապարտված մարդկությանը Առաքել Սյունեցին ցանկանում է առաջնորդել երկնային վայելքների հավիտենական դրախտը։ Հակադիր պատկերների զուգորդմամբ ձգտում է սեր արթնացնել բարու և արգահատանք՝ մեղքի նկատմամբ։ Առաքել Սյունեցին գործածել է ժողովրդական բառաձևեր, տաղաչափական հնարանքներ։ Նա ակրոստիքոսի վարպետ էր։ Փիլիսոփայության մեջ շեշտված է կրոնա-իդեալիստական կողմը. գտնում էր, որ առանց Աստծո գաղափարի փիլիսոփայությունը չի կարող գոյություն ունենալ։ Դա նահանջ էր Տաթևի դպրոցի աշխարհիկ գիտա–փիլիսոփայական առաջավոր դիրքերից։ Իմացաբանության մեջ Առաքել Սյունեցին պաշտպանել է Տաթևի դպրոցի զարգացրած առաջադեմ նոմինալիստական և սենսուալիստական գաղփարները։ Ըստ Առաքել Սյունեցու, աշխարհի ճանաչումն առանց զգայարանների հնարավոր չէ։
Առաքել Սյունեցին զբաղվել է նաև երաժշտության տեսության հարցերով։ Նրա «Ադամգիրք»-ը հորինվածքով դրամատիկական երկ է, որը, ենթադրվում է, ունեցել է երաժշտական ձևավորում, ներկայացվել որպես միստերիա։ Նրանից մեզ հասած հոգևոր տաղերը երաժշտական առումով վերջնականապես ուսումնասիրված չեն։
Ստեղծագործությունների ցանկ
Վարք և Ներբողեան Ս․ Աթանագինեայ,
Տեսությիւն բանիցն Դաւթի անյաղթի թէ ամենայն չար տանջելի,
Լուծմունք սահմանաց Դաւթի,
Սահմանադրությիւն դաստիարակութեան նորածնեալ մանկանց, որք հրաւիրելոց են յաստիճան քահանայութեան,
Առաքել Սյունեցու գլուխգործոցն է՝ Ադամագիրքը (Կողգիրք), որը ունի 1740 տուն ոտոնավոր և գրվել է 1401-1402 թվականներին։ Տառերի սկզբնատառերը հոդում են իր անունը[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 533)։