Ծնվել է պաշտոնյայի ընտանիքում։ Օքսֆորդի համալսարանում սովորելու տարիներին (1940—1943) ընկերանում է Կինգսլի Էմիսի հետ, որը դառնում է նրա` «Շարժում» գրական միավորման ընկերը։ Ամբողջ կյանքում աշխատել է որպես համալսարանական գրադարանավար, սկզբում Բելֆաստում, իսկ 1955 թվականից Հալի համալսարանում։
1945 թվականին Լարկինը սեփական խնայողություններով հրատարակում է բանաստեղծությունների դեբյուտային ժողովածուն` «Հյուսիսային նավը»` Թոմաս Հարդիի օժանդակությամբ։ Այստեղ արդեն երևում էին նրա պոեզիայի հիմնական թեմաները` կորուստ, մենություն, տառապանք մարդկանց կորսված կյանքի համար[6]։
Օքսֆորդյան տարիներին Բրյունետտի Կոուլմեն կեղծանվամբ երկու պատմություն է գրել` ծաղրերգություն վեպեր աղջիկների համար և հոմոսեքսուալիզմի մոտիվներով (հրատարակվել են 2002 թվականին)։ Ուսանողական տարիների տպավորություններն արտացոլվել են նրա «Ջիլ» վեպում (1946)։
Լարկինին ազգային մեծ ճանաչում բերեց 1955 թվականի «Փոքր խաբեություն» ժողովածուն (The Less Deceived), որն ընկալվեց ինչպես «հիսունականների» բանաստեղծների մանիֆեստը(հրովարտակ), որոնք ժխտում էին ինչպես 1940-ական թվականների բանաստեղծների հուզական վերադասավորումները, այնպես էլ նախապատերազմյան տասնամյակի պոեզիայի քաղաքական կողմնորոշումը[7]։ Լարկինը և նրա համախոհները (Էմիս, Ջ. ՈՒեյն) ձգտում էին տարանջատվել մոդեռնիզմի բանաստեղծներից, ինչպես ռոմանտիզմի հերթական հրատարակությունը։
Լարկինի բանաստեղծական ոճին բնորոշ են թյուրիմացությունը, խլությունը, անհամապատասխանությունը։ Նրա քնարական հերոսը, միայնակ կորչելով քաղաքային բարքերում, կարող է բացահայտել մարդկանց պատրանքները` հակված չլինելով մեղավորներ փնտրել[6]։ Բանաստեղծի հեգնանքն ուղղված էր ռոմանտիկ աշխարհընկալման խորքային հիմքերի ոչնչացմանը։ Ռոմանտիզմը նա համարում էր իր դարն արդեն վաղուց ապրած հետադիմական աշխարհայացք, կործանարար ժամանակակից հասարակության համար։
Լարկինը երաժշտության նուրբ գիտակ էր։ 1961-1971 թվականներին The Daily Telegraph թերթում վարել է ջազային երաժշտության բաժինը։ Նա նաև իր ժամանակի ամենահեղինակավոր գրական քննադատների թվին էր պատկանում։ Իրենց հանրաճանաչությամբ նրան են պարտական նաև այնպիսի ժամանակակիցներ, ինչպես օրինակ Բարբարա Պիմը։ Լարկինի հոդվածները ուշադրություն դարձրին նաև Թոմաս Հարդիի պոեզիային, և օգնեցին նրանց վերադառնալ հարաբերական մոռացումից։
1970 -ական թվականներին Լարկինի ստեղծագործությունները ընդգրկվեցին բուհական դասագրքերում և լայն ճանաչում ձեռք բերեցին, չնայած ակադեմիական որոշ միջավայրի թերահավատ վերաբերմունքին։ Սովետական «Գրական ակնարկ» ամսագիրը 1975 թվականին արձանագրեց, որ «Անգլիայում առավել ճանաչված և ազդեցիկ բանաստեղծ կարելի է համարել Ֆիլիպ Լարկինին»։
Լարկինը մահացել է 63 տարեկանում կերակրափողի քաղցկեղից։ 1992 թվականին նրա նամակագրության հրապարակումը ցնցեց բրիտանական ողջ քաղաքական էլիտան ռասիստական դատողություններով, անպարկեշտ բառապաշարով ու հումորով, պոռնոգրաֆիայի նկատմամբ անթաքույց հակումներով[8]:Ինչպես գրում է մի քննադատ, Լարկինի շատ երկրպագուներ լիակատար շփոթության մեջ ընկան, երբ բացահայտվեց նրա ինտիմ կյանքի մանրամասները[9]։
2003 թվականին Բանաստեղծական գրքի ընկերությունը Լարկինին ճանաչել է Մեծ Բրիտանիայի հետպատերազմյան շրջանի ամենասիրված բանաստեղծը[10], 2008 թվականին The Times ամսագիրը` հետպատերազմյան շրջանի լավագույն գրողը[11] (Տոլկինը, օրինակ, այդ ցուցակում զբաղեցնում էր 6-րդ տեղը)։
1984 թվականին Լարկինին առաջարկվել է պատվավոր կոչում` բանաստեղծ-դափնեկիր, որը նա մերժել է։
Նրա կյանքի մասին գրվել և բեմադրվել են մի քանի պիեսներ։ Լարկինի դերերը դրանցում կատարում էին Թոմ Կորտնին և Հյու Բոնևիլը։