Խորվաթիայի քաղաքական համակարգը գործում է խորհրդարանական, ներկայացուցչական ժողովրդավարական հանրապետության շրջանակում, որտեղ Խորվաթիայի վարչապետը կառավարության ղեկավարն է բազմակուսակցական համակարգում։ Գործադիր իշխանությունն իրականացնում են Խորվաթիայի կառավարությունը և նախագահը։ Օրենսդիր իշխանությունը վերապահված է Խորվաթիայի խորհրդարանին (խորվ.՝ Sabor). Դատական իշխանությունն անկախ է գործադիրից և օրենսդիրից։ Խորհրդարանն ընդունեց Խորվաթիայի գործող Սահմանադրությունը 1990 թվականի դեկտեմբերի 22-ին և որոշեց անկախություն հռչակել Հարավսլավիայից 1991 թվականի մայիսի 25-ին։ Խորվաթիայի Հանրապետության ինքնիշխանության և անկախության մասին սահմանադրական որոշումը ուժի մեջ է մտել 1991 թվականի հոկտեմբերի 8-ին։ Դրանից հետո սահմանադրությունը մի քանի անգամ փոփոխվել է[1]։ Երկրում առաջին ժամանակակից կուսակցությունները ձևավորվեցին 19-րդ դարի կեսերին, և դրանց օրակարգն ու կոչը փոխվեցին՝ արտացոլելով սոցիալական խոշոր փոփոխություններ, ինչպիսիք են Ավստրո-Հունգարիայի, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության փլուզումը, բռնապետությունը և սոցիալական ցնցումները թագավորությունում, Երկրորդ համաշխարհային պատերազմը, կոմունիստական իշխանության հաստատում և Հարավսլավիայի փլուզում։
Հանրապետության նախագահը (խորվ.՝ Predsjednik/ica Republike) պետության ղեկավարն է ու Խորվաթիայի զինված ուժերի գերագույն հրամանատարը և ուղղակիորեն ընտրվում է հինգ տարի ժամկետով[2]։ Կառավարությունը (խորվ.՝ Vlada)՝ Խորվաթիայի գլխավոր գործադիր իշխանությունը, գլխավորում է վարչապետը, որն ունի չորս փոխվարչապետ, որոնք ծառայում են նաև որպես կառավարության նախարարներ։ Առանձին գործունեությամբ զբաղվում են 20 նախարարներ։ Գործադիր իշխանությունը պատասխանատու է օրենսդրություն և բյուջե առաջարկելու, օրենքների կատարման և արտաքին ու ներքին քաղաքականության ուղղորդման համար։ Խորհրդարանը միապալատ օրենսդիր մարմին է։ Սաբորի պատգամավորների թիվը տատանվում է 100-ից մինչև 160․ նրանք ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ չորս տարի ժամկետով։ Օրենսդիր մարմնի լիազորությունները ներառում են սահմանադրության և օրենքների ընդունումն ու փոփոխությունը, կառավարության բյուջեի ընդունումը, պատերազմի և խաղաղության մասին հայտարարությունները, ազգային սահմանների սահմանումը, հանրաքվեների և ընտրությունների անցկացումը, սպաների նշանակումները ու ազատումները, վերահսկելը Խորվաթիայի կառավարությանը ու Սաբորին պատասխանատու հանրային լիազորությունների մյուս կրողներին և համաներումների շնորհում։ Խորվաթիայի սահմանադրությունը և օրենսդրությունը նախատեսում են հերթական նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև շրջանների պրեֆեկտների (շրջանների նախագահների) և վեհաժողովների, քաղաքապետերի, համայնքապետների և ավագանիների ընտրությունները։
Խորվաթիան ունի եռաստիճան, անկախ դատական համակարգ, որը կառավարվում է Խորվաթիայի Սահմանադրությամբ և Սաբորի կողմից ընդունված ազգային օրենսդրությամբ։ Գերագույն դատարանը (խորվ.՝ Vrhovni sud) Խորվաթիայի բարձրագույն վերաքննիչ դատարանն է[3], մինչդեռ քաղաքային և շրջանային դատարանները ընդհանուր իրավասության դատարաններ են։ Խորվաթիայի մասնագիտացված դատարաններն են՝ առևտրային դատարանները և Գերագույն առևտրային դատարանը, իրավախախտումների դատարանները և Գերագույն իրավախախտումների դատարանը, վարչական դատարանները և Վերադաս վարչական դատարանը։ Խորվաթիայի Սահմանադրական դատարանը (խորվ.՝ Ustavni sud) հիմնականում զբաղվում է սահմանադրական իրավունքով։ Նրա հիմնական լիազորությունն է որոշում կայացնել այն մասին, թե արդյոք վիճարկվող օրենքներն իրականում հակասահմանադրական են, այսինքն՝ հակասում են սահմանադրությամբ սահմանված իրավունքներին և ազատություններին։ Պետական դատախազությունը ներկայացնում է պետությանը դատական գործընթացներկում։
