Ֆունշալ (պորտ.՝ Funchal), Մադեյրա կղզու (Պորտուգալիա) գլխավոր քաղաքը և ծովային նավահանգիստը։ Բնակչության թվաքանակը կազմում է շուրջ 112 հազար մարդ։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, որի մակերեսը կազմում է 76,25 կմ², իսկ բնակչությունը՝ ▲105 795 մարդ (2021)։ Այն հյուսիսում սահմանակից է Սանտանան մունիցիպալիտետին, հյուսիս-արևելքում՝ Մաշիկու մունիցիպալիտետին, արևելքում՝ Սանտա Կրուշ մունիցիպալիտետին, հարավում՝ Ատլանտյան օվկիանոսին, իսկ արևմուտքում՝ Կամարա դի Լոբուշ մունիցիպալիտետին։
Նախկինում քաղաքը եղել է համանուն վարչական շրջանի վարչական կենտրոնը։ Ֆունշալը այսօր ինքնավար տարածաշրջանի համար հանդիսանում է մշակութային, զբոսաշրջային եւ առևտրային կենտրոն։ Քաղաքի բնապատկերում գերիշխում են կարմիր կղմինդրե տանիքներով սպիտակ տները, կանաչ զբոսայգիները։
Քաղաքի հովանավորը համարվում է Հակոբոս Ալփյանը։ Քաղաքի տոնը նշվում է օգոստոսի 21-ին։
Հայտնի է, որ Ֆունշալը հիմնադրվել է 1424 թվականին՝ Մադեյրա կղզու գաղութացման ժամանակ։ Այն քաղաքի կարգավիճակ ստացել է 1508 թվականի օգոստոսի 21-ին՝ Պորտուգալիայի Մանուել I թագավորի դեկրետի հիման վրա։
Քաղաքի անունը ծագել է այստեղ մեծ քանակությամբ աճող վայրի ֆենխելի անունից, որին պորտուգալերեն ասում են «ֆունշու»։
Մունիցիպալիտետի մեջ մտնում են հետևյալ շրջանները.
Քաղաքի այցեքարտը հանդիսանում է «Լավրադոր» շուկան իր հսկայական արևադարձային մրգերի ընտրությամբ։
Քաղաքի ծովային նավահանգիստը միշտ լի է միջազգային լայներներով, առևտրային նավերով և զբոսանավերով։ Մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ մշակույթին և արվեստներին, գոյություն ունեն տարբեր թանգարաններ, կոթողներ, պատկերասրահներ։ Ամեն տարի Նոր տարվա դիմավորման ժամանակ քաղաքում տեղի են ունենում հրավառություններ։ 2007 թվականի հունվարի 1-ին հրավառության կրակի երկարությունը կազմել է 6 կմ, իսկ լայնությունը՝ 2,7 կմ, որը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամանազանգվածային հրագործական տոն[1][2]։
Ֆունշալա քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվում է Մադեյրայի Բուսաբանական այգին[3], որը հետաքրքրում է այցելուներին իր շքեղ բուսականությամբ։ Այգու տարածքում աճում են ավելի քան 2 հազար էկզոտիկ բույսերի տեսակներ։ 2005 թվականից այգում եղել է ճոպանուղի[4], որտեղից դեպի քաղաքի կենտրոն ժամանակը կազմում է 7 րոպե։
2013 թվականին քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղադրվել է ռուս նկարիչ Կառլ Բրյուլովի բրոնզե կիսանդրին[5]։
Քաղաքի և մունիցիպալիտետի օդային հաղորդակցությունը ապահովում է Մադեյրայի Միջազգային օդնավակայանը։