Արեգակ (Նաև Արև, լատ. Sol), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է, և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից[13][14]: Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ[6], որը մոտավորապես 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի մոտ 99.86 %-ը։
Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը (ֆոտոններն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման։ Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը[15]) և չնչին քանակության հետևյալ քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ[16]։ Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ «դեղին թզուկ»։ Արեգակի մակերեսի ջերմաստիճանը հասնում է 5772 K, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն ավելի ուժեղ ցրման և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ: Արևապսակի ջերմաստիճանը 5 000 000 K, իսկ արևի միջուկինը 15 700 000 K։
Արեգակը ձևավորվել է մոտ 4.6 միլիարդ տարի առաջ մեծ մոլեկուլային ամպի գրավիտացիոն կոլապսի արդյունքում: Այդ նյութի մեծ մասը կենտրոնացել է կենտրոնում, իսկ մնացած մասը հարթվել է օրբիտալ սկավառակին, որը դարձել է Արեգակնային համակարգը: Կենտրոնական զանգվածն այնքան է տաքացել և խտացել, որ ի վերջո նրա կենտրոնում սկսվել է միջուկային սինթեզը: Յուրաքանչյուր վայրկյան Արեգակի միջուկը միացնում է մոտ 600 միլիարդ կիլոգրամ ջրածին՝ վերածելով այն հելիումի և փոխակերպում է 4 միլիարդ կիլոգրամ նյութ՝ էներգիայի:
Մոտ 5-7 միլիարդ տարի անց, երբ Արեգակի միջուկում ջրածնի ջերմամիջուկային սինթեզը նվազի այնքան, որ այն այլևս չգտնվի հիդրոստատիկ հավասարակշռության վիճակում, նրա միջուկը կփոխի խտությունն ու ջերմաստիճանը, ինչի հետևանքով նրա արտաքին շերտերը կընդլայնվեն, և ի վերջո Արեգակը կդառնա կարմիր հսկա: Այս գործընթացը Արեգակը կդարձնի այնքան մեծ, որ Երկիրը կդառնա անբնակելի մոտ հինգ միլիարդ տարի անց այսօրվանից: Մոդելները ենթադրում են, որ կարմիր հսկայի փուլի ավարտից հետո Արեգակը կկորցնի իր արտաքին շերտերը և կդառնա սառչող, խիտ աստղի տեսակ՝ (սպիտակ թզուկ), որն այլևս չի արտադրի էներգիա միջուկային սինթեզի միջոցով, բայց դեռ կլուսավորվի և կարտադրի ջերմություն իր նախորդ սինթեզի հաշվին՝ հնարավոր է, տրիլիոնավոր տարիներ: Դրանից հետո, ենթադրվում է, այն կդառնա գերխիտ սև թզուկ, որը կարտադրի աննշան քանակությամբ էներգիա: Արեգակի արևապսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։
Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 %-ն ունեն ավելի նվազ պայծառություն, քան Արեգակը (մեծ մասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակն էներգիա է արտադրում հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։
Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, մեկ պտույտ անելով 225 - 250 միլիոն տարում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում[17]։ Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Օրիոնի ձեռքի ներքին ծայրում, Պերսևսի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված Տեղային միջաստղային ամպում - բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող Տեղային պղպջակում - ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունն է +4,83m)։