«The Economist» թերթի 2022 թվականի Ժողովրդավարության ինդեքսում Խորվաթիան դասակարգվում էր՝ որպես «թերի ժողովրդավար»[4]։
Իրավական դաշտ
Խորվաթիան ունիտար ժողովրդավարական խորհրդարանական հանրապետություն է։ Իշխող Կոմունիստական լիգայի փլուզումից հետո Խորվաթիան 1990 թվականին ընդունեց նոր սահմանադրություն, որը փոխարինեց 1974 թվականին Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետության կողմից ընդունված սահմանադրությանը և կազմակերպեց իր առաջին բազմակուսակցական ընտրությունները[5]։ Սահմանադրությունը ընդունվելուց հետո չորս անգամ փոփոխվել է՝ 1997, 2000, 2001 և 2010 թվականներին[6]։ Խորվաթիան անկախություն հռչակեց Հարավսլավիայից 1991 թվականի հոկտեմբերի 8-ին, ինչը հանգեցրեց Հարավսլավիայի փլուզմանը։ Խորվաթիայի կարգավիճակը՝ որպես երկիր, միջազգայնորեն ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից 1992 թվականին[7]։ 1990 թվականի իր սահմանադրության համաձայն՝ Խորվաթիան գործում էր կիսանախագահական համակարգով մինչև 2000 թվականը, երբ անցավ խորհրդարանական համակարգի[8]։ Իշխանության լիազորությունները Խորվաթիայում բաժանված են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջև[9]։ Խորվաթիայի իրավական համակարգը քաղաքացիական իրավունք է և, ինստիտուցիոնալ շրջանակի հետ մեկտեղ, մեծ ազդեցություն ունի Ավստրո-Հունգարիայի իրավական ժառանգության վրա[10]։ Մինչև 2010 թվականի հունիսի 30-ին ԵՄ անդամակցության բանակցություններն ավարտվեցին, Խորվաթիայի օրենսդրությունը լիովին ներդաշնակեցված էր Համայնքի օրենսդրությանը[11]։ Խորվաթիան Եվրամիության անդամ է դարձել 2013 թվականի հուլիսի 1-ին։
Հանրապետության նախագահը (խորվ.՝ Predsjednik/ica Republike) պետության ղեկավարն է։ Նախագահն ընտրվում է ուղղակիորեն և պաշտոնավարում է հինգ տարի ժամկետով։ Նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ունի ընթացակարգային պարտականություն՝ վարչապետ նշանակելու Սաբորի (Խորհրդարանի) համաձայնությամբ ձայների մեծամասնությամբ (բոլոր պատգամավորների մեծամասնությունը) և որոշակի ազդեցություն ունի արտաքին քաղաքականության վրա[9]։ Վերջին նախագահական ընտրություններն անցկացվել են 2020 թվականի հունվարի 5-ին, և հաղթել է Զորան Միլանովիչը[12]։ Սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնը զբաղեցնողներին առավելագույնը երկու ժամկետով և թույլ չի տալիս նախագահին լինել որևէ քաղաքական կուսակցության անդամ[13]։ Հետևաբար, նորընտիր նախագահը երդմնակալությունից առաջ դուրս է գալիս կուսակցությունից։
Կառավարությունը (խորվ.՝ Vlada)` Խորվաթիայի գլխավոր գործադիր իշխանությունը, գլխավորում է վարչապետը, որն ունի չորս տեղակալ, որոնք նաև ծառայում են որպես կառավարության նախարարներ։ Կան ևս 16 նախարարներ, որոնք նշանակվում են վարչապետի կողմից Սաբորի համաձայնությամբ (բոլոր պատգամավորների մեծամասնությունը), սրանք պատասխանատու են գործունեության որոշակի ոլորտների համար։ 2016 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ փոխվարչապետներն են Մարտինա Դալիչը, Դավոր Իվո Շտիերը, Իվան Կովաչիչը և Դամիր Կրստիչևիչը։ Կառավարության նախարարները Խորվաթիայի դեմոկրատական միությունից (HDZ) և Անկախ ցուցակների կամուրջից (MOST) են՝ հինգ անկուսակցական նախարարներով։ Գործադիր իշխանությունը պատասխանատու է օրենսդրություն և բյուջե առաջարկելու, օրենքների կատարման և երկրի արտաքին ու ներքին քաղաքականության ուղղորդման համար։ Կառավարության պաշտոնական նստավայրը Բանսկի դվորիում է[9]։ 2016 թվականի հոկտեմբերի 19-ից սկսած վարչապետը Անդրեյ Պլենկովիչն է։
