Սելը ծնվել է հունգարա-հրեական ընտանիքում։ Մեծացել է Վիեննայում, որպես դաշնակահար սովորել Ռիխարդ Ռոբերտի մոտ՝ Ռուդոլֆ Սյորկինի հետ միաժամանակ, ում հետ նա հետագայում երկարատև համագործակցել է[6]։ Նա Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանում Օյսեբիուս Մանդիչևսկու հետ սովորել է կոմպոզիցիայի և երաժշտության տեսություն։ Որոշ ժամանակ սովորել է նաև Մաքս Ռեգերի հետ Լայպցիգի կոնսերվատորիայում։ 10 տարեկանում հանդես է եկել որպես դաշնակահար, իսկ 14 տարեկանում կատարել իր ստեղծագործությունները։
Աշխատանքային գործունեություն
Սելը որպես դիրիժոր առաջին անգամ հանդես է եկել 1914 թվականին ԲեռլինիԲլյուտներ նվագախմբի հետ։ Մինչև 1916 թվականը նա Բեռլինի Թագավորական ներկայացումներ օպերային թատրոնի երկրորդ դիրիժորն է եղել, իսկ 1917-1918 թվականներին եղել է Ստրասբուրգի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր։ 1919-1924 թվականներին աշխատել է Պրահայում, Դարմշտադում և Դյուսելդորֆում, 1924-1929 թվականներին ղեկավարել է Գերմանիայի պետական օպերայի նվագախումբը և միաժամանակ եղել Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր։ 1929-1937 թվականներին եղել է Նոր գերմանական թատրոնի երաժշտական ղեկավար և ՊրահայիԳերմանական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ 1932 թվականից ղեկավարել է եվրոպական խոշոր սիմֆոնիկ նվագախմբեր՝ Վիեննայի, Բեռլինի, Լոնդոնի ֆիլհարմոնիան և այլն։ Սելը 1936-1939 թվականներին եղել է ԳլազգոյիՇոտլանդական ազգային նվագախմբի և միևնույն ժամանակ Հաագայի Ռեզիդենց նվագախումբի գլխավոր դիրիժոր[7]։ 1938-1939 թվականների թատերական խաղաշրջանի ժամանակ աշխատել է Ավստրալիայում և ղեկավարել տեղի ռադիոյի նվագախումբը[7][7]։
Ստեղծագործություն
Սելը ռոմանտիկ դիրիժոր է եղել. նրա երաժշտության տեմպը ճկուն էր՝ արտահայտիչ ռուբատոյով (իտալ.՝ rubato): Սելի երգացանկը հսկայական է, հիմնականում կատարել է մոնումենտալ կոմպոզիցիաներ՝ սիմֆոնիաներ. այդ թվում Ֆրանց Շուբերտիմեծ «Դո մաժորը» (ֆր.՝ C-dur), Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան («Հերոսական»), Սերգեյ Պրոկոֆևի 5-րդ սիմֆոնիան։
Սելը 1916 թվականին հեղինակել է նվագախմբի համար իր սեփական թեմայով վարիացիաներ, 1920 թվականին՝ Քնարական նախերգանքը, դաշնամուրային կվինտետ և ստեղծագործություններ դաշնամուրի համար։
Շրջագայություն
Սելը բազմաթիվ համերգային շրջագայություններ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում։ 1939 թվականից ապրել է ԱՄՆ-ում և1946 թվականին քաղաքացիություն է ստացել[6]։ Ղեկավարել է ամերիկյան առաջատար նվագախմբերը, իսկ 1942-1946 թվականներին աշխատել է Մետրոպոլիտեն օպերայում[8]։ Նա 1946 թվականին ստանձնել է Քլիվլենդի նվագախմբի ղեկավարությունը, որը Սելի գլխավորությամբ դարձել է աշխարհում լավագույններից մեկը։ 1957-1965 թվականներին այդ նվագախմբի հետ շրջագայել են եվրոպական երկրներում, ինչպես նաև 1965 թվականին եղել են ԽՍՀՄ-ում։ Ելույթներ է ունեցել բազմաթիվ երաժշտական փառատոներում, այդ թվում՝ Զալցբուրգում[7]։
Ճանաչում
2010 թվականի նոյեմբերին դասական երաժշտության մասին բրիտանական BBC ամսագրի (անգլ.՝ BBC Music Magazine) անցկացված հարցման հիման վրա, որը աշխարհի տարբեր երկրների 100 դիրիժորների վերաբերյալ էր և որում ընդգրկված էին այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Դեվիս Կոլինը՝ (Միացյալ թագավորություն), Վալերի Գերգիևը (Ռուսաստան), Գուստավո Դուդամելը (Վենեսուելա), Մարիս Յանսոնսւ (Լատվիա)։ Սելը բոլոր ժամանակների քսան ամենանշանավոր դիրիժորների ցուցակում 14-րդն է եղել[9]։ Սելը դասվել է «Գրամաֆոն» (անգլ.՝ Gramophone) ամսագրի Փառքի սրահում[10]։
Մահ
Սելը մահացել է 1970 թվականին։ Թաղված է Ջորջիայի Սենդի-Սպրինգս քաղաքում։