Մբաբանե Էսվատինիի մայրաքաղաքն է և Հոհո շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ ▼60 691 մարդ (մայիսի 11, 2017)[1]: Ավտոճանապարհով կապված է Մապուտու (Մոզամբիկի մայրաքաղաք) տանող երկաթուղային գծի հետ։ Քաղաքում գործում են սննդի, կարի, մետաղամշակման արդյունաբերության ձեռնարկություններ։ Գործում է գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություն։ Մբաբանեի մոտակայքում է գտնվում ասբեստի մշակման գործարանը։
Քաղաքը հիմադրվել է 1909 թվականին և ժառանգել է տեղանքի անվանումը, որը տեղացիների լեզվով թարգմանվում է «արագահոս գետի հովիտ»։ Քաղաքում է գտնվում Էսվատինիի ֆոնդային բորսան։ Քաղաքում կա հայկական եկեղեցի, և փոքրաթիվ հայկական համայնք։
Քաղաքն աճեց այն բանից հետո, երբ 1902 թվականին Բրեմերսդորպից (այժմ կոչվում է Մանզինի) այստեղ տեղափոխվեց վարչական կենտրոնը։ Մի վարկածի համաձայն՝ Մբաբանեն հիմադրվել է մի գյուղի մոտ, որի առաջնորդն է եղել Մբաբանե Կունենեն և կոչվել վերջինիս անունով, ով ապրել է այդ տարածքում մինչ բրիտանական նորաբնակների ժամանումը։
Մբաբանե քաղաքի տնտեսությունը կախված է զբոսաշրջությունից և շաքարավազի արտահանումից։ Այն նաև առևտրային հանգույց է շրջակա տարածքների համար։ Քաղաքի մոտակայքում գտնվում են անագի և երկաթի հանքեր։ Մբաբանեն նաև տեքստիլ սննդի և թեթև արդյունաբերության կենտրոն է։
Մբաբանե քաղաքը գտնվում է խոնավ արևադարձային կլիմայական գոտում։ Քաղաքն ունի մեղմ կլիմա և ձյունն այստեղ հազվադեպ երևույթ է։ Այստեղ ձյունը 1900 թվականից հետո տեղացել է ընդամենը 3 անգամ։ Հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է 11 °C, իսկ հունվարին՝ 22 °C[2]: Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1243 մետր բարձրության վրա։
Կղզիներ2