Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։
Վերադառնում եմ սևին (անգլ.՝ Back to Black), ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնի սպասվող կենսագրական ֆիլմը, որը պատմում է բրիտանացի երգչուհի-երգահան Էմի Ուայնհաուսի կյանքի մասին։ Սցենարի հեղինակը Մեթ Գրինհալն է։ Էմիի դերում հանդես է գալիս Մարիսա Աբելան։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջեք Օ'Քոննելը, Էդդի Մարսանը, Ջուլիետ Քոուենը և Լեսլի Մենվիլը։
2011 թվականից՝ երգչուհու մահից ի վեր տարբեր ռեժիսորներ ցանկություն են հայտնել Ուայնհաուսի մասին կենսագրական ֆիլմ ստեղծել, սակայն ոչ մի արդյունք չի եղել։ 2018 թվականին Ուայնհաուսի ժառանգները հայտնել են, որ պայմանագիր են կնքել՝ երգչուհու կյանքի և կարիերայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանելու համար։ 2022 թվականի հուլիսին՝ բրիտանական StudioCanal ընկերությունը սկսել է ֆիլմի արտադրությունը, իսկ նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնում՝ 2023 թվականի հունվարից մինչև ապրիլ։
Պրեմիերան սպասվում է 2024 թվականի ապրիլի 12-ին։
Սյուժե
Ֆիլմը պատմում է Ուայնհաուսի կյանքի և կարիերայի մասին, սկսած 2000-ականներին Հյուսիսային Լոնդոնում որպես ջազ երգչուհուց մինչև նրա փառքը որպես «Rehab» և «Back to Black» հիթային երգերի համար Գրեմմի մրցանակի արժանացած երաժիշտ[5]։
2011 թվականին՝ Ուայնհաուսի մահից հետո, ռեժիսորները ցանկություն էին հայտնում խաղարկային կենսագրական նախագծեր ստեղծել, սակայն ոչ մի արդյունք չի եղել։ Միայն 2015 թվականին Lotus Entertainment-ը՝ Նումի Ռապասի մասնակցությամբ պետք է մի նախագիծ սկսեր[5]։ 2018 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ուայնհաուսի ժառանգները պայմանագիր են կնքել՝ երգչուհու կյանքի և կարիերայի կենսագրական ֆիլմի ստեղծման համար[6]։ 2022 թվականի հուլիսին Deadline Hollywood-ը հայտնել է, որ բրիտանական StudioCanal ընկերությունը աշխատում է Ուայնհաուսի կյանքի և կարիերայի մասին՝ «Վերադառնում եմ սևին» խաղարկային ֆիլմի վրա։ Մեթ Գրինհալի սցենարի հիման վրա ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը նկարահանել է ֆիլմը[5]։ Ֆիլմը ներառում է Ուայնհաուսի սկավառակագրության բազմաթիվ երգեր, որոնք պատկանում են Universal Music Group և Sony Music Publishing ընկերություններին։ Ֆիլմը հանդիսանում է ամերիկյան և բրիտանական համարտադրության ֆիլմ՝ StudioCanal, Focus Features և Monumental Pictures ընկերությունների կողմից[7]։
Քասթինգ
2023 թվականի հունվարին հաղորդվել է, որ Մարիսա Աբելան կատարելու է Ուայնհաուսի դերը[8]։ Ավելի ուշ նույն ամսին Ջեք Օ'Քոննելը, Էդդի Մարսանը և Լեսլի Մենվիլը միանում են դերասանական կազմին[9]։ Օ'Քոննելը կատարել է Բլեյք Ֆիլդեր-Սիվիլի՝ 2007-2009 թվականներին Էմիի ամուսնու դերը[9]։ Մարսանը և Մենվիլը կատարել են Էմիի հոր և տատիկի՝ Միչ Ուայնհաուսի և Սինթի Ուայնհաուսի դերերը[9]։ Ջուլիետ Քոուենը կատարել է Էմիի մոր՝ Ջենիս Ուայնհաուս-Քոլինսի դերը[10]։
Նկարահանումներ
Նկարահանման շրջանը տեղի է ունեցել Լոնդոնում՝ 2023 թվականի հունվարից մինչև ապրիլ։ Բեմադրող օպերատորը Պոլլի Մորգանն է[7][11]։ Տեսարանների մի մասը նկարահանվել է Ռոննի Սքոթի ջազ ակումբում՝ Քամդեն Թաուն փողոցում և Փրայմռոուզ Հիլլում գտնվող Էմիի առաջին բնակարանում[12]։ Փետրվարին որոշ տեսարաններ նկարահանվել են Metropolis Studios ստուդիայում[13]։ Մարտի 13-ից 18-ը նկարահանումներ են տեղի ունենում Ֆիցրովիա թաղամասում[14]։ Հաջորդ շաբաթ Աբելան և Օ'Քոննելը նկարահանումներ են ունենում Լոնդոնի կենդանաբանական այգում[15]։
Թողարկում
«Վերադառնում եմ սևին» ֆիլմի ամերիկյան առաջխաղացմամբ զբաղվելու է Focus Features ընկերությունը, իսկ Universal Pictures ընկերությունը զբաղվելու է առաջխաղացմամբ ողջ աշխարհում, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Բենիլյուքսի, Սկանդինավիայի և Լեհաստանի[7]։ Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2024 թվականի ապրիլի 12-ին Մեծ Բրիտանիայում և Լեհաստանում՝ StudioCanal ընկերության կողմից։ Գերմանիայում, Ավստրալիայում և Նիդերլանդներում թողարկվելու է ապրիլի 18-ին, իսկ Ֆրանսիայում և Նոր Զելանդիայում՝ հաջորդ շաբաթ։ Մեծ Բրիտանիայում թողարկելուց հետո ԱՄՆ-ում Focus Features-ը թողարկելու է ֆիլմը, սակայն թողարկման ամսաթիվը դեռ հաստատված չէ[16]։