«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ։
«Ինտելեկտուալ Ռենեսանս» և «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամները ստեղծվել են 2013 և 2014 թվականներին Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Մինչև 2017 թվականը նրանցից յուրաքանչյուրը ծավալում էր առանձին գործունեություն։ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամն իրականացնում էր այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Սարոյան հաուսը»[1], «Տղամարդիկ» արձանախմբի[2] և «Վարք Հավերժության» արձանի տեղադրումը[3], աջակցությունը Հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը[4][5]։ «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամն իրականանցում էր «Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան» (armenianmusic.am) նախագիծը[6][7], որի շրջանակում վերահրատարակվեցին նաև մի քանի արժեքավոր գրքեր։ 2017 թվականին, ստեղծված լինելով միևնույն հիմնադրի՝ Արթուր Ջանիբեկյանի կողմից, երկու հիմնադրամները միավորվել են և շարունակում են իրենց գործունեությունը «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ անունով։
Հիմնադրամի խորհրդանշանի հիմքում ընկած են վերածնունդ, մշակութային և ինտելեկտուալ բառերի սկզբնատառերը՝ պատկերված միջնադարի հայկական թռչնագրին հատուկ էլեմենտներով։ Վերջիններս սահուն կերպով միանում են միմյանց՝ ամբողջացնելով թռչնի պատկերը։ Խորհրդանշանի երեք հիմնական գույներն են կարմիրը, սևը և սպիտակը։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հիմնադիրը Արթուր Ջանիբեկյանն է՝ Հայաստանում իրականացավող մի շարք կրթական, մշակութային, հասարակական նախաձեռնությունների հեղինակն ու հովանավորը։ Նա այժմ ղեկավարում է «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը (ТНТ, ТВ-3, «Пятница» և «2х2»)[8][9][10]: 2007 թվականին հիմնել է «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերությունը[11], այժմ ընկերության գլխավոր տնօրենն է։ 2008 թվականին հիմնադրել է «Քոմեդի TV» շուրջօրյա հումորային հեռուստաալիքը։ Նաև բազմաթիվ հայկական և ռուսական ֆիլմերի պրոդյուսեր է։ Իրականացրել է մասնագիտացված սեմինարներ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում (Columbia University), Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում։ «Սնոբ» բանավեճային ակումբի անդամ է[12]։ «Այբ» կրթական համալիրի՝ առաջին հայկական նորարարական կրթական կենտրոնի աջակիցներից է։ Ջանիբեկյանը հայրենիքում և արտասահմանում արժանացել է մի շարք պարգևների։ 2016 թվականին Հայաստանում պարգևատրվել է մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանով։
Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախումբը (Երևան, Ստեփան Զորյան փողոց) ներկայացնում է մեծ ժողովրդականություն վայելող 1972 թվականին նկարահանված «Տղամարդիկ» կինոկատակերգության չորս գլխավոր հերոսներին, որոնց ֆիլմում մարմնավորել են հայ ամենասիրված դերասաններ Մհեր (Ֆրունզե) Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Ավետիք Գևորգյանը և Արմեն Այվազյանը։ Արձանի կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2006 թվականին, իսկ պաշտոնական բացումն իրականացվել է 2007 թվականի հոկտեմբերի 13-ին։ Արձանախումբը հնարավորություն է տալիս այցելուներին մտովի վերականգնելու սիրելի ֆիլմի հերոսների կերպարները և պատկերացնելու նրանց քաղաքում շրջելիս[13]։
«Վարք հավերժության» անունը կրող բրոնզաձույլ, 3 մետր բարձրությամբ քանդակը գտնվում է Երևանի Մոսկովյան - Տերյան խաչմերուկի հարակից տարածքում[3]։ Քանդակագործն է Դավիթ Երևանցին, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը։ Կառուցվել է հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, տեղադրվել՝ 2012 թվականի ապրիլի 23-ին։ Հանդիսավոր բացմանը ներկա էին քաղաքական և մշակութային բազմաթիվ գործիչներ։ Արձանը խորհրդանշում է «Մշո ճառընտիր» մատյանը՝ պատկերելով երկու կանանց, ովքեր հայերեն այս ամենամեծ մագաղաթյա գիրքը, երկու մասի են բաժանել և փրկել թուրքական յաթաղանից։
2013 թվականի հոկտեմբերին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը սկսեց աջակցել «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամին՝ իրականացնելով մի շարք ծրագրեր, որոնցից են «Մեկ հայ, մեկ հոդված» արշավը[14][15][16][17][18], Վիքիճամբարները[19] և Վիքիակումբների ստեղծումը։
2014 թվականի մարտի 24-ին մեկնարկված համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ բազում մշակութային գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետել վիքիմշակույթին և իրենց ներդրումն ունենալու հայերեն վիքիպեդիայի հարստացման գործում։ Արշավին անդրադարձան այնպիսի արտասահմանյան պարբերականներ, ինչպիսիք են BBC-ն[20][21], The Guardian-ը, News Week-ը և այլն։
