Լեղապարկը (vesica biliaris) տանձաձև է։ Նրա լայն, լյարդի առաջային եզրի տակից դուրս եկող ծայրը կոչվում է հատակ (fundus)։ Լեղապարկի հակառակ բարակ ծայրը կոչվում է վզիկը (collum vesicae), իսկ միջին մասը՝ մարմին (corpus vesicae)։ Վզիկի շարունակությունը պարկային ծորանն է (ductus cysticus)՝ մոտ 3.5 սմ երկարությամբ։ Պարկային ծորանի (ductus cysticus) և լյարդի ընդհանուր ծորանի (ductus hepaticus communis) միաձուլումից գոյանում է ընդհանուր լեղածորանը (ductus choledochus)։
Լյարդում արտադրված լեղին արտահոսում է լյարդային ընդհանուր ծորանով (ductus hepaticus communis)։ Անհրաժեշտության դեպքում նա լեղածորանի միջոցով (ductus choledochus) իսկույն լցվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Եթե դրա կարիքը չկա, ապա ընդհանուր լեղածորանը (ductus choledochus) և նրա Օդդի սեղմանը (sphincher Odii) գտնվում են կծկված վիճակում և կանխում են լեղու հոսքը դեպի աղիքը, որի հետևանքով վերջինս կարող է ուղղվել միայն պարկային ծորանի (ductus cysticus), ապա լեղապարկի մեջ, որին նպաստում է պտուտակաձև ծալքերի կազմությունը (plicae spirales)։
Երբ կերակուրը մտնում է ստամոքս և առաջանում է համապատասխան ռեֆլեքս, տեղի է ունենում լեղապարկի մկանային պատի կծկում և միաժամանակ լեղածորանի ու Օդիի սեղմիչի մկանների թուլացում, որի շնորհիվ լեղին մտնում է տասներկումատնյա աղիքի մեջ։