Կլաուդիո Ռանիերին իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռոմա» (նա համարվում էր նաև այդ ակումբի սան) ֆուտբոլային ակումբի կազմում։ Նա ակումբի կազմում երկու մրցաշրջանի ընթացքում խաղում է ընդամենը 6 խաղ[4]։ Հետագայում նա հանդես է գալիս «Կատանձորո», «Կատանիա» և «Պալերմո» ֆուտբոլային ակումբների կազմում, սակայն այդ ակումբների հետ նա որևէ լուրջ հաջողության չի հասնում[5]։
Մարզչական
Ռանիերիի կարիերայում առաջին մարզչական ակումբներն են դառնում «Վիգոր Լամեցիա» և «Պուտեոլանա» ֆուտբոլային ակումբները, սակայն այդ ակումբներում նա չի հասնում հաջողության և որպես մարզիչ հայտնի է դառնում «Կալյարի» ֆուտբոլային ակումբում կատարած աշխատանքով։ Ռանիերին ակումբին Սերիա C1-ից բարձրացնում է Սերիա A և օգնում ակումբին պրիմերայում հաստատվելու հարցում[6]։
1991 թվականին Ռանիերին գլխավորում է «Նապոլին», որի հետ տարած աշխատանքի շնորհիվ ակումբը հենց առաջին մրցաշրջանում ձեռք է բերում իրավունք եվրոգավաթային առաջնություններին մասնակցելու համար, սակայն հաջորդ մրցաշրջանում ակումբի արդյունքները համեմատած նախորդ մրցաշրջանի վատանում է և մարզիչը լքում է ակումբը՝ այդպես էլ ինչ-որ բան չնվաճելով։ 1993 թվականին Ռանիերին դառնում է «Ֆիորենտինայի» մարզիչը։ Ակումբը հանդես էր գալիս Սերիա B-ում[7]։ Ռանիերիի հենց առաջին մրցաշրջանում «մանուշակները» վերադառնում են բարձրագույն դիվիզիոն, իսկ 1996 թվականին հաղթում են Իտալիայի գավաթի և սուպերգավաթի մրցություններում։ Այս հաղթանակներից առաջ «Ֆիորենտինան» սկսած 1975 թվականից չէր հաղթել ոչ մի տիտղոս[8][9]։
1997 թվականից 1999 թվականը Ռանիերին աշխատում է իսպանական «Վալենսիայի» հետ։ Այդ ընթացքում ակումբը իրավունք է ձեռք բերում մասնակցելու Չեմպիոնների Լիգային և հաղթում է Իսպանիայի գավաթի մրցությունում[10]։ Հաջող աշխատանքից հետո իտալացին գլխավորում է մեկ ուրիշ իսպանական ակումբ՝ «Ատլետիկո Մադրիդը», սակայն հատուկ աշխատանքով աչքի չընկնելով և չարժանանալով հարգանքի՝ Ռանիերին հեռացվում է գլխավոր մարզչի պաշտոնից[11][12]։
2000 թվականին Ռանիերին գլխավորում է Լոնդոնի«Չելսին», որտեղ աշխատում է չորս մրցաշրջան։ Ռանիերիի գլխավորության շրջանում «ազնվականները» 2000 թվականից մինչև 2004 թվականը «դոփում են» վեցից երկրորդ հորիզոնականներում։ Սրանից բացի Ռանիերիի շրջանում ակումբը դուրս է գալիս Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է ֆրանսիական«Մոնակոյին» և հասնում է մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, սակայն այնտեղ նույնպես ակումբը պարտվում է և այս անգամ արդեն անգլիական «Արսենալին»[13]։ Ռանիերիի գլխավորության ժամանակ «Չելսին» հանսում է ոչ վատ արդյունքների, սակայն Ռանիերին չի կարողանում հաղթել որևէ տիտղոս ինչի պատճառով էլ նա հեռացվում է ակումբի արդեն նոր սեփականատիրոջ՝ «Ռոման» Աբրամովիչի կողմից[14][15]։
2004 թվականի ամռանը Ռանիերին կարիերայում արդեն երկրորդ անգամ գլխավորում է «Վալենսիան», որի հետ հաղթում է ՈւԵՖԱ Սուպերգավաթի մրցությունում։ Եզրափակչում ակումբը 2:1 հաշվով հաղթում է պորտուգալական«Պորտուին»[16]։ Ռանիերիի գլխավորության շրջանում «չղջիկների» արդյունքները հեռու էին իդեալական լինելուց, ինչի արդյունքում մարզիչը լքում է ակումբը` աշխատելով այնտեղ մինչև մրցաշրջանի ավարտը։ Ակումբից հեռանալուց հետո Ռանիերին դադար է վերցնում և շուրջ երկու տարի չի զբաղվում մարզչական աշխատանքով[17]։
