Կվավար (անգլ.՝ Quaoar), տրանսնեպտունային մարմիններից մեկն է, Կոյպերի գոտու մեծագույն մարմիններից մեկը, հավանաբար գաճաճ մոլորակ է։ Հայտնաբերվել է 2002 թվականի հունիսի 4-ին Մայքլ Բրաունի կողմից Պալոմարյան աստղադիտարանում[1]։ Իր անունը ստացել է հնդկացիների տոնգվա ցեղի (Հարավային Կարոլինա, որտեղ և տեղակայված է Պալոմարյան աստղադիտարանը) առասպելների արարող ուժի անվամբ[2]։
Հայտնաբերման պահին, Կվավարի չափերը գնահատվել են 1260 ± 190 կմ։ Որոշ ժամանակ հայտնաբերումից հետո, այն հանդիսանում էր Արեգակնային համակարգում հայտնաբերված խոշորագույն մարմինը Պլուտոնից հետո։ Հետագայում Կոյպերի գոտում հայտնաբերվեցին ավելի մեծ մարմիններ, սակայն Կվավարը մնում է այս մարմինների առաջին տասնյակում։
Կվավարը տրանսնեպտունային մարմիններից առաջինն էր, որի տրամագիծը գնահատվել է անմիջականորեն լուսանկարով։ Մարմնի սկավառակի չափերը լուսանկարի վրա ընդամենը մի քանի պիքսել է, այդ պատճառով տրամագծի չափման ճշգրտությունը բավականին ցածր է։
2007 թվականին Կվավարի տրամագիծը գնահատվել է «Սպիտցեր» տիեզերական աստղադիտակով։ Կվավարի ալբեդոն ստացվեց ավելին քան ենթադրվում էր (0,19), այսպիսի ալբեդոյի պայմաններում Կվավարի տրամագիծը պետք է լինի ավելի փոքր, մոտ 850 կմ։
Արբանյակի հայտնաբերումից հետո հնարավոր եղավ նաև գնահատել Կվավարի զանգվածը և խտությունը։ Ավելին քան 1100 կմ չափերի պայմաններում, Կվավարի զանգվածը հաշվարկվեց մոտ 0,19 ± 0,03 Պլուտոնի զանգված, իսկ խտությունը՝ - 2,8 - 3,5 գ/սմ³։
Կվավարը պատկանում է Կոյպերի գոտու դասական մարմիններին, նրա ուղեծիրը գտնվում է Նեպտունից այն կողմ և գտնվում է այդ մոլորակի հետ ուղեծրային ռեզոնանսում։ Կվավարի ուղեծիրը, մեծ մոլորակների ուղեծրերի նման, համարյա շրջանաձև է, և նրա պտույտի հարթությունը մոտ է խավարածրի հարթությանը։ Կվավարը խոշորագույնն է տրանսնեպտունային մարմիններից, որի ուղեծիրը մոլորականման է։
Կվավարը հավանաբար կազմված է հիմնականում քարային ապարներից և ջրային սառույցից։ Բավականին ցածր ալբեդոն և Կվավարի կարմրավուն գույնը թույլ են տալիս ենթադրել, որ նրա մակերևույթի վրա սառույց ավելի քիչ կա քան կարող էր լինել։ 2004 թվականին Կվավարի մակերևույթին հայտնաբերվել են ամորֆ սառույցի հետքեր։ Սառույցի այսպիսի տեսակը առաջանում է −160 °C-ից պակաս ջերմաստիճանների դեպքում։ Սակայն այս պահին Կվավարի վրա ջերմաստիճանը ավելի ցածր է՝ մոտ −220 °C, և առայժմ պարզ չէ, ինչը կարող էր տաքացնել Կվավարը ամբողջ 60 աստիճանով։ Ամենահավանական պատճառներ են համարում երկնաքարային ռմբակոծումները կամ ծանր տարրերի ռադիոակտիվ տրոհումը Կվավարի միջուկում։
Կվավարի արբանյակը, որի տրամագիծն է մոտ 100 կմ հայտնաբերվել է 2007 թվականի փետրվարին և անվանվել է Վեյվոտ (անգլ.՝ Weywot)[3]։