Forbes ամսագրի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականին Աբրամովիչի կարողությունը գնահատվել է 12,9 միլիարդ ամերիկյան դոլար[11], 2021 թվականի տվյալներով՝ 14,5 միլիարդ դոլար։ Իսրայելում ամենահարուստ մարդկանց ցանկում նա գրավում է երկրորդ, Ռուսաստանում՝ տասնմեկերորդ[12][13][14], Մեծ Բրիտանիայում՝ իններորդ[15], աշխարհում՝ 124-րդ տեղը[16]։ Ռոման Աբրամովիչը 1999-2013 թվականներին բարեգործական նպատակներով նվիրաբերել, ծախսել է ավելի քան երկուսուկես միլիարդ դոլար՝ առավել, քան ներկայումս ապրող որևէ ռուսաստանցի։ Նվիրաբերված այդ գումարներով Չուկոտկայում կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ և ենթակառուցվածքային այլ օբյեկտներ։ Նա բարեգործական նպատակներով մեծ գումարներ է նվիրաբերում նաև Պորտուգալիայի հրեական համայնքին։
Աբրամովիչին քննադատողները նրան պիտակավորում են որպես օլիգարխի[17], շեշտում, որ իր հսկայական կարողությունը ստեղծել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի մերձավոր շրջապատի հետ սերտ կապեր հաստատելու շնորհիվ։