Մելբուռն[4] (անգլ.՝ Melbourne /ˈmɛlbə(r)n/, տեղական արտասանության ձևն է նաև ˈmælbən, -bn̩), Ավստրալիայի երկրորդ խոշոր քաղաքը, Վիկտորիա նահանգի մայրաքաղաքը, որը գտնվում է Պորտ Ֆիլիպ ծովածոցի շուրջը։ Քաղաքի բնակչությունը արվարձանների հետ միասին կազմում է 4 246 345 մարդ (2013 թվականի դրությամբ)[5]։ Մելբուռնն աշխարհի ամենահարավային քաղաք-միլիոնատերն է։
Քաղաքը համարվում է Ավստրալիայի հիմնական առևտրային, արդյունաբերական և մշակութային կենտրոններից մեկը։ Մելբուռնը շատ հաճախ անվանում են նաև երկրի «մարզական և մշակութային մայրաքաղաք», քանի որ այնտեղ են անցկացվում Ավստրալիայի բազմաթիվ մարզական և մշակութային իրադարձությունները[6]։ Քաղաքը հայտնի է իր վիկտորիանական և ժամանակակից ճարտարապետությունների համադրությամբ, բազմաթիվ զբոսայգիներով և այգիներով, բազմադեմ և բազմազգ բնակչությամբ։ 1956 թվականին Մելբուռնում են անցկացվել ամառային Օլիմպիական խաղերը, իսկ 2006 թվականին՝ Համագործակցության խաղերը։ 2015 թվականին The Economist ամսագիրը հինգերորդ անգամ անընդմեջ Մելբուռն քաղաքը ճանաչել է բնակվելու համար երկրագնդի ամենահարմարավետ քաղաքը[7]։
Պատմություն
Մելբուռնը հիմնադրվել է ազատ նորաբնակների կողմից 1835 թվականին, որպես գյուղատնտեսական բնակավայր[8]։ Վիկտորիայում ոսկե տենդի շնորհիվ քաղաքը արագորեն վերածվել է մետրոպոլիայի և 1865 թվականին դարձել է Ավստրալիայի ամենախոշոր և կարևոր քաղաքը[9]։ Սակայն XX դարի սկզբին այն իր տեղը զիջեց Սիդնեյին[10]։
1901 թվականից սկսած, երբ ձևավորվել է Ավստրալիայի Դաշնությունը, մինչև 1927 թվականը, երբ երկրի մայրաքաղաք է դարձել Կանբերրան, Մելբուռնում էին տեղակայված ավստրալիական կառավարական հաստատությունները[11]։
Աշխարհագրություն
Մելբուռնը գտնվում է Ավստրալիա մայրցամաքի հարավարևելյան ծայրամասում[12]։ Քաղաքի արևելյան հատվածը գտնվում է Յարրա գետի ափերին և նրա հովտի երկայնքով, որը ձգվում է Պորտ Ֆիլիպ ծոցի ափերից մինչև Դանդենոնգ և Յարրա լեռները։ Հյուսիսային ուղղությամբ քաղաքը ձգվում է հովտի երկայնքով, որը ձևավորել են Յարրա գետի վտակները։ Հարավային և հարավարևելյան ուղղությամբ Մելբուռնը ձգվել է Պորտ Ֆիլիպ ծոցի և Դանդենոնգ լեռների երկայնքով։ Այնուհետև քաղաքային շրջանները թեքվում են դեպի հարավ և հասնում մինչև Փաթերսոն Ռիվեր գետը և Մորնինգթոն թերակղզին։
Կլիմա
Համաձայն Կյոպենի կլիմայի դասակարգման, Մելբուռնը գտնվում է բարեխառն ծովային կլիմայական գոտում և հայտնի է եղանակի հաճախակի և անսպասելի փոփոխություններով[13] : Դա պայմանավորված է նրանով, որ Մելբուռնը հիմնականում գտնվում է հարթավայրում, որը մի կողմից շրջապատված է Դանդենոնգ լեռներով, իսկ մյուս կողմից ողողվում է Պորտ Ֆիլիպ ծոցի ջրերով[14]։