Համագործակցության ընթացքում 2014 թվականին կազմակերպվեց առաջին վիքիճամբարը[22]։ 14 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները ծանոթացան վիքիպեդիայի խմբագրելու գործիքներին։ Ճամբարի առօրյայում ներառված էին հայկական պարերի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների և մշակութային գործիչների հետ։ 2014 թվականի օգոստոսին կազմակերպվեց վիքիճամբարի երկրորդ հերթափոխը։ Վիքիճամբարը միջազգային «Վիքիմեդիա» հիմնադրամի կողմից ճանաչվեց 2014 թվականի լավագույն վիքի միջոցառում[23]։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2014 թվականի հունիսի 1-ին սկսել է աջակցել վիքիակումբների ստեղծմանն ու գործունեությանը՝ հիմնելով Ապարանի վիքիակումբը։ Հետագայում, «Վերածնունդ»-ի աջակցությամբ հիմնվել են վիքիակումբներ նաև Եղվարդում, Աշտարակում, Ստեփանակերտում։
2015 թվականի հունիսի 20-ին Երևանի Արշակունյաց 2 հասցեում կայացավ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված և տեխնիկապես վերազինված գրասենյակի բացումը[24]։
Աջակցության ընթացքում՝ 2013–2015 թվականներին հայերեն Վիքիպեդիայի հոդվածների թիվը ավելացավ 70․000-ից հասնելով 200․000-ի։։
Հայկական ազգային երաժշտական գանձարան ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի փետրվարին, բաղկացած է մի քանի նախագծերից[25]։ Նախագծի նպատակն է ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը, պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը[26]։ Ստեղծվեց 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը, որը գործում է 2014թ․-ի փետրվարից և 4 ամսում հասցրել է ձայնագրել 60 հոգևոր-եկեղեցական երգերից կազմված ընտրանի` 5-րդ դարից մինչև 15-րդ դար։ 2014 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում AP records-ի տաղավարներում ձայնագրվեցին 500-ից ավել վոկալ և գործիքային ստեղծագործություններ՝ ժողովրդական, հոգևոր[27] , աշուղական։ Ձայնագրմանը զուգահեռ՝ աշխատանքներ սկսվեցին armenianmusic.am երաժշտական առցանց պորտալի ստեղծման ուղղությամբ, որում տեղակայվեցին բոլոր աուդիոձայնագրությունները։ Երգերը դասավորված են բոլոր հնարավոր ֆիլտրերով. ըստ երգի տիպի, ժանրի, կատարողի, տարածաշրջանի, օգտագործված գործիքների եւ այլն։ Ստեղծագործությունների ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները[28]։ Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Կայքը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով՝ IOS և Անդրոիդ օպերացիոն համակարգերի համար։ Պորտալում յուրաքանչյուր երգի ուղեկցում է համապատասխան թեմատիկ նկարազարդումը։ Նկարազարդումները ստեղծվել են հատուկ այդ ձայնագրությունների համար՝ Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստական քոլեջի ուսանողների, ինչպես նաև անվանի նկարիչների կողմից։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամն իրականացրել է մի շարք գրքերի հրատարակումներ և վերահրատարակումներ։ 2014 թվականին հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության՝ ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը։ Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը։ Մեկնարկեցին հայերեն տեքստերի լատինատառ տառադարձության, ծանոթագրական նյութերի պատրաստման և դրանց անգլերեն թարգմանության գործընթացները։ 2015 թվականի հունիսի վերջին, իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին[29]։ Այն անվճար հատկացվել է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն։ 2015 թվականի հուլիսին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ հայտնի մշակութային և պետական գործիչների մասնակցությամբ։ Մինչ այսօր անցկացվում են բազմաթիվ շնորհանդեսներ և PR ակցիաներ, որոնց թվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսին «Ազգային ինքնության պահպանում» թեմայով հաշվետվության ներկայացումը, պրեզենտացիաներ Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանում (ԱՄՆ), «Այբ» միջազգային դպրոցում, Կոմիտասի թանգարանում և այլուր։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ, հրատարակել է հայ հոգևոր երաժշտական կարևորագույն մատյաններ։ Առաջինը Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված «Սուրբ Պատարագն» է՝ եռաձայն արական, քառաձայն արական և քառաձայն խառը կազմերի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին Լայպցիգում[30]։ Շուրջ 120 տարի անց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, «Սուրբ Պատարագի» բազմաձայնումը վերահրատարակվեց, նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տառադարձությամբ, երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ։ Նպատակն էր հայ եկեղեցու գլխավոր ծեսի այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ «Ժամագիրքը», որը քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է՝ հայ եկեղեցական արարողակարգին և տոներին հարմարեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների