Սիսակ (խորվ.՝ Sisak, գերմ.՝ Sissek, հունգ.՝ Sziszek), քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում։ Գտնվում է մայրաքաղաք Զագրեբից 57 կմ հարավ-արևելք` Օդրա, Կուպա և Սավա գետերի միախառնման տեղում։
Բնակչությունը 33.322 մարդ է (2011)[3]։ Սիսակը Սիսակ-Մոսլավինա շրջանի վարչական կենտրոնն է։
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքը գտնվում է Զագրեբ - Սիսակ - Պետրինյա ավտոմայրուղու և Զագրեբ - Սիսակ - Խրվաթսկա-Կոստայնիցա երկաթգծի հարևանությամբ։ Կանոնավոր ավտոբուսային և երկաթուղային կապով կապված է Խորվաթիայի խոշորագույն քաղաքներին։
Սիսակը Խորվաթիայի գետային խոշորագույն նավահանգիստն է։ Քաղաքից սկսած` Սավա գետը նավարկելի է, և նավերը նրանով հասնում են մինչև Դանուբ։
Քաղաքում գործում են մետալուրգիական, թեթև, սննդի, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։
Սիսակը քաղաք-առողջարան է` բազմաթից հանքային աղբյուրներով, որոնցում ջրի ջերմաստիճանը 42-54 °C է։ քաղաքիից ոչ հեռու գտնվում է Լոնսկո պոլե (Lonjsko polje) բնության պարկը։
Պատմություն
Քաղաքն ունի մոտ 2.500 տարվա պատմություն։ Մինչև Հռոմեական կայսրության ներխուժումը քաղաքը կելտական էր և կոչվում էր Սեգեստիկա։ Հռոմեական կայսրության օրոք երեք գետերի միախառնման տեղում գտնվող քաղաքը արագ զարգացավ` ձեռք բերելով Պանոնիա նահանգի մայրաքաղաքի կարգավիճակ։ Արդեն Սիսցիա անունը կրող քաղաքի եպիսկոպոս Կվիրինումը, որ 309 թվականին նահատակվեց հռոմեացիների ձեռքով, դարձավ քաղաքի հովանավոր սուրբը։
Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքը բազմիցս նվաճվել է հոների, ավարների, սլավոնների կողմից։ 9-րդ դարում սլավոնները, հաստատվելով Սավա գետի ափին, միաձուլեցին ոչ սլավոններին։ Այդ ժամանակից քաղաքը պատկանել է տեղացի իշխաններին, ապա հունգարա-խորվաթական իշխանությանը։
16-րդ դարում քաղաքի վրա հարձակվում են թուրքերը։ Նրանցից պաշտպանվելու համար կառուցվում են հզոր ամրություններ։ Սիսակը պատմության մեջ է մտել, երբ Սրբազան Հռոմեական կայսրության զորքերը Սիսակի ճակատամարտում ջարդում են թուրքական զորքերին, որը Բալկաններում թուքերին հետ մղելու առաջին լուրջ հաջողությունն էր։ Սավայի շրջանը անցնում է Հաբսբուրգների իշխանությանը։
Հարավսլավիայի տրոհումից հետո 1991 թվականին քաղաքը մտավ Խորվաթիայի կազմի մեջ։ Այս պատերազմի ընթացքում Սիսակը տուժել է սերբերի կրակոցներից։ Մարտական գործողությունների դադարից հետո քանդված ու վնասված շենքերը վերականգնվել են։ 1991-1992 թվականներին քաղաքում տեղի են ունեցել զանգվածային սպանություններ, որի արդյունքում սպանվել են բազմաթիվ սերբեր, ինչպես նաև մի քանի խորվաթներ և բոսնիացի մուսուլմաններ։
Տեսարժան վայրեր
16-րդ դարի եռանկյունաձև ամրոց Կուպա և Սավա գետերի միջև