Մելբուռնի ձմեռային ջերմաստիճանը, որպես կանոն, ավելի ցածր է, քան Ավստրալիայի մնացյալ քաղաքներում։ Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1869 թվականի հուլիսի 21-ին, երբ այն կազմել է -2,8 °C[15]: Այնուամենայնիվ, Մելբուռնում ձյուն երբեմն է տեղում։ Նախալեռնային շրջաններում ձյուն ավելի հաճախ է տեղում։ Վերջին ձյունը Դանդենոնգ լեռների շրջանում գրանցվել է 2005 թվականի օգոստոսի 10-ին[16], 2006 թվականի նոյեմբերի 15-ին և 2006 թվականի դեկտեմբերի 25-ին[17]։ Ավելի հաճախ քաղաքում կարելի է տեսնել եղյամ և մառախուղ։
Ըստ My Choice Schools-ի վարկանշային ցուցակի՝ Ավստրալիայի քսան լավագույն միջնակարգ դպրոցներից հինգը գտնվում են Մելբուռնում։ քաղաքում օտարերկրյա ուսանողների արագ աճ արձանագրվում է[19][20]: Մելբուռնը ճանաչվել է աշխարհի չորրորդ լավագույն քաղաքը՝ արտասահմանում ուսանելու համար 2024 թ. QS[21] վարկանշային ցուցակի համաձայն, և ճանաչվել է չորրորդ լավագույն համալսարանական քաղաքը 2008 թ. Լոնդոնի, Բոստոնի և Տոկիոյի հետո Մելբուռնի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պատվերով անցկացված փորձաքննությամբ։ Մելբուռնում գործում են ութ պետական համալսարաններ[22][23][24]: Մելբուռնի համալսարանը, Մոնաշի համալսարանը, Սվինբուրնի տեխնոլոգիական համալսարանը, Դիկին համալսարանը, Մելբուռնի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը (RMIT համալսարան), Լա Տրոբի համալսարանը, Ավստրալիայի կաթոլիկ համալսարանը (ACU) և Վիկտորիայի համալսարանը (VU):
Մելբուռնի համալսարաններն ունեն կամպուսներ ողջ Ավստրալիայում, և որոշ համալսարաններ՝ նաև արտասահմանում: Սվինբուրնի և Մոնաշի համալսարանները ունեն կամպուսներ Մալայզիայում, RMIT-ը՝ Վիետնամում, իսկ Մոնաշը նաև ունի հետազոտական կենտրոններ Պրատոյում, Իտալիա, և համագործակցող հետազոտական ակադեմիա Հնդկաստանի Մումբայի Տեխնոլոգիական ինստիտուտի հետ։ Մելբուռնի համալսարանը, որը Ավստրալիայի երկրորդ ամենահին համալսարանն է, աշխարհի հիմնական երեք վարկանշային ցուցակների համաձայն ունի Ավստրալիայի ամենաբարձր վարկանիշը՝ QS (13-րդ տեղ), THES (34-րդ) և Համաշխարհային համալսարանների ակադեմիական վարկանիշ (32-րդ), որում նաև Մոնաշի համալսարանը մտնում է լավագույն 50-ում՝ QS (37-րդ) և THES (44-րդ)[25]։ Երկուսն էլ Ութ խմբի անդամներ են՝ ավստրալական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների կոալիցիա, որն առաջարկում է համապարփակ և առաջատար կրթություն[26][27][28]։
↑Steve Waldon and Julia Medew. (2005 թ․ օգոստոսի 10). «Snow misses CBD lunch appointment» (անգլերեն). The Age. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 11 августа 2008-ին.
↑«Snow falls in Melbourne» (անգլերեն). Sydney Morning Herald. 2005 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 11 августа 2008-ին.
↑Annalise Walliker and AAP. (2006 թ․ դեկտեմբերի 25). «Santa brings snow to Melbourne» (անգլերեն). Herald Sun. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 11 августа 2008-ին.