Կենսագրություն, մարդու կյանքի պատմության վերստեղծումը՝ կապված տվյալ ժամանակաշրջանի հասարակական իրականության հետ։ Կենսագրության առաջին օրինակները պատկանում են անտիկ շրջանին։
Միջնադարում հիմնականում գրում էին սրբերի կամ սրբերի շարքը դասվող մարդկանց կենսագրությունը, որ հայտնի է վարքագրություն անունով (օրինակ, Կորյունի «Վարք Մաշտոցի»)։
Արդի հասկացությամբ կենսագրությունը առաջացել է 18-րդ դարում և զարգացել 19-րդ դարում։ 20-րդ դարում այն ձևավորվել է իբրև գեղարվեստական գրականության ժանր (Ռ. Ռոլան, Ս. Ցվեյգ, Ա. Մորուա)։
Տեսակները
Կենսագրությունը կարող է լինել
- գիտական (Ա. Ինճիկյանի «Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը»),
- գեղարվեստական (Ա. Մորուայի «Պրոմեթեոս կամ Բալզակի կյանքը»),
- գիտա-մասսայական (Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի և այլոց կյանքը ներկայացնող գրքեր)։
Կենսագրության մի տեսակն է ինքնակենսագրությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 369)։
|