Վիրջինիա Մարի «Ջիննի» Ռոմետի (անգլ.՝ Virginia Marie "Ginni" Rometty, ի ծնե՝ անգլ.՝ Virginia Marie Nicosia, հուլիսի 29, 1957(1957-07-29), Չիկագո)[1][2], ամերիկացի բարձր դասի ղեկավար, բիզնես-լեդի։ IBM ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, ընկերության առաջին կին-ղեկավար[3][4]։ Մինչև 2012 թվականի հունվարին նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնն զբաղեցնելը եղել է IBM ընկերության ավագ փոխնախագահ և վաճառքի, մարքեթինգի ու ռազմավարության գծով գործադիր տնօրեն։ IBM ընկերությունում աշխատանքն սկսել է 1981 թվականին՝ որպես Դետրոյթի գրասենյակի համակարգային ինժեներ։
10 տարի շարունակ ներառված է եղել Fortune պարբերականի «Բիզնեսի 50 ամենաազդեցիկ կանանց» ցանկում՝ 2012[5], 2013 և 2014 թվականներին[6] զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Արժանացել է մի շարք հրատարակությունների ճանաչմանը՝ ընդգրկվելով նմանատիպ ցուցակներում[7][8][9], ինչպես նաև քննադատական գնահատական է ստացել իր աշխատանքի համար[10][11][12]։
2017 թվականին «Forbes» ամսագրի վարկանշավորման մեջ Ջիննի Ռոմենտին առաջին անգամ աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 10-րդ տեղը[13]։
Վաղ կյանք և կրթություն
1979 թվականին գերազանցությամբ ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանի Ռոբերտ Մաքքորմիկի անվան ինժեներական և կիրառական գիտությունների դպրոցը՝ ստանալով համակարգչային գիտությունների և էլեկտրատեխնիկայի բակալավարի աստիճան[14]։ Եղել է Kappa Kappa Gamma քույրության անդամ, հետագայում դարձել է դրա նախագահ[15]։
Կարիերա
1979 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, Ռեմետին սկսել է աշխատել «Ջեներալ Մոթորս» ընկերությունում։ 1981 թվականին միացել է IBM ընկերությանը որպես նրա Դետրոյթի գրասենյակի համակարգային ինժեներ[16]։ 1991 թվականին սկսել է աշխատել IBM Consulting Group-ում։ 2002 թվականին նա «պաշտպանել է 3,5 միլիարդ դոլարով PricewaterhouseCoopers Consulting խոշոր բիզնես-խորհրդատվական ընկերությունը գնելը»[17]։ 2009 թվականին Ռոմետին դարձել է ավագ փոխնախագահ և վաճառքի, մարքեթինգի ու ռազմավարության գծով գործադիր տնօրեն[16], նրան «վերագրվում է ամպային հաշվների և վերլուծական շուկա մուտք գործելու ճանապարհով IBM ընկերության աճի ռազմավարության իրականացման առաջատար դերը»։ Գլխավորելով թիմը, որը նախապատրաստել է Jeopardy! խաղին մասնակցած Watson համակարգիչը կոմերցիոն օգտագործման համար[18]։
2011 թվականի հոկտեմբերի 25-ին IBM ընկերությունը հայտարարել է, որ Ռոմետին կդառնա ընկերության հաջորդ նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը՝ փոխարինելով Սեմ Պալմիզանոյին, որը շարունակել է զբաղեցնել նախագահի պաշտոնը[16]։ Ռոմետին դարձել է առաջին կինը, որը նշանակվել է IBM ընկերության գլխավոր գործադիր տնօրեն[3]։ Պալմիզանոն նրա առաջընթացի մասին հայտարարել է, որ «Ջիննին այս տեղն ստացել է, որովհետև նա դա վաստակել է... Դա ոչ մի կապ չունի առաջադեմ սոցիալական քաղաքականության հետ (կանանց համար)»[17]։
2012 թվականի սեպտեմբերի 26-ին IBM ընկերությունը հայտարարել է, որ Ռոմետին լրացուցիչ ստանձնում է IBM ընկերության նախագահի պաշտոնը՝ հաշվի առնելով այն, որ Սեմ Պալմիզանոն որոշել է 2012 թվականի վերջին հրաժարական տալ։ 2012 թվականի սեպտեմբերի 1-ից Ռոմետին սկսել է կատարել IBM ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները[4]։
Նրա նպատակնրից մեկն այն է, որ ընկերության ջանքերը կենտրոնացնեն ամպային և ճանաչողական հաշվարկային համակարգերի վրա, ինչպիսին է Watson համակարգիչը[19]։
Պարգևներ և ձեռքբերումներ
Ռոմետին Միջազգային հարաբերությունների խորհրդի, նրա ալմա մատեր Հյուսիսարևմտյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի, Սլոուն-Քետերինգի անվան ուռուցքաբանության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի և տնօրենների խորհրդի[20], The Nature Conservancy ստորաբաժանման՝ Լատինական Ամերիկայի պահպանման խորհրդի[21] անդամ է։ 2006-2009 թվականներին եղել է AIG տնօրենների խորհրդի անդամ[22]։
2014 թվականին Ռոմետին նկարահանվել է PBS-ի «The Boomer List» վավերագրական ֆիլմում[23]։ Նույն թվականին դարձել է Augusta National Golf Club գոլֆ-ակումբի երրորդ կին-անդամը[24]։ Ռենսսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի (2014) և Հյուսիսարևմտյան համալսարանի (2015) պատվավոր դոկտոր է[25][26]։
Fortune ամսագրի 2015 թվականի սեպտեմբերի 15-ի թողարկման մեջ Ռոմետին ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը[19]։
Անձնական կյանք
Ռոմետին ամուսնացած է Bam Oil ընկերության հիմնական ներդրող Մարկ Էնթոնի Ռոմետիի հետ։ Ամուսինները երեխա չունեն[27]։
↑ 19,019,1Bellstrom, Kristen Fortune's Most Powerful Women List (und) // Fortune. — 2015.
↑«2010 Annual Report»(PDF). Memorial Sloan Kettering Cancer Center. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
↑«LACC Members». Latin America Conservation Council website. The Nature Conservancy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.