Խորվաթիայի խորհրդարանը (խորվ.՝ Sabor) միապալատ օրենսդիր մարմին է։ Երկրորդ պալատը` Համայնքների պալատը (խորվ.՝ Županijski dom), ստեղծվել է 1993 թվականին՝ 1990 թվականի Սահմանադրության համաձայն։ Համայնքների պալատն ի սկզբանե բաղկացած էր երեք պատգամավորներից յուրաքանչյուր քսան շրջաններից և Զագրեբ քաղաքից։ Այնուամենայնիվ, քանի որ այն գործնական իշխանություն չուներ Ներկայացուցիչների պալատի վրա, այն լուծարվեց 2001 թվականին և նրա լիազորությունները փոխանցվեցին շրջանների կառավարություններին։ Սաբորի պատգամավորների թիվը կարող է տատանվել 100-ից մինչև 160; նրանք բոլորն էլ ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ և ծառայում են չորս տարի ժամկետով։ Բազմաթիվ ընտրատարածքներում ընտրվում են 140 անդամներ, համամասնական ընտրակարգով ընտրվում են մինչև վեց անդամներ՝ ներկայացնելու արտերկրում ապրող խորվաթներին, իսկ հինգ անդամները ներկայացնում են էթնիկ և ազգային համայնքները կամ փոքրամասնությունները[14]։ Խորվաթիայի երկու խոշորագույն քաղաքական կուսակցություններն են Խորվաթիայի դեմոկրատական միությունը (ԽԴՄ) և Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԽՍԴԿ)։ Վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսի 5-ին։
Սաբորը հավաքվում է հանրային նիստերում երկու նստաշրջանում. առաջինը՝ հունվարի 15-ից հունիսի 30-ը, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը։ Լրացուցիչ նիստեր կարող է հրավիրել հանրապետության նախագահը, խորհրդարանի նախագահը կամ կառավարությունը։ Օրենսդիր մարմնի իրավասությունները ներառում են սահմանադրության ընդունումն ու փոփոխումը, օրենքների ընդունումը, պետական բյուջեի ընդունումը, պատերազմի և խաղաղության մասին հայտարարությունները, երկրի սահմանների փոփոխությունը, հանրաքվեների և ընտրությունների նշանակումն ու անցկացումը, պաշտոնների նշանակումներն ու ազատումը, վերահսկել Խորվաթիայի կառավարությանը և Սաբորին պատասխանատու հանրային լիազորությունների այլ կրողների աշխատանքը և համաներում շնորհելը։ Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, եթե ներկա է պատգամավորների կեսից ավելին՝ բացառությամբ սահմանադրական հարցերի[14]։
Ընտրություններ
Խորվաթիայի սահմանդրությունը և օրենսդրությունը սահմանում են պարբերաբար ընտրություններ նախագահի պաշտոնի, խորհրդարանի, նահանգապետերի, նահանգի խորհրդի, քաղաքապետի ու համայնքապետի պաշտոնների և ավագանու համար։ Հանրապետության նախագահը ընտրվում է հինգ տարի ժամկետով Խորվաթիայի բոլոր քաղաքացիների կողմից ուղղակի ընտրության միջոցով։ Ընտրությունների երկրորդ փուլ անցկացվում է այն դեպքում, երբ թեկնածուներից ոչ մեկը չի ստանում ձայների մեծամասնությունը առաջին փուլում։ Նախագահական ընտրությունները կարգավորվում են սահմանադրությամբ և համապատասխան օրենսդրությամբ[13]։
Խորհրդարանի 140 անդամները ընտրվում են չորս տարի ժամկետով տասը բազմամանդատ ընտրատարածքներում, որը համապատասխանում է գոյություն ունեցող նահանգների սահմաններին՝ որոշակի փոփոխություններով, որպեսզի յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրողների թիվը կազմի բոլոր ընտրողների նվազագույնը 5%-ը։ Արտասահմանում ապրող Խորվաթիայի քաղաքացիները հաշվառված են տասնմեկերորդ ընտրատարածքում, սակայն վերջին ընտրություններում իրենց կողմից տրվող մանդատների թիվը սահմանված չէր։ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում տասնմեկերորդ ընտրատարածքից ընտրվել էր հինգ պատգամավոր։ Սահմանադրական փոփոխություններ առաջին անգամ եղել են 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում, որի ժամանակ լուծարվեց այս համակարգը և տասնմեկերորդ ընտրատարածքից ընտրվեց երեք պատգամավոր[15]։ Նաև խորհրդարանի ութ անդամներ ընտրվում են Խորվաթիայի քսաներկու ճանաչված փոքրամասնությունների կողմից․ սերբական համայնքը ընտրում է երեք պատգամավոր, հունգարացիները և իտալացիները ընտրում են յուրաքանչյուրը մեկ պատգամավոր, չեխերը և սլովակները ընտրում են մեկ պատգամավոր միասին, մինչդեռ մնացած փոքրամասնությունները միասին ընտրում են երկու պատգամավոր[16]։ Ստանդարտ Դոնթի մեթոդով են քվեները հաշվարկվում, որտեղ 5%-ը անցողիկ շեմն է[17]։ Վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականին՝ ընտրելով 151 պատգամավորներ[15]։