հիմնական ժողովածուն[31]։ «Ժամագիրքը» եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել։ Այն 1877 թվականին Համբարձում Լիմոնջյանի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանը։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ժամագիրքը փոխադրվել է եվրոպական նոտագրության։ 960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով։ Այս ամենը առկա է հայերեն և անգլերեն լեզուներով։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2016 թվականին գնեց Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյում գտնվող տունը և այդ պահից ազդարարվեց «Սարոյան հաուս» նախագծի սկիզբը[32]։ Նախագիծը նպատակ ունի նորագույն տեխնոլոգիական լուծումներով ներկայացնել Վիլյամ Սարոյանի ամբողջական կերպարն ու խառնվածքը, բացահայտել նրա մինչ այս անհայտ կողմերը և ներկայացնել այն ոչ ստանդարտ լուծումներով։ Գրիֆիթ վեյ 2729 հասցեում գտնվող տունը[33], որտեղ Վիլյամ Սարոյանը անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները, 2018 թվականի օգոստոսի 31-ին, գրողի 110-ամյակին[34], վերաբացվեց որպես տուն-թանգարան։ Նշանավոր գրողի լիարժեք ներկայացման համար նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել Վիլյամ Սարոյանի հետ առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկաներ, ֆիլմեր ու ձայնագրություններ[35][36][37][38]։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2017 թվականից կանգնած է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի կողքին[39]։ Աջակցելով դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումների կյանքի կոչմանը՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը և «Վերածնունդը» որդեգրել են մշակութային քաղաքականության ոլորտում որոշիչ ներդրումներ կատարելու առաքելությունը[40]։
2017 թվականի հուլիսի 1-ից «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, համագործակցելով «Այբ» կրթական հիմնադրամի հետ, զբաղվում է աշխարհահռչակ «Քան» ակադեմիա առցանց կրթական հարթակի հայերեն բաժնի ստեղծմամբ և զարգացմամբ[41]։ Նախագծի նպատակ է թարգմանել մաթեմատիկայի, գիտության և արվեստի մասին նյութերի շարքը, ինչպես նաև ստեղծել հայոց լեզվի քերականության տեսանյութերի շարք։ Արդյունավետ համագործակցության շնորհիվ այսօր Youtube-ի հարթակում և «Քան» ակադեմիայի հայալեզու կայքում հասանելի են 2000-ից ավելի տեսանյութեր և 900-ից ավել վարժություններ ու ուսուցողական նյութեր։
Նարեկացուն նվիրված նախագծի շրջանակում հիմնադրամն իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ Գրիգոր Նարեկացուն նվիրված կայքի գործարկումը (2017 թվական), Գրիգոր Նարեկացու հուշարձանի տեղադրումը Վատիկանի պարտեզում (2018 թվականի մարտի 21-ին)[42][43], «Մատյան ողբերգության» պոեմին նվիրված հուշարձանի միջազգային մրցույթը (2018 թվականի հոկտեմբերի 13)[44] և 2013 ու 2014 թվականներին հիմնադրամը ձեռք է բերել հնագույն արժեքավոր ձեռնագրեր և ի պահ տվել վերջիններիս Մատենադարանին։ Narekatsi.com կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Ներառում է Նարեկացու կենսագրությունը, նրան նվիրված ֆիլմերի, հաղորդումների, հոդվածների հղումներ։ Կայքում զետեղված են ավանդազրույցներ, տաղեր, գանձեր, աղոթքներ և այլ ստեղծագործություններ՝ տարբեր տարիների, երկրների հրատարակություններով։ Աշխատանքներ են տարվում «Մատեան Ողբերգութեան» պոեմի իտալերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն և մի շարք այլ լեզուներով թարգմանությունների ձեռք բերման ուղղությամբ։ Կայքը հնարավորություն է տալիս այս ամենը կարդալ տեքստային և/կամ գրքային տարբերակով։ Կայքն ունի նաև առանձին բաժին՝ նվիրված Նարեկավանքին, որտեղ հնարավոր է գտնել վանքի մասին տեղեկատվություն և նկարներ։
2017 թվականից «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի մեկենասությամբ սկսվել է Հայաստանի ռադիոյի ձայնադարանի թվայնացումը, որի «Ոսկե ֆոնդում» պահպանվում է մոտ 97.000 ձայնագրություն, որից 28.000-ը հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են[45]։
Եռալեզու կայքում հնչում են արդեն դասական դարձած երգեր, ելույթներ, համերգներ, ձայներ, նաև ձայնագրություններ, որոնք եզակի են, շատերի համար մինչ այս անհայտ։ Յուրաքանչյուր աուդիոձայնագրությանը կցվում են ձայնագրության տարեթիվը, երաժշտության և խոսքերի հեղինակը, ներկայացվում է կենսագրություն, ֆոտոալբոմ և այլն։ Այսօր հնարավորություն կա ոչ միայն վայելելու «Ոսկե ֆոնդի» գոհարները, այլ նաև ստեղծելու նորերը։ Վերջերս վերաբացված Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում` «Ռադիո ստուդիա»-ում, որտեղ տասնամյակներ շարունակ ձայնագրվել է արխիվի ձայնագրությունների մեծ մասը, արդեն իսկ ձայնագրվում են ստեղծագործություններ, որոնք վաղը կդառնան մեր այսօրվա մշակութային արժեքների վկայությունը[46]։