Դմանիսը (վրաց.՝ დმანისი), քաղաք Վրաստանի հարավում, Քվեմո Քարթլի երկրամասում, Դմանիսի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ ▲3012 մարդ (2023)[1]։
Գտնվում է Մաշավեր գետի ափին, Կազրեթի երկաթուղային կայարանից 30 կմ հվ–արմ․։ Եղել է ստրատեգիական և առևտրա–արհեստավորակաև կենտրոն միջնադարյան Վրաստանում։ Դմանիսի մոտ կան հնագույն բերդաքաղաքի մնացորդներ, ուր պահպանվել են VI–VII դդ․ եռաեկեղեցի բազիլիկան (վերակառուցվել է XVII դ․), XIII դ․ քանդակազարդ գավիթը և զանգակատան ավերակները։ IX դ․ Դիմանիսին տիրել են արաբները, XI դ․՝ սելջուկ թուրքերը, որոնցից 1123-ին քաղաքն ազատագրել է Դավիթ Շինարարը։ Մոնղոլ–թաթարների, պարսիկների և թուրքերի արշավանքների հետևանքով, սկսած XIV դարից, Դիմանիսը անկում է ապրել (XVIII դ․ կեսերից դարձել է անմարդաբնակ)։ 1936-ից Դիմանիսում կատարվում են պեղումներ։ Բացվել են քաղաքի դարպասները, սալարկած փողոցներ, բաղնիքներ, գտնվել մեծ քանակությամբ խեցեղեն, ոսկե և արծաթե դրամների գանձ, աշխատանքի գործիքներ։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 422)։
|