Նահանգապետերը, քաղաքապետերը և համայնքապետերը ընտրվում են չորս տարի ժամկետով՝ ստանալով ձայների մեծամասնությունը։ Ընտրությունների երկրորդ փուլը անցկացվում է, երբ ոչ մի թեկնածուն առաջին փուլում չի ստացել ձայներ մեծամասնությունը[18]։ Նահանգի, քաղաքի և համայնքի ավագանիները ընտրվում են չորս տարի ժամկետով, համամասնական ընտրակարգով․ ողջ տեղական կառավարական միավորը կազմում է մեկ միասնական ընտրատարածք։
Խորվաթիան ունի եռաստիճան, անկախ դատական համակարգ, որը կառավարվում է Սահմանադրությամբ և խորհրդարանի կողմից ընդունված ազգային օրենսդրությամբ։ Գերագույն դատարանը (խորվ.՝ Vrhovni sud) Խորվաթիայի բարձրագույն վերաքննիչ դատարանն է. նրա լսումները բաց են, և վճիռները կայացվում են հրապարակայնորեն, բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալի գաղտնիությունը պետք է պաշտպանվի։ Դատավորները նշանակվում են Ազգային դատական խորհրդի կողմից, իսկ դատական պաշտոնը պահպանվում է մինչև յոթանասուն տարեկանը։ Գերագույն դատարանի նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով Խորվաթիայի խորհրդարանի կողմից Հանրապետության նախագահի առաջարկությամբ։ 2021 թվականի դրությամբ Գերագույն դատարանի նախագահը Ռադովան Դոբրոնիչն է[19]։ Գերագույն դատարանն ունի քաղաքացիական և քրեական բաժիններ[20]։ Եռաստիճան դատական իշխանության ստորին երկու մակարդակները բաղկացած են շրջանային դատարաններից և քաղաքային դատարաններից[21]։ Երկրում կան տասնհինգ շրջանային դատարաններ և վաթսունյոթ քաղաքային դատարաններ ։
Խորվաթիայում կան նաև այլ մասնագիտացված դատարաններ. առևտրային դատարաններ և Բարձրագույն առևտրային դատարան, զանցանքների դատարաններ, որոնք դատում են չնչին հանցագործություններ, ինչպիսիք են ճանապարհային երթևեկության խախտումները, Գերագույն իրավախախտումների դատարանը, վարչական դատարանը և Խորվաթիայի սահմանադրական դատարանը (խորվ.՝ Ustavni sud)[22]։ Սահմանադրական դատարանը որոշում է օրենսդրության սահմանադրությանը համապատասխանելու հարցերը, չեղյալ է հայտարարում հակասահմանադրական օրենսդրությունը, սահմանադրության դրույթների խախտման մասին հաղորդում է կառավարությանը և խորհրդարանին և լսում է Ազգային դատական խորհրդի որոշումների դեմ բողոքները։ Դատարանը բաղկացած է տասներեք դատավորներից, որոնք ընտրվում են խորհրդարանի անդամների կողմից ութ տարի ժամկետով։ Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է դատարանի դատավորների կողմից՝ չորս տարի ժամկետով[6]։ 2016 թվականի հունիսի դրությամբ Սահմանադրական դատարանի նախագահը Միրոսլավ Շեպարովիչն է[23]։ Ազգային դատական խորհուրդը (խորվ.՝ Državno Sudbeno Vijeće) բաղկացած է տասնմեկ անդամից, մասնավորապես յոթ դատավորից, համալսարանի երկու իրավագիտության դասախոսից և երկու պատգամավորից, որոնք առաջադրվում և ընտրվում են խորհրդարանի կողմից չորս տարի ժամկետով և կարող են պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ[24]։ Այն նշանակում է բոլոր դատավորներին և դատարանների նախագահներին, բացառությամբ Գերագույն դատարանի։ 2022 թվականի դրությամբ Ազգային դատական խորհրդի նախագահը Դալկո Միլկովիչն է, ով նաև Գերագույն դատարանի դատավոր է[25]։
Պետական դատախազությունը ներկայացնում է պետությանը իրավական ընթացակարգերում։ 2018 թվականի ապրիլի դրությամբ Դրաժեն Յելենիչը գլխավոր պետական դատախազն է, և կան քսաներեք տեղակալներ կենտրոնական գրասենյակում և ավելի ցածր աստիճանի պետական փաստաբաններ տասնհինգ շրջանային և երեսուներեք համայնքային պետական դատախազություններում[26][27]։ Գլխավոր դատախազին նշանակում է խորհրդարանը[28]։ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին նվիրված հատուկ պետական դատախազությունը, ստեղծվել է 2001 թվականի վերջին[29]։