2007 թվականի փետրվարին մարզիչը վերադառնում է իր աշխատանքին, գլխավորում է իտալական«Պարման» և ակումբի հետ զբաղեցնում է արժանի 12-րդ հորիզոնականը։ «Պարմայում» մեկ մրցաշրջան գլխավորելուց հետո Ռանիերին հրավեր է ստանում Սերիա A վերադարձած «Յուվենտուսից» և նրա գլխավորության ներքո՝ հենց առաջին մրցաշրջանում ակումբը Սերիա A-ում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և վերադառնում է Չեմպիոնների Լիգա[18]։ 2008/09 մրցաշրջանում «Յուվենտուսը» ելույթ է ունենում ոչ ստաբիլ կարգով և 2009 թվականի մայիսի 18-ին Ռանիերին հեռացվում է այդ պահին երրորդ հորիզոնականը զբաղեցնող թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[19]։ Նույն տարվա օգոստոսի 16-ին Ռանիերին խզում է իր պայմանագիրը ակումբի հետ՝ ստանալով աշխատավարձը պայմանագրի ավարտման ժամանակից շուտ[20]։ Արդյունքում՝ մրցաշրջանի վերջում «Յուվենտուսը» առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը[21][22]։
2009 թվականի սեպտեմբերի 2-ին Ռանիերին կնքելով երկու տարվա պայմանագիր[23] դառնում է իտալական «Ռոմայի» մարզիչը[24][25]։ 2009/10 մրցաշրջանի արդյունքներով «Ռոման» Սերիա Ա-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Ակումբը մինչև առաջնության վերջին տուրը պայքար էր մղում առաջնության հաղթող դարձող «Ինտերի» հետ։ Այդ մրցաշրջանում «Ռոման» այդ ակումբից պարտություն է կրում նաև Իտալիայի գավաթի մրցությունում։ 2010 թվականի հունիսին «Ռոման» առաջարկում է Ռանիերիին երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը մինչև 2013 թվականը։ Ըստ պայմանագրի` Ռանիերին պետք է ստանար տարեկան 2 մլն եվրո աշխատավարձ[26]։ 2011 թվականի փետրվարի 20-ին Ռանիերին խզում է պայմանագիրը ակումբի հետ և հատկապես այն խաղից հետո, երբ «Ռոման», երեք գնդակ ուղարկելով «Ջենոայի» դարպասը, խաղավերջում պարտվում է 3-4 հաշվով։ Այս խաղից առաջ Ռանիերին հայտարարել էր, որ հռոմեական ակումբից չի պատրաստվում հեռանալ[27]։ 2011 թվականի փետրվարի 21-ին Ռանիերին պաշտոնապես՝ երկկողմանի համաձայնությամբ խզում է իտալական ակումբի հետ պայմանագիրը[28][29]։
2011 թվականի սեպտեմբերի 22-ին Ռանիերին կնքելով երկամյա պայմանագիր «Ինտեր» ակումբի հետ դառնում է նրա մարզիչը[30][31]։ Որոշ ժամանակով «կապտասևերի» արդյունքները լավանում են, սակայն Ռանիերին չի հաջողվում հանել ակումբին ճգնաժամից։ 2012 թվականի մարտի 26-ին առտագնա հանդիպման ժամանակ «Յուվենտուսից» պարտություն (0:2) կրելուց հետո՝ «Ինտերը» պաշտոնապես հայտարարում է գլխավոր մարզչի պաշտոնից Ռանիերիի հեռացման մասին[32][33]։
2012 թվականի մայիսի 29-ին Ռանիերին նշանակվում է այդ ժամանակ Լիգա 2-ում հանդես եկող ֆրանսիական «Մոնակոյի» մարզիչ[34][35]։ Հենց առաջին մրցաշրջանում իտալացուն հաջողվում է «Մոնակոյին» դուրս հանել Լիգա 1, իսկ արդեն մյուս մրցաշրջանում ակումբը զիջելով առաջին հորիզոնականը «Պարի Սեն Ժերմենին» դառնում է առաջնության փոխ-չեմպիոնը։ Մրցաշրջանի ավարտին՝ 2014 թվականի մայիսի 20-ին Ռանիերին լքում է ակումբը[36][37]։
2014 թվականի հուլիսի 25-ին Կլաուդիո Ռանիերին առաջին անգամ չի նշանակվում, որպես ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ և դառնում է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչը[38]։ Սակայն արդեն 2014 թվականի նոյեմբերի 15-ին Ռանիերին հեռացվում է այդ պաշտոնից, քանի որ նրա օրոք հավաքականը Եվրո-2016 մրցության ընտրական փուլի չորս անհաջող խաղերում հավաքում է ընդամենը 1 միավոր. Ֆարերյան կղզիներ (0-1), Հյուսիսային Իռլանդիա (0-2), Ռումինիա (0-1), Ֆինլանդիա (1-1, միակ վաստակված միավորը)։ Ռանիերիի փոխարինողներին նույնպես չի հաջողվում բարելավվել իրավիճակը և հավաքականը չի անցնում առաջնության մյուս՝ ընտրական փուլ[39][40]։
2015 թվականի հուլիսի 13-ին Ռանիերին վերադառնալով Անգլիա գլխավորում է «Լեսթեր Սիթին»[41][42]։ Նրա գլխավորության օրոք ակումբը անսպասելիորեն բարձրանում է առաջատար հորիզոնականներ ավարտելով առաջին «կիսամյակը»՝ երկրորդ հորիզոնականում[43]։
2017 թվականի փետրվարի 24-ին հեռացվել է «Լեսթեր Սիթի» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից[44]։