Լայպցիգի երաժշտության և թատրոնի համալսարան (գերմ.՝ Hochschule für Musik und Theater "Felix Mendelssohn Bartholdy" Leipzig), հանրային համալսարան Լայպցիգում (Սաքսոնիա, Գերմանիա)։ Հիմնադրվել է 1843 թվականին Ֆելիքս Մենդելսոնի կողմից որպես Երաժշտական կոնսերվատորիա։ Համարվում է Գերմանիայի ամենահին երաժշտության համալսարանական դպրոցը։
Հաստատության կազմում ներառված է Կարլ Շտրոբեի (1873–1950) կողմից 1919 թվականին հիմնադրված Եկեղեցական երաժշտության ինստիտուտը։ 1972 թվականին երաժշտական դպրոցն անվանափոխվել է հիմնադրի` Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդիի անունով, 1992 թվականին՝ Լայպցիգի «Հանս Օտտո» թատերական դպրոց։
Երաժշտության և թատրոնի համալսարանը «Գաղափարների երկիր» գերմանական արշավի շրջանակներում Գերմանիայի կառավարության և Գերմանիայի արդյունաբերության և առևտրի ներկայացուցչական գրասենյակի կողմից ընդգրկվել է 365 վայրերի ցանկում։
Պատմություն
1843 թվականի ապրիլի 2-ին կոմպոզիտոր և Լայպցիգի Գևանդհաուզ նվագախմբի ղեկավար Ֆելիքս Մենդելսոնը Լայպցիգ քաղաքում հիմնադրում է կոնսերվատորիա։ Նրան հովանավորում էր Սաքսոնիայի Թագավորության բարձրագույն քաղաքացիական ծառայող Հենրիխ Բլյումները (Oberhofgerichtsrat Heinrich Blümner , 1765–1839):
Ի սկզբանե երաժշտական դպրոցը գործել է Գևանդհաուզում (Gewandhaus): Նվագախմբի երաժիշտները պարտավոր էին հանդես գալ որպես դասախոսական կազմ, մի ավանդույթ, որն անխախտ մնաց մինչև 1990 թվականին Գերմանիայի վերամիավորումը։
1876 թվականին դպրոցը թույլտվություն ստացավ փոխելու իր անունը` Լայպցիգի երաժշտական թագավորական կոնսերվատորիա (Königliches Konservatorium der Musik zu Leipzig): Grassistraße 8 հասցեում գործող նոր հաստատությունը բացվեց 1887 թվականի դեկտեմբերի 5-ին։ Այն 1885-1887 թվականներին Լայպցիգի երաժշտական թաղամասում` քաղաքի կենտրոնից հարավ-արևմուտք, կառուցեց ճարտարապետ Ուգո Լիշտը (1841-1923)։ Կառուցումը հովանավորեց Յուստոս Ռադիուսը (1797-1884)։
1924 թվականից հետո, երբ Սաքսոնական Թագավորությունն անկում ապրեց, թագավորական կոնսերվատորիան անվանափոխվեց Landeskonservatorium der Musik zu Leipzig:
1938 թվականի ամառային կիսամյակի ընթացքում Landeskonservatorium-ում սովորում էին 343 արական սեռի ուսանողներ։ Այս տվյալներից ելնելով` կոնսերվատորիան համարվեց գերմանական ռայխի չորրորդ ամենամեծ երաժշտական դպրոցը` Բեռլինի Universität der Künste (633 ուսանող), Քյոլնի երաժշտական դպրոցից (406 ուսանող) և Մյունխենի երաժշտա-թատերական դպրոցից (404 ուսանող) հետո։
Ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Բեպոմուկ Դավիթը (1895-1977) դպրոցը ղեկավարել է 1939-1945 թվականներին։
1941 թվականի հունիսի 8-ին դպրոցը կրկին վերանվանվեց Երաժշտության, երաժշտական կրթության և կատարողական արվեստի քոլեջի (Staatliche Hochschule für Musik, Musikerziehung und darstellende Kunst): 1944 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով դպրոցը փակվեց։
1946 թվականի հոկտեմբերի 1-ին դպրոցը կրկին վերանվանվեց Մենդելսոնի ակադեմիայի և 1972 թվականի նոյեմբերի 4-ին ի պատիվ իր հիմնադրի` անվանվեց Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդիի անվան երաժշտական քոլեջ (Hochschule für Musik Felix Mendelssohn Bartholdy):
Սաքսոնական համալսարանի սահմանադրական օրենքը (Sächsische Hochschulstrukturgesetz) 1992 թվականի ապրիլի 10-ին հաստատեց Լայպցիգի երաժշտական քոլեջը և այն ընդլայնեց` նրան միավորելով Հանս Օտտո թատերական քոլեջը (Գերմանիայի առաջին թատերական քոլեջն է)` ձևավորելով Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդիի անվան երաժշտության և թատրոնի քոլեջ (Hochschule für Musik und Theater Felix Mendelssohn Bartholdy):
Նոր սրահը բացվեց 2001 թվականին՝ 2004 թվականին արժանանալով գերմանական Bund Deutscher Architekten[5] ճարտարապետական միության մրցանակին։ Քոլեջի երկրորդ շենքը բացվեց 2002 թվականին։
Նվագախումբ
Երաժշտական կառույցն ունի իր սիմֆոնիկ նվագախումբը, որը ղեկավարում է Ulrich Windfuhr (ծն.` 1960):