Տեղական ինքնակառավարման մարմիններ
Խորվաթիան բաժանվել է ժուպանությունների (խորվ.՝ županija) միջնադարում[30]։ Բաժանումները ժամանակի ընթացքում փոխվեցին՝ արտացոլելով օսմանյան նվաճումների արդյունքում տարածքների կորուստները և նույն տարածքի հետագա վերանվաճումը, ինչպես նաև Դալմաթիայի, Դուբրովնիկի և Իստրիայի քաղաքական կարգավիճակի փոփոխությունները։ Երկրի ավանդական բաժանումը ժուպանությունների վերացվեց 1920-ական թվականներին, երբ Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը և դրան հաջորդած Հարավսլավիայի թագավորությունը բաժանեցին համապատասխանաբար մարզերի և բանովինաների[31]։ 1945 թվականից հետո կոմունիստական իշխանության ներքո Խորվաթիան՝ որպես Հարավսլավիայի բաղկացուցիչ մաս, վերացրեց այս նախկին բաժանումները և ներմուծեց համայնքները՝ Խորվաթիան բաժանելով մոտավորապես հարյուր համայնքների։ 1992 թվականիի օրենսդրությամբ վերականգնվեցին ժուպանությունները, որոնք տարածքի առումով զգալիորեն փոփոխված էին մինչև 1920-ականների ստորաբաժանումների համեմատ։ 1918 թվականին Խորվաթիայի տրանսլեյթանական հատվածը բաժանված էր ութ ժուպանությունների՝ իրենց կենտրոնների անուններով՝ Բյելովար, Գոսպիչ, Օգուլին, Պոժեգա, Վուկովար, Վարաժդին, Օսիեկ և Զագրեբ։ 1992 թվականի օրենսդրությունը նույն տարածքում ստեղծեց տասնհինգ ժուպանություն[32]։ Խորվաթիան բաժանված է քսան ժուպանությունների և Զագրեբի մայրաքաղաքի, վերջինս ունի միաժամանակ ժուպանության և քաղաքի իրավական կարգավիճակ։ Որոշ դեպքերում ժուպանությունների սահմանները փոխվել են, իսկ վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 2006 թվականին։ Ժուպանությունները ստորաբաժանվում են 128 քաղաքների և 428 համայնքների[33]։
Ժուպանության ղեկավարները, քաղաքների և համայնքների ղեկավարներն ընտրվում են չորս տարի ժամկետով՝ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ընտրատարածքներում տրված ձայների մեծամասնությամբ։ Եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չի հավաքում մեծամասնություն, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ ։ Ժուպանության, քաղաքային և համայնքային ավագանու անդամներն ընտրվում են չորս տարի ժամկետով՝ համամասնական ընտրակարգով[34]։
Ավագանու անդամների թիվը սահմանում են իրենք՝ ավագանիները՝ գործող օրենսդրության հիման վրա։ Այնուհետև ընտրական հանձնաժողովներին հանձնարարվում է որոշել, թե արդյոք ազգային էթնիկ փոքրամասնությունները ներկայացված են խորհրդում, ինչպես պահանջվում է սահմանադրությամբ։ Ավագանիում կարող են ավելացվել փոքրամասնություններին պատկանող լրացուցիչ անդամներ, եթե այդ փոքրամասնության ոչ մի թեկնածու չի ընտրվել համամասնական ընտրակարգով[34]։ Ընտրական լռությունը, ինչպես Խորվաթիայում բոլոր այլ տեսակի ընտրություններում, երբ քարոզչությունն արգելված է, գործում է ընտրությունների նախորդ օրը և շարունակվում է մինչև ընտրությունների օրվա ժամը 19:00-ն, երբ ընտրատեղամասերը փակվում են և կարող են հայտարարել նախնական արդյունքները[35]։ 1990 թվականից ի վեր Խորվաթիայում անցկացվել են ութ համապետական տեղական ընտրություններ, որոնցից ամենավերջինը 2021 թվականի տեղական ընտրություններն էին՝ ընտրելու ժուպանությունների ժուպաններ և ավագանիներ, քաղաքային ու համայնքային ավագանիներ և քաղաքապետեր։ 2021 թվականին Խորվաթիայի դեմոկրատական միության գլխավորած կոալիցիաները հաղթեցին տասներեք ժուպանությունների ավագանիների ընտրություններում։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորած կոալիցիաները մեծամասնություն են ստացել չորս ժուպանությունների ավագանիներում, իսկ մնացած ժուպանություններից Իստրիայի ավագանիների ընտրություններում հաղթել է Իստրիայի դեմոկրատական ժողովը, իսկ Զագրեբի քաղաքային ժուպանության ընտրություններում հաղթեց «Մենք կարող ենք» դաշինքը, իսկ մյուս երկու ժուպանություններում՝ Բելովար-Բիլոգորայում ու Մեջիմուրսկայում, հաղթեցին տեղական անկուսակցական դաշինքները։ ԽԴՄ-ն հաղթեց տասներեք ժուպանությունների ժուպանի ընտրություններում, ՍԴԿ-ն՝ երկու, ԻԴԺ-ը, «Մենք կարող ենք» և «Մրեժա» դաշինքները հաղթեցին մեկական ժուպանության ժուպանի ընտրություններում, իսկ անկուսակցական գործիչներ են ընտրվել երեք ժուպանություններում[36]:Կաղապար:Croatian counties
