Քութայիս[3][4] (վրաց.՝ ქუთაისი), քաղաք Վրաստանի Իմերեթի մարզում։ 2012 թվականից համարվում է Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաքը[5]։ Տեղակայված է Ռիոնի գետի երկու ափերին, ծովի մակարդակից 125 300 մ բարձրության վրա։ Քաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվում է Քութայիս օդանավակայանը։ Բնակչությունը՝ ▼129 305 մարդ (2022)[1]։
Թբիլիսիից հեռավորությունն երկաթուղով, ինչպես նաև ավտոճանապարհով կազմում է 220 կմ, մինչև Փոթի՝ 100 կմ, իսկ մինչև Բաթում՝ 150 կմ։
Քութայիս անվանումը բաղկացած է երեք մասերից՝ հին վրացերեն կվա՝ նշանակում է քար և բնորոշում է քաղաքի հին հատվածի բնահողը, մթա՝ նշանակում է «լեռ» և համաձայնեցվում է Պրոկոպիոս Կեսարացու նկարագրության հետ, ով պնդում է, որ քաղաքը բնակեցված էր Ռիոնի գետի միայն աջ ափին, իսկ –իս-ը՝ տեղանվանագիտական վերջածանց է։
2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 184 000 մարդ, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 197 000 մարդ, իսկ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 149 100 մարդ[6]։
Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Քութայիսը հիմնադրվել է մ.թ.ա. 6-5 թվականներին[9]։ Քութայիսի քաղաքի փաստագրական պատմությունը սկսվում է մ.թ.ա. III դարում, երբ նկարագրված էր Ապոլլոնիոս Հռոդոսացու «Արգոնավտիկա» (հուն․՝ Ἀργοναυτικά) գրքում (գիրք 2, 398-402)[10]։
Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +14,5 °C: 1881-1960 թվականներն ընկած ժամանակահատվածում տարվա ամենացուրտ ամիսը հունվարն էր (միջին ջերմաստիճանը կազմում է +5,2 °C)։ Ամենատաք ամիսն օգոստոսն է (միջին ջերմաստիճանը՝ +23,6 °C)։ Տարվա ընթացքում ամռանը լինում է 10-12 օր +35 °C և ավելի բարձր ջերմաստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2014 թվականի օգոստոսի 18-ին և կազմել է +42,2 °C: Ամենացածր ջերմաստիճանը՝ -17,0 °C, գրանցվել է 1950 թվականի հունվարի 14-ին։ Տարվա ընթացքում Քութայիսում և նրա հարակից շրջաններում թափվում են մոտ 1530 մմ տեղումներ։ Քութայիսի տարածքում գարնան և աշնան սեզոնին հաճախ լինում են ուժեղ քամիներ։ 1979 թվականի փետրվարին փոթորիկի ժամանակ քամու արագությունը հասել էր 49 մ/վ։
Քութայիս քաղաքում ներկա դրությամբ հիմնական տրանսպորտը երթուղային տաքսիներն են։ Երկու երկաթուղային կայարանները կապում են քաղաքը Արևմտյան և Արևելյան Վրաստանի հետ։ Ինչպես նաև քաղաքից ոչ հեռու գտնվում է Քութայիս օդանավակայանը, որը վերակառուցվել է և վերաբացվել 2012 թվականի վերջին[12]։
Մինչև 2009 թվականը քաղաքում գործում էին տրոլեյբուսներ։