Եղցահող համայնքի կողքով է անցնում Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության ներքո մնացած տարածքին կապող Տեղ-Ստեփանակերտ ավտոճանապարհը։
Աշխարհագրություն
Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևմտակենտրոնական մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 4306,6 հա է, որից 1913,17 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Հագարի գետի վտակը[2]։
Եղցահող համայնքի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Եղցահող գյուղում են գտնվում 18-ից 19-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, 17-ից 19-րդ դարով թվագրվող գերեզմանոցը, 18-րդ դարով թվագրվող աղբյուր-հուշարձանը, 17-ից 19-րդ դարով թվագրվող սրբատեղին, 2003 թվականին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցն և այլն։ Կանաչ Թալա գյուղում են գտնվում մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակներով թվագրվող դամբարանները, 12-ից 13-րդ դարերով թվագրվող գյուղատեղին 19-րդ դարով թվագրվող գերեզմանոցը և այլն[2]։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, դպրոցներ, առևտռրային օբյեկտներ[2]։
Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, ունի գազամատակարարման համակարգ, հասանելի են բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։
2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։
Եղցահող գյուղի համայնապատկերը, 2018թ․
Հեռվում՝ բարձունքի վրա երևում է Կանաչ Թալա գյուղը, 2015թ․
Բնակչություն
Եղցահող համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 138 մարդ, որոնք կազմել են 39 տուն։ Նույն թվականի դրությամբ Եղցահող գյուղում բնակվել է 118 մարդ, որոնք կազմել են 33 տուն։ Տասը Վերստ գյուղում բնակվել է 4 մարդ, որոնք կազմել են 3 տնտեսություն։ Կանաչ Թալա գյուղում բնակվել է 16 մարդ, որոնք կազմել են 3 տուն[2]։
Կրթություն
Եղցահող համայնքում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 19 աշակերտ։ Համայնքում գործում է նաև Շուշիի մանկական երաժշտական դպրոց ՊՈԱԿ-ի Եղցահողի մասնաճյուղը[2]։