1848 թվականի հեղափոխությունները Եվրոպայում և Ավստրիական կայսրությունում կտրուկ փոփոխություններ բերեցին խորվաթական հասարակության և քաղաքականության մեջ՝ հրահրելով Խորվաթիայի ազգային վերածնունդը, որը մեծ ազդեցություն ունեցավ և էականորեն ձևավորեց Խորվաթիայի քաղաքական ու սոցիալական իրադարձությունները։ Այդ ժամանակ Սաբորը և Բան Յոսիպ Յելաչիչը հանդես էին գալիս Հունգարիայի թագավորության հետ կապերի խզման օգտին՝ ընդգծելով կայսրության ներսում գտնվող հարավսլավոնական այլ հողերի հետ կապերը։ Խորվաթիայի մի քանի նշանավոր քաղաքական գործիչներ ի հայտ եկան, ինչպիսիք են Անտե Ստարչևիչը, Յուգեն Կվատերնիկը, Ֆրանյո Ռաչկին և Յոսիպ Յուրայ Շտրոսմայերը։ Նեո-աբսոլուտիզմի ժամանակաշրջանին հաջորդեցին 1867 թվականի Ավստրո-Հունգարիայի համաձայնագիրը և Խորվաթա-հունգարական կարգավորումը, որը Խորվաթիային շնորհեց սահմանափակ անկախություն։ Դրան գումարվեց խորվաթական պնդումները վաղ միջնադարից սկսած անխափան պետականության մասին՝ որպես ժամանակակից պետության հիմք։ Երկու քաղաքական կուսակցություններ, որոնք զարգացան 1860-ական թվականներին և էականորեն նպաստեցին այդ տրամադրություններին՝ Իրավունքների կուսակցությունը՝ Ստարչևիչի և Կվատերնիկի գլխավորությամբ, և Ժողովրդական կուսակցությունը՝ Յանկո Դրաշկովիչի, Իվան Կուկուլևիչ Սակչինսկու, Յոսիպ Յուրայ Շտրոսմայերի և Իվան Մաժուրի գլխավորությամբ։ Նրանց դեմ էր Ազգային սահմանադրական կուսակցությունը, որը իշխանության ղեկին էր 1860-ականներից մինչև 1918 թվականների մեծ մասը և հանդես էր գալիս Խորվաթիայի և Հունգարիայի միջև սերտ կապերի օգտին[37]։
Այս դարաշրջանում ձևավորված այլ նշանակալից կուսակցություններ էին Սերբական ժողովրդական անկախ կուսակցությունը, որը հետագայում ստեղծեց Խորվաթ-սերբական կոալիցիան Իրավունքների կուսակցության և այլ խորվաթական ու սերբական կուսակցությունների հետ։ Կոալիցիան կառավարել է Խորվաթիան 1903-1918 թվականներին։ Կոալիցիայի առաջնորդներն էին Ֆրանո Սուպիլոն և Սվետոզար Պրիբիչևիչը։ Խորվաթական գյուղացիական կուսակցությունը (ԽԳԿ), որը ստեղծվել է 1904 թվականին և ղեկավարվում է Ստյեպան Ռադիչի կողմից, պաշտպանում էր Խորվաթիայի ինքնավարությունը, բայց մինչև 1918 թվականը հասավ միայն չափավոր նվաճումների[37]։ Դալմաթիայում երկու խոշոր կուսակցություններն էին Ժողովրդական կուսակցությունը՝ Խորվաթիա-Սլավոնիայում գործող Ժողովրդական կուսակցության մասնաճյուղը, և Ինքնավար կուսակցությունը, որը հանդես էր գալիս Դալմաթիայի ինքնավարության պահպանման օգտին՝ հակառակ Խորվաթիա-Սլավոնիայի և Դալմաթիայի միավորման Ժողովրդական կուսակցության պահանջներին։ Ինքնավար կուսակցությունը, որն առավելապես գլխավորում էր Անտոնիո Բաջամոնտին, նույնպես կապված էր իտալական իրրեդենտիզմի հետ։ 1900 թվականին Իրավունքների կուսակցությունը զգալի հաջողություններ էր գրանցել Դալմաթիայում[38]։ Առաջին երեք ընտրություններում հաղթել են ավտոնոմիստները, սակայն 1870 թվականից սկսած բոլոր ընտրությունները հաղթել է Ժողովրդական կուսակցությունը։ 1861–1918 թվականներին տեղի է ունեցել տասնյոթ ընտրություններ Խորվաթիա-Սլավոնական թագավորությունում, և տասը՝ Դալմաթիայի թագավորությունում[37]։
Առաջին և Երկրորդ Հարավսլավիա
Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության ստեղծումից հետո ԽԳԿ-ը Խորվաթիայի ամենահայտնի քաղաքական կուսակցությունն էր և մեծ ժողովրդականություն վայելեց՝ չնայած այն արգելելու ջանքերին[39]։ 1921 թվականի սահմանադրությունը սահմանեց թագավորությունը՝ որպես ունիտար պետություն, և վերացրեց պատմական վարչական բաժանումները, որոնք փաստացիորեն վերջ դրեցին Խորվաթիայի ինքնավարությանը․ սահմանադրությանը դեմ է եղել ԽԳԿ-ն[40]։ Քաղաքական իրավիճակը ավելի վատթարացավ, երբ 1928 թվականին Հարավսլավիայի խորհրդարանում սպանվեց ԽԳԿ-ի անդամ Ստյեպան Ռադիչը, ինչը հանգեցրեց Ալեքսանդր թագավորի բռնապետությանը 1929 թվականի հունվարին[41]։ ԽԳԿ-ն, որն արդեն գլխավորում էր Վլադկո Մաչեկը, շարունակեց պաշտպանել Հարավսլավիայի դաշնայնացումը, որի արդյունքում 1939 թվականի օգոստոսին կնքվեց Ցվետկովիչ-Մաչեկի համաձայնագիրը և ստեղծվեց Խորվաթիայի ինքնավար բանովինան։ Հարավսլավիայի կառավարությունը պահպանեց պաշտպանության, ներքին անվտանգության, արտաքին գործերի, առևտրի և տրանսպորտի վերահսկողությունը, մինչդեռ մնացած հարցերը թողնվեցին խորվաթական Սաբորին և թագավորի կողմից նշանակված բանին[42]։ Այս պայմանավորվածությունը շուտով վերացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, երբ ստեղծվեց Խորվաթիայի անկախ պետությունը, որն արգելում էր բոլոր քաղաքական ընդդիմությանը[43]։ Այդ ժամանակից ի վեր ԽԳԿ-ը շարունակում է գործել արտերկրում[44]։
Իշխանության գալուց հետո կոմունիստները ներդրեցին միակուսակցական քաղաքական համակարգ, որտեղ Հարավսլավիայի կոմունիստական կուսակցությունը իշխող կուսակցությունն էր, իսկ Խորվաթիայի կոմունիստական կուսակցությունը նրա մասնաճյուղն էր[45]։ 1971 թվականին Խորվաթիայի ազգային շարժումը, որը ձգտում էր ավելի մեծ քաղաքացիական իրավունքների և հարավսլավական տնտեսության ապակենտրոնացմանը, գագաթնակետին հասավ Խորվաթական գարունով, որը ճնշվեց Հարավսլավիայի ղեկավարության կողմից։ 1990 թվականի հունվարին Կոմունիստական կուսակցությունը մասնատվեց ազգային գծերով. Խորվաթական խմբակցությունը պահանջում էր ավելի թուլացած ֆեդերացիա[46]։
Ժամանակակից Խորվաթիա
1989 թվականին Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը որոշեց հանդուրժել քաղաքական կուսակցություններին՝ ի պատասխան Կոմունիստական կուսակցությունից դուրս քաղաքական գործունեությունը թույլատրելու աճող պահանջների։ Առաջին քաղաքական կուսակցությունը, որը հիմնադրվել է Խորվաթիայում կոմունիստական իշխանության սկզբից ի վեր, Խորվաթիայի սոցիալ-ազատական կուսակցությունն (ԽՍԱԿ) էր, որը ստեղծվել է 1989 թվականի մայիսի 20-ին, որին հաջորդում է Խորվաթիայի դեմոկրատական միությունը 1989 թվականի հունիսի 17-ին։ 1989 թվականի դեկտեմբերին Իվիցա Ռաչանը դարձավ բարեփոխված կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Միևնույն ժամանակ, կուսակցությունը չեղյալ հայտարարեց քաղաքական դատավարությունները, ազատ արձակեց քաղբանտարկյալներին և հաստատեց բազմակուսակցական քաղաքական համակարգը։ Քաղաքացիական կազմակերպությունների մասին օրենքը պաշտոնապես փոփոխվել է՝ 1990 թվականի հունվարի 11-ին քաղաքական կուսակցություններին թույլատրելու համար՝ օրինականացնելով արդեն իսկ հիմնադրված կուսակցությունները[47]։
1990 թվականի ապրիլի 22-ին կայացած առաջին բազմակուսակցական ընտրությունների առաջին փուլի պահին գրանցված էր 33 կուսակցություն։ Առավել մեծ կուսակցություններն ու կոալիցիաներն էին Խորվաթիայի կոմունիստների լիգան-Ժողովրդավարական փոփոխությունների կուսակցությունը (վերանվանված Կոմունիստական կուսակցությունը), Խորվաթիայի դեմոկրատական միությունը (ԽԴՄ) և Ժողովրդական համաձայնության կոալիցիան (ԺՀԿ), որը ներառում էր ԽՍԱԿ-ը՝ Դրաժենի Բուդիշայի գլխավորությամբ[44][47]։ Երկրորդ փուլի ընտրությունները տեղի են ունեցել 1990 թվականի մայիսի 6-ին։ ԽԴՄ-ը՝ Ֆրանյո Տուջմանի գլխավորությամբ, հաղթեց