Հայաստանում հեռուստատեսությունը հայտնվել է 1955 թվականին։ Ներկայումս հեռուստատեսությունը հանդիսանում է երկրի ամենապահանջված ԶԼՄ տեսակը։ 2015 թվականից Հայաստանի հեռուստատեսությունը անցավ թվային հեռարձակման։
Թվային հեռուստատեսություն
2016 թվականի հունվարի 1-ից հայկական հեռուստատեսությունը լիովին անցում կատարեց անալոգայինից դեպի թվային հեռարձակման[1]։ Հայաստանի անցումը թվային հեռարձակմանը պայմանավորված է Եվրամիության առջև ստանձնած պարտավորվածություններից։ Հայաստանում թվային ցանցը նախատեսվում է ստեղծել ներկայումս գործող անալոգային հեռուստացանցի հիմքում։ Անալոգային հեռարձակումը կշարունակվի այնքան, մինչ թվային հեռուստատեսությունը հասանելի կդառնա բնակչության ճնշող մեծամասնության համար, իսկ անալոգային հեռարձակման դադարեցումը տեղի կունենա, երբ բնակչության 95%-ը կունենա թվային ընդունիչ։ Զուգահեռ հեռարձակումը չպետք է գերազանցի վեցամսյա ժամկետը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2016 թ. հունվարին[2]։ Համաձայն Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստառադիոհեռարձակման անցման մասին օրենքին, Հայաստանում ստեղծվելու է պետական թվային հեռարձակող ցանց, մասնավորապես Երևանում գործելու են 18 հեռուստաալիքներ և 12 ռադիոկայաններ, իսկ հանրապետության մարզերում համապատասխանաբար՝ 9 հեռուստաալիքներ և 4 ռադիոկայաններ։ Թվային հեռուստատեսության ծառայություններ տրամադրելու առաջարկություն է հայտնել «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը[3]։