Բերտ Լանկաստերը ծնվել է 1913 թվականին Նյու Յորքում փոստի աշխատակից Ջեյմս Լանկաստերի ընտանիքում։ Լինելով բարձրահասակ և մեծ ուժի տեր երիտասարդ զբաղվում էր բեյսբոլով։ Ընդունվում է ֆիզկուլտուրայի քոլեջ, նպատակ ունենալով դառնալ ուսուցիչ։ Սակայն երկրորդ կուրսից կիսատ է թողնում ուսումը և տեղավորվում է աշխատանքի կրկեսում որպես ակրոբատ։ Նա թողնում է կրկեսային կարիերան 1941 թվականին, երբ վնասում է աջ ձեռքը։ Երիտասարդ տարիքում մկանուտ կազմվածքի և մեծ ատամներ ունենալու պատճառով ստացել է «Պարոն մկաններ և ատամներ» մականունը[10]։
Դրանից հետո աշխատանքի է անցնում Չիկագոյի մեծ հանրախանութներից մեկում, ապա տեղափոխվում Նյու Յորքի համերգային բյուրո։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվում է ծառայության երաժշտական բրիգադում, լինելով Հյուսիսային Աֆրիկայում, Իտալիայում և Ավստրիայում։ Պատերազմի ավարտից հետո պատահաբար ծանոթանում է Նյու Յորքի թատրոններից մեկի պրոդյուսերի օգնականի հետ, ով բրոդվեյական «Որսորդության ձայներ» բեմադրության համար փնտրում էր բարձրահասակ դերասանի զինվորականի դեր խաղալու համար, իսկ Լանկաստերը լիովին համապատասխանում էր այդ կերպարին, նրա հասակը 1 մ 85 սմ էր։ Չնայած ներկայացումը հաջողություն չի ունենում, սակայն Լանկաստերի ցուցադրած խաղը տեսնելուց հետո նրան հրավիրում են խաղալու կինոյում։
Անձնական կյանք
1935 թվականին ամուսնացել է օդային գիմնաստիկուհի Ջուն Էռնեստի հետ, ով հիացրել էր Բերտին իր մարմնամարզական կարողություններով, և ում մասին նա մի առիթով ասել էր, որ նա միակ մարզուհին է Ամերիկայում, ում հաջողվում է օդում հորիզանական դիրքերով համարներ ցուցադրել։ Նրանց ամուսնությունը սակայն երկար չտևեց ու նրանք բաժանվեցին 1946 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում նա ծանոթանում է երաժշտական բրիգադում աշխատող Նորմա Անդերսոնի հետ և նրանք ամուսնանում են 1947 թվականին։ Նրանք ունենում են հինգ երեխա՝ 2 տղա և 3 աղջիկ, սակայն ամուսնալուծվում են 1969 թվականին։ Երրորդ անգամ Բերտ Լանկաստերը ամուսնանում է 1990 թվականին Սյուզան Մարտինի հետ ում հետ ապրում է մինչև իր մահը՝ 1994 թվականը։
1985 թվականին Լանկաստերը միանում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումներին, այն բանից հետո երբ նրա ընկեր՝ դերասան Ռոք Հադսոնը, վարակվում է ՁԻԱՀ-ով։
Քաղաքական հայացքներ
Լանկաստերը լիբերալ քաղաքականության կողմնակից էր և հաճախ էր ելույթ ունենում ռասայական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար, մասնավորապես հիշարժան է նրա 1963 թվականի մարտ ամսին Վաշինգտոնում ունեցած ելույթը։ Նա աջակցում էր Վիետնամական պատերազմի դեմ պայքարող քաղաքական ուժերին։ 1968 թվականին Լանկաստերը ակտիվ աջակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ի նախագահության քարոզարշավում նախագահության թեկնածու Մինեսոտա նահանգի սենատոր Յուջին Մակկարտին, ով Դեմակրատական կուսակցության ներկայացուցիչն էր, իսկ 1988 թվականի պաշտպանում էր թեկնածու Մայքլ Դուկակիսին։
Վերջին տարիներ և մահ
Տարիքի հետ Լանկաստերը սկսում է ավելի շատ տառապել աթերոսկլերոզով, իսկ 1980 թվականին հազիվ է ողջ մնում լեղապարկի բորբոքումից հետո։ Երկու անգամ սրտի կաթված տանելուց հետո 1983 թվականին նա արդեն բժիշկների հսկողության տակ էր և չնայած ծանր առողջական վիճակին նա կարողանում է 1988 թվականին դերասաններ Ջեյմս Ստյուարտի և Ջինջեր Ռոջերսի հետ միասին մասնակցել Կոնգրեսում լսումներին, ընդդեմ մեդիա-մագնատ Թեդ Թյորների, ով ցանկանում էր գունավորել 1930-40-ական թթ. սև-սպիտակ ֆիլմերը։
1990 թվականին ծանր կաթվածից հետո նրա մարմինը մասամբ անշարժանում է և գրեթե զրկվում է խոսելու կարողությունից։ Բերտ Լանկաստերը մահացել է Լոս Անջելեսի իր բնակարանում սրտի երրորդ ինֆարկտից 1994 թվականի հոկտեմբերի 20-ին, 80 տարեկան հասակում։ Նրա մարմինը հուղարկավորված է մի մեծ կաղնու ծառի տակ Westwood Memorial Park այգում։ Համաձայն նրա խնդրանքի իր գերեզմանին որևէ հուշարձան կամ քար կառուցված չէ, միայն այդ այգու դարպասներին գրված է «Բերտ Լանկաստեր 1913-1994» վերնագրով ցուցանակ։