բարեփոխված կոմունիստներին և ԺՀԿ-ին։ ԽԴՄ-ն պահպանեց խորհրդարանական մեծամասնությունը մինչև 2000 թվականի խորհրդարանական ընտրությունները, երբ այն պարտվեց Ռաչանի գլխավորած Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԽՍԴԿ)։ Ֆրանիո Գրեգուրիչը՝ ԽԴՄ-ից, նշանակվեց վարչապետ՝ գլխավորելու ազգային միասնության կառավարությունը 1991 թվականի հուլիսին, երբ Խորվաթիայի անկախության պատերազմի ինտենսիվությունը սրվեց[48]։ ԽԴՄ-ն վերադարձավ իշխանության 2003 թվականի խորհրդարանական ընտրություններում, մինչդեռ ԽՍԴԿ-ն մնաց ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը[49]։
Ֆրանյո Տուջմանը հաղթել է նախագահական ընտրություններում 1992 և 1997 թվականներին։ Նրա օրոք 1990 թվականին ընդունված Խորվաթիայի Սահմանադրությունը նախատեսում էր կիսանախագահական համակարգ։ 1999 թվականին Տուջմանի մահից հետո սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց, և նախագահի լիազորությունների մեծ մասը փոխանցվեց խորհրդարանին և կառավարությանը։ Ստյեպան Մեսիչը երկու անգամ անընդմեջ հաղթել է 2000 և 2005 թվականներին Խորվաթիայի ժողովրդական կուսակցության (ԽԺԿ) ցուցակով։ ՍԴԿ-ի թեկնածու Իվո Յոսիպովիչը հաղթել է նախագահական ընտրություններում 2009 թվականի դեկտեմբերին և 2010 թվականի հունվարին[49]։ Կոլինդա Գրաբար Կիտարովիչը հաղթեց Յոսիպովիչին 2015 թվականի հունվարի ընտրությունների երկրորդ փուլում՝ դառնալով Խորվաթիայի առաջին կին նախագահը[50]։
2020 թվականի հունվարին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ՍԴԿ) նախկին վարչապետ Զորան Միլանովիչը հաղթեց նախագահական ընտրություններում։ Նա ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է իշխող Խորվաթիայի դեմոկրատական միությունից (ԽԴՄ) գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին[51]։ 2020 թվականի հուլիսին իշխող աջակողմյան ԽԴՄ-ն հաղթեց խորհրդարանական ընտրություններում։ 2016 թվականից ի վեր վարչապետ Անդրեյ Պլենկովիչի կոալիցիան շարունակում է կառավարել[52]։
Ծանոթագրություններ
↑«Chronology». Constitute. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
↑ 13,013,1«Ustav Republike Hrvatske» [Constitution of the Republic of Croatia]. Narodne Novine (խորվաթերեն). 2010 թ․ հուլիսի 9. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
↑«O USKOK-u» [About USKOK] (խորվաթերեն). USKOK. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
↑Oleg Mandić (1952). «O nekim pitanjima društvenog uređenja Hrvatske u srednjem vijeku» [On some issues of social system of Croatia in the Middle Ages] (PDF). Historijski Zbornik (խորվաթերեն). Školska knjiga. 5 (1–2): 131–138. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
↑«Parlamentarni izbori u Brodskom kotaru 1923. godine» [Parliamentary Elections in the Brod District in 1932]. Scrinia Slavonica (խորվաթերեն). Croatian Institute of History – Slavonia, Syrmium and Baranya history branch. 3 (1): 452–470. 2003 թ․ նոյեմբեր. ISSN1332-4853. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
↑ 47,047,1Šime Dunatov (2010 թ․ դեկտեմբեր). «Začetci višestranačja u Hrvatskoj 1989. godine» [The Origins of the Multi-Party System in Croatia in 1989]. Radovi Zavoda Za Povijesne Znanosti HAZU U Zadru (խորվաթերեն). Croatian Academy of Sciences and Arts (52): 381–397. ISSN1330-0474. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
↑«Prethodne vlade RH» [Previous governments of the Republic of Croatia] (խորվաթերեն). Government of Croatia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10-ին.
↑ 49,049,1«Arhiva izbora» [Elections Archive] (խորվաթերեն). State Election Commission. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.