2007 թ. NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 2007 թվականի հունիսի 28-ին՝ Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենի» թատրոնային մասում։ Այն ցուցադրվեց աշխարհի 115 երկրներում։ Այս դրաֆթում Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների` ԱՄՆ-ից և այլ երկրներից։
Օհայոյի համալսարանի 1-ին կուրսեցի Գրեգ Օդենն ընտրվում է առաջինը «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից, սակայն աջ ոտքի բավականին լուրջ և երկար ապաքինում պահանջող վնասվածքի պատճառով ստիպված է լինում բաց թողնել 2007-08 մրցաշրջանը։ Մեկ այլ առաջին կուրսեցի Քևին Դյուրանտը` Տեխասի համալսարանից, ընտրվում է երկրորդը՝ «Սիեթլ Սուպերսոնիքսի» կողմից (այժմ՝ «Օկլահոմա Սիթի Թանդեր»)։ Դյուրանտը հետագայում դառնում է 2007–08 խաղաշրջանի տարվա նորեկ (անգլ.՝ Rookie of the Year)։