Արեգակը G2V աստղային դասի (« դեղին թզուկ ») աստղ է, որը կազմում է Արեգակնային համակարգի զանգվածի մոտ 99.86 %-ը։ Արեգակի բացարձակ աստղային մեծություն՝ +4.83 է, որն ըստ գնահատականների ավելի պայծառ է, քան Ծիր Կաթին գալակտիկայի աստղերի մոտ 85 %-ը, որոնց մեծ մասը կարմիր թզուկներ են[18][19]։ Արեգակը առաջին սերնդի կամ ծանր տարրերով հարուստ[Ն 1] աստղ է[20]։ Արեգակը հավանաբար ձևավորվել է մոտակա մեկ կամ մի քանի գերնոր աստղերի բռնկման պատճառով[21]։ Սրանով է բացատրվում Արեգակնային համակարգում ծանր քիմիական տարրերի առատությունը (օրինակ՝ ոսկի կամ ուրան) այլ՝ երկրորդ սերնդի աստղերի համեմատ։ Ծանր տարրերը կարող են առաջանալ գերնոր աստղերի բռնկման ընթացքում տեղի ունեցող էնդոթերմ միջուկային ռեակցիաների ժամանակ կամ զանգվածեղ երկրորդ սերնդի աստղի ներսում նեյտրոնային զավթման միջոցով միջուկային տրանսմուտացիայով։
Արեգակը երկնքի ամենապայծառ մարմինն է՝ −26.74 տեսանելի մեծությամբ[22][23]։ Այն մոտավորապես 13 միլիարդ անգամ ավելի պայծառ է, քան հաջորդ ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը, որի տեսանելի մեծությունը −1.46 է։ Երկրի և Արեգակի կենտրոնների միջին հեռավորություն սահմանվում է 1 աստղագիտական միավոր (մոտ 150,000,000 կմ), չնայած հեռավորությունն ըստ տարեղանակների փոխվում է[24]։ Այս միջին հեռավորության դեպքում լույսը Արեգակի հորիզոնից Երկրի հորիզոն է հասնում 8 րոպե 19 վայրկյանում, բայց Երկրի և Արեգակի ամենամոտ կետում լույսը երկու վայրկյան ավելի շուտ է հասնում։ Երկրի կենդանական աշխարհի մեծ մասի համար[Ն 2] Արեգակի լույսը էներգիայի աղբյուր է (Ֆոտոսինթեզի միջոցով[25]), և նրանով է պայմանավորված Երկրի կլիման և եղանակը։
Արեգակը հստակ սահմաններ չունի, սակայն լուսոլորտից վեր` բարձրության աճին զուգահեռ ցուցչային կերպով, նվազում է խտությունը[26]։ Սակայն, պայմանականորեն՝ Արեգակի շառավիղը համարվում է կենտրոնի և լուսոլորտի եզրի հեռավորությունը[27]։ Ըստ այս սահմանման՝ Արեգակը գրեթե կատարյալ գունդ է՝ 6994900000000000000♠9×10−6 էլիպսայնությամբ[28], ինչը նշանակում է, որ բևեռային և հասարակածային տրամագծերի տարբերությունը ընդամենը 10 կմ է[29]։ Մոլորակների մակընթացային ուժերը չափազանց թույլ են և Արեգակի ձևի վրա էական ազդեցություն չեն ունենում[30]։ Հասարակածում Արեգակը ավելի արագ է պտտվում, քան բևեռներում։ Այս տարբերությունը պայմանավորված է կոնվեկցիայով (ջերմության տեղափոխություն) և Կորիոլիսի ուժով (Արեգակի պտույտի պատճառով)։ Աստղերով սահմանված հաշվարկման համակարգում Արեգակի պտույտի պարբերությունը հասարակածում 25.6 օր է, իսկ բևեռներում՝ 33.5 օր[31]։
Արեգակնային հաստատունը միավոր մակերեսին ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան է։ Արեգակնային հաստատունը Արեգակից մեկ աստղագիտական միավոր հեռավորության վրա (այսինքն՝ Երկրի վրա կամ Երկրին մոտ) մոտավորապես 1368 վտ/մ2 է[32]։ Այս էներգիան մասամբ կլանվում, անդրադառնում և ցրվում է Երկրի մթնոլորտում, ինչի արդյունքում մակերևույթ ավելի քիչ էներգիա է հասնում (մոտավորապես 1000 վտ/մ2)[33]: Երկրի մթնոլորտի վերին շերտում արեգակնային ճառագայթումը կազմված է՝ 50% ինֆրակարմիր լույսից, 40% տեսանելի լույսից և 10% ուլտրամանուշակագույն լույսից[34]։ Մթնոլորտը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման 70%-ը՝ հատկապես կարճալիք մասը[35]։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները իոնացնում են Երկրի մթնոլորտի վերին շերտը՝ ստեղծելով իոնոլորտ[36]։
{{cite journal}}