Կինոկարիերա
Առաջին դերը կինոյում «Անապատի Ֆուրիան» քրեական դրաման էր, ուր նա խաղում էր ոստիկանի դեր։ Չնայած նրա խաղը չի հաջողվում, սակայն նրան հրավիրում են խաղալու այլ ֆիլմերում և նրա առաջին մեծ աշխատանքը կինոյում 1946 թվականին նուար ժանրի «Մարդասպանները» ֆիլմն էր, որին հաջորդեցին 1949 թվականին նույնպես նուար ժանրի «Խաչը խաչին» ֆիլմը և 1948 թվականին «Ներեցեք, դուք սխալ համարով եք եկել» մելոդրաման։
1950 թվականին հաջողությամբ է խաղում Ժակ Թյուրների «Կրակ և նետ» ֆիլմում, գլխավոր հերոս, այսպես ասած իտալացի Ռոբին Հուդ Դարդո Բարտոլլիի դերը։ Կրկեսային կարողությունների շնորհիվ այս ֆիլմում նա կատարեց մի քանի տպավորիչ ակրոբատիկ համարներ։
1954 թվականին Ռոբերտ Օլդրիչի «Ապաչի» արկածային ֆիլմում խաղում է հնդկացի Մասսաի դերը։ Լարված սյուժեով, տարբեր հնարքներով ու հետապնդումների տեսարաններով այս ֆիլմը, նկարահանված Պոլ Ի. Ուելլմանի «Բրոնկո ապաչի» վեպի հիման վրա, կարելի է ասել դառնում է այս ժանրի առաջին աշխատանքներից մեկը համաշխարհային կինոյում, ապաչիների և ամերիկացիների հակամարտության մասին։
1954 թվականին Լանկաստերը պրոդյուսեր Հարոլդ Հեկտի և Ջեյմս Հիլլի հետ միասին հիմնում է սեփական «Hill-Hecht-Lancaster Productions» կինոընկերությունը, իսկ ինքը Լանկաստերը խաղում է կինոընկերության կողմից ստեղծված տարբեր ժանրերի ֆիլմերում։ 1960 թվականին այդ կինոընկերությունը լուծարվում է։
1953 թվականին Լանկաստերը խաղում է իր ամենահայտնի դերերից մեկը Ֆրեդ Ցինեմանի «Այսուհետև և դարեդար» ֆիլմում, որի համար առաջադրվում է Օսկարի, իսկ ֆիլմը ստանում է 8 Օսկար, որոնց թվում լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր։ 1960 թվականի «Էլմեր Գանտրի» ֆիլմի համար ստանում է Օսկար լավագույն դերասան անվանակարգում։ 1961 թվականին դեր է ստանում Սթենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» հայտնի ֆիլմում։ Այս ֆիլմերում խաղացած դերից հետո նա դառնում է Հոլիվուդի ամենապահանջված դերասաներից մեկը։ Այս ֆիլմից հետո նա սկսում է աշխատել եվրոպացի ռեժիսորների հետ, մասնավորապես Լուկինո Վիսկոնտիի և Բեռնարդո Բերտոլուչչի հետ, ապա ամերիկացի ռեժիսոր Ջոն Ֆրանկենհայմերի հետ։ Վիսկտոնտիի «Հովազը» ֆիլմում մարմնավորած իր «հովազ» մականունով սիցիլացի հերոսը դառնում է նրա խաղացած ամենահայտնի դերերից մեկը։ Այս շրջանի մի քանի ֆիլմերում նրան ընկերակցում է ֆրանսիացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։
Վերջին տարիների քիչ թե շատ նշանավոր դերերից են 1979 թվականին «Զուլուսների արշալույսը» պատմական ֆիլմում գնդապետ Էնթոնի Դարնֆորդի դերը և Լուի Մալի «Ատլանտիկ Սիթի» ֆիլմում գլխավոր հերոս Լու Պասկալի դերը, որի համար նա վերջին չորրորդ անգամ առաջադրվում է Օսկարի։
1978 թվականին նկարահանված «Մեծ Հայրենականը» երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմում աշխատում է որպես ֆիլմի պատմող։
Նրա վերջին աշխատանքը կինոյում դարձավ «Առանձին, բայց հավասար» հեռուստասերիալը, որտեղ նրա խաղընկերն էր Սիդնի Պուատյեն։
Ֆիլմագրություն
Խաղացել է 80-ից ավելի ֆիլմերում, մոտ 10 ֆիլմի պրոդյուսեր է։ «Մարդը Կենտուկիից» ֆիլմի ռեժիսորն է (1955 թ.)
Առավել նշանավոր ֆիլմերից են՝
Andreychuk, Ed. Burt Lancaster: A Filmography And Biography. Jefferson, North Carolina: McFarland & Company, Inc., Publishers, 2005. ISBN 978-0786423392.
Buford, Kate. Burt Lancaster: An American Life. London: Aurum Press, 2008. ISBN 1845133854
Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич. - М.: Советская энциклопедия, 1986. - С. 226